Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒԶԱՆԴՈՒՄ ՄՆԱՑԵԼ Է ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔ

Ապրիլ 27,2007 00:00

\"\"Այդ փողոցի վերջին ընտանիքին հանգիստ չեն տալիս

Իրացման գոտի հայտարարված Բուզանդի փողոցի բնակիչները թեեւ արդեն լքել են իրենց \"\"բնակարանները, սակայն մինչ օրս կառավարության շենքի առջեւ ցույցեր են անում ու դժգոհում, որ իրենց պապենական տան համար համապատասխան փոխհատուցում չեն ստացել: Ներկայումս Բուզանդում ընդամենը 1 ընտանիք է ապրում՝ Խաչաբաբյանները: Եվ որքան էլ տարածքի սեփականատերերը, ովքեր ուզում են Բուզանդում կառուցապատում իրականացնել, համոզում են այդ ընտանիքին, որ ազատեն բնակարանը՝ վերջիններս տեղի չեն տալիս: «Մեզ մեր տնից չեն կարող հանել, պետք լինի՝ մարդ կսպանենք, բայց մեր տունը չենք լքի»,- «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց Բուզանդի թիվ 45 տանը բնակվող Գայանե Խաչաբաբյանը: Բուզանդի փողոցի այդ տարածքի կառուցապատողը ռուսաստանաբնակ Հրաչ Սարգսյանն է: Խաչաբաբյանների պատմելով՝ նա իրենց տան յուրաքանչյուր քմ-ի դիմաց առաջարկում է վճարել մոտ 620 դոլար, մինչդեռ դրա շուկայական արժեքը ավելի քան 1500 դոլար է: «Երբ մենք դիմում ենք մի շարք ընկերությունների, որպեսզի գան, չափագրումներ կատարեն եւ տարածքը գնահատեն՝ բոլորը հրաժարվում են, ասում են՝ չենք կարող ու վերջ»,- բողոքեցին տանտերերը: Բանն այն է, որ կառուցապատողը տարածքում չափագրումներ իրականացնելու համար մրցույթ է հայտարարել ու մրցույթում հաղթել է «Տոսպ» ՍՊԸ-ն: Բացի նրանից, այլ չափագրողներ չեն կարող տարածքը գնահատել: «Առավոտին» այսպես մեկնաբանեցին Երեւանի քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակից (ԾԻԳ): Ըստ Խաչաբաբյանների, «Տոսպի» տնօրենը տարածքի սեփականատիրոջ՝ Հրաչ Սարգսյանի ընկերն է, ու պատահական չէ, որ հենց նա է հաղթել մրցույթը եւ այդքան էժան է տարածքը գնահատել՝ 87.6 քմ-ն՝ ընդամենը 65 հազար դոլար: «Այդքան գումարով մենք տուն չենք կարող առնել, հո վարձով չե՞նք ապրելու: Մենք ամբողջ կյանքներս կենտրոնում ենք ապրել, ո՞նց գնանք 3-րդ մասում կամ Նորքում ապրենք: Մեր տնից դուրս կգանք միայն այն դեպքում, եթե մեզ Կենտրոն համայնքում 2 հատ 3 սենյականոց բնակարան տան, որովհետեւ մենք 6 հոգով չենք կարող մի բնակարանում տեղավորվել»,- ասաց տանտիրուհին՝ Գ. Խաչաբաբյանը: Այս պահանջները նա ներկայացրել է նաեւ տարածքը կառուցապատողին, սակայն վերջինս չի համաձայնել: Ներկայումս Խաչաբաբյանների գործը դատարանում է:

«Առավոտի» հետ զրույցում Հրաչ Սարգսյանը վստահեցրեց, որ ինքն էլ տուն չունի ու Խաչաբաբյաններին չի պատրաստվում 2 տուն տալ. «Ես այդ ընտանիքին խոստացել եմ շատ ավելի մեծ գումար տալ, քան դատարանը կորոշի, բայց նրանք համաձայն չեն: Ես պատրաստ եմ որպես փոխհատուցում այդ տարածքում կառուցվող շենքից մեկ հատ 3 սենյականոց բնակարան տալ, առաջարկել եմ նաեւ Կոմիտասի փողոցում ավելի մեծ բնակարան տրամադրել, կամ էլ հենց իրենց տան հարեւանությամբ՝ Արամ-Կողբացի փողոցների խաչմերուկում տեղակայված նորակառույց շենքում 3 սենյականոց բնակարան տրամադրել, քանի որ այդ տարածքի սեփականատերն էլ եմ ես: Էլ ի՞նչ են ուզում ինձանից: Ճիշտ է, «Տոսպը» նրանց տունը գնահատել է $65 հազար, բայց ես առաջարկել եմ անգամ $80 հազար»:

Չնայած Բուզանդի 45 տան տերերը չեն ուզում դուրս գալ իրենց հայրական օջախից, բայց խոստովանում են, որ այդ փողոցում իրենց կյանքն իսկական քաոսի է վերածվել, կառուցապատողներն ամեն ինչ անում են, որ ստիպված ընտանիքն ընդունի առաջարկվող փոխհատուցումն ու տարածքից հեռանա: «Բանվորները մեր հարեւանությամբ գտնվող 47 տունը քանդում են ու մեզ օր ու արեւ չեն տալիս: Քանդած պատերը լցնում են մեր բակ, ամբողջ օրը ստիպված ենք լինում քար հավաքել: Մենք գիշերները վախենում ենք քնել, որովհետեւ ամեն վայրկյան հարեւանի տան կիսաքանդ պատերը կարող են մեր կտուրի վրա փլվել: Շինարարական տեխնիկայի ձայնից չենք կարողանում մի րոպե մեր տանը հանգստանալ: Այդքանը դեռ քիչ է, երեկոյան ժամը 6-ից հետո էլ բանվորները շինհրապարակի երկաթե դուռը կողպում են, եւ մենք չենք կարողանում մեր տարածքից դուրս գալ։ Անընդհատ նախազգուշացնում են, թե «սվարկա» ենք անում, հեռուստացույցը, սառնարանն ու մնացած տեխնիկան անջատեք, որ չվառվի, մի խոսքով՝ ամեն ինչից կտրված ենք»,- ասաց տիկին Գայանեն։

Այս առնչությամբ տարածքի սեփականատեր Հրաչ Սարգսյանը պարզաբանեց, որ իրենց բանվորներն աշխատում են առավոտյան ժամը 10-ից մինչեւ 18-ը ու գիշերը բնակիչներին չեն անհանգստացնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել