Լրահոս
Օրվա լրահոսը

Թաղապետարանը քոլեջին վտարում է

Մայիս 16,2007 00:00

Հենց միայն այն բանի համար, որ տնօրենը մեր թերթին բողոք է ներկայացրել

Չեխովի 20 հասցեում տեղակայված թիվ 160 մսուր-մանկապարտեզի շենքի մի մասը Շենգավիթի թաղապետարանը 20 տարի ժամկետով՝ վարձակալությամբ հանձնել է «Առաջին քայլեր» նախադպրոցական քոլեջին: Սակայն անցել է ընդամենը 10 տարի եւ արդեն քոլեջը թաղապետարանի հետ խնդիրներ ունի:

Ըստ քոլեջի տնօրեն Նաիրա Հարությունյանի՝ մոտ մեկ ամիս առաջ ինչ-որ գործարարներ ներխուժել են քոլեջի վարձակալած տարածք եւ շինարարություն սկսել. «Ամենայն հավանականությամբ՝ ուզում են խանութ բացել: Մի քանի անգամ ցանկացել եմ ճշտել, թե ով է շինարարության հեղինակը եւ, արդյոք, օրինական փաստաթղթեր ունի՞ մեր տարածքում կառուցապատում անելու համար, բայց չի հաջողվել, ոչ մի տեղից չեն պատասխանում: Կարծում եմ՝ դա ապօրինի շինություն է: Նրանց կողմից այդ 2 մետրի վարձն էլ եմ ես մուծում, գումարներ եմ ծախսում նաեւ տարածքի բարեկարգման համար: Ծաղիկներ էինք տնկել, եկան ամբողջն ավերեցին»:

Այս առնչությամբ Շենգավիթի թաղապետի տեղակալ Արբակ Աբրահամյանն «Առավոտին» պարզաբանեց, որ այդ տարածքը պատկանում է թաղապետարանին եւ իրենք են որոշում, թե ում տրամադրեն. «Ինչ վերաբերում է ցանկապատի 2-2,5 մետր առաջ գալուն դեպի մանկապարտեզի բակ, ապա ասեմ, որ այդ տարածքը վաղուց է վաճառված եւ ունի օրինական սեփականատեր, ուղղակի մինչեւ հիմա ինչ-ինչ պատճառներով սեփականատերը ոչ մի շինարարություն չի կատարել եւ նոր է որոշել իր տարածքը բարեկարգել»: Փոխթաղապետի ներկայացմամբ, քոլեջի տնօրենը ցանկանում է այդ տարածքը սեփականաշնորհել եւ այդ պատճառով էլ «ցանկացած պատճառաբանությամբ աղմուկ է բարձրացնում»:

Բացի այդ, արդեն երկար ժամանակ է՝ քոլեջի բակում տեխնիկա կա, որը, Ն. Հարությունյանի խոսքերով, պատկանում է փրկարար ծառայությանը. «Ես նրանց էլ եմ դիմել, անընդհատ ասում են այսօր-վաղը, բայց մեր երեխաներն այստեղ են խաղում, կարող են վնասվել եւ այդ տեխնիկան էլ վնասել»:

Այս առնչությամբ էլ Արտակարգ իրավիճակների վարչության մամուլի քարտուղար Նիկոլայ Գրիգորյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ մինչեւ մայիսի 30-ը քոլեջի տարածքից իրենց փրկարարական տեխնիկան դուրս կբերեն:

Հ. Գ. Երեկ երբ նյութն արդեն պատրաստ էր տպագրության, քոլեջի տնօրեն Նաիրա Հարությունյանը նեղսրտած պատմեց, որ «Առավոտին» բողոքելուց հետո իրեն կանչել են Շենգավիթի թաղապետարան եւ տեղեկացրել, որ մինչեւ մայիսի 31-ն ազատի իր վարձակալած տարածքը: Մենք փորձեցինք թաղապետի տեղակալ Արբակ Աբրահամյանից պարզել, թե ինչու են քոլեջի տնօրենին վտարում: Ա. Աբրահամյանի պատճառաբանմամբ՝ տնօրենի հետ կնքած վարձակալության պայմանագրում ավագանու որոշում չկա. «Այն ժամանակ, երբ պայմանագիրը կնքվել է՝ ավագանի չկար, սակայն քոլեջի տնօրենը պետք է հետո դիմեր մեզ այդ որոշումն էլ պայմանագրում ներառելու համար»: Մի բան այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու հենց հիմա թաղապետարանը որոշեց պայմանագիրը խզել: Տարիներ շարունակ քոլեջը այդ տարածքը վարձակալում էր առանց ավագանու որոշման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել