Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՈՒ ՆՐԱՆՑ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ

Մայիս 25,2007 00:00

\"\"Երեւանում «վերջին զանգն» առանձնանում է Անկախության հրապարակում շամպայնի շշեր ջարդելով ու խնջույքներով, իսկ արտերկրում՝ հրաժեշտի աղավնիներ պատրաստելով կամ դիսկոտեկում հարբելով:

Երեւանի 11.480 շրջանավարտ այսօր հրաժեշտ կտա դպրոցին: «Վերջին զանգի» արարողության միակ նորությունն այն է, որ այս անգամ շրջանավարտները երեկոյան կզվարճանան ու շամպայնի շշեր կկոտրեն ոչ թե Հանրապետության, այլ Անկախության հրապարակում: Ըստ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանի, այս փոփոխությունը կատարվել է Հանրապետության հրապարակի շատրվանների վերանորոգվելու պատճառով: Փաստենք, որ ոչ Օ. Վաթյանի, ոչ էլ ՀՀ ԿԳ նախարարի նախկին ու այս տարի հնչեցրած պահանջներն ու զգուշացումները այնքան էլ սպառնալի չէին, քանի որ այսօր որոշ շրջանավարտներ «վերջին զանգի» գեղարվեստական մասն ավարտելուն պես՝ դպրոցի բեմից հնչեցրած «հումորներից» ու սրտաճմլիկ երգերից հետո, որոշել են զվարճանալ համադասարանցիների տներում կամ որոշ «օբյեկտներում»: «Առավոտի» հետ զրույցում դպրոցների տնօրենների մեծամասնությունը հայտարարեց, որ մայիսի 25-ին խստագույնս արգելված է խնջույքների ու քաղաքից դուրս էքսկուրսիաների կազմակերպումը: Քչերի թվում Լեոյի անվան թիվ 65 դպրոցի տնօրեն Նորայր Խրիմյանն այս հարցում ավելի դեմոկրատ է. «Արգելքը ստալինյան մոտեցման ձեւ է, ուստի ես այն չեմ կիրառում»:

Եթե անցյալ տարի սակավաթիվ ռեստորաններ իրենց դռները չէին բացում շրջանավարտների առաջ, ապա այս տարի դրանց թիվն աճել է: Օրինակ՝ «Հին Էրիվան» համալիրը ավարտական երեկոյի կազմակերպման պատվեր չի ընդունի: Նույնկերպ կվարվեն նաեւ «Կեսարի պալատում»: «Արդեն երկրորդ տարին է, որ նման միջոցառումներ չենք կազմակերպում, որովհետեւ շրջանավարտները հայտնվում են առանց կազմակերպիչների ու ծնողների, մեքենաներով գնում-գալիս, աղմկում, անկարգություն են անում ու մեր մշտական հաճախորդներին խանգարում»,- դժգոհեց այս ռեստորանային համալիրի սրահի վարիչ Վարդանը: «Բելաջիո» համալիրի մենեջեր Լիլիթի փոխանցմամբ՝ այս տարի միայն Պտղնիի դահլիճը կտրամադրեն շրջանավարտներին, բայց մի պայմանով, որ ծնողներ ու ուսուցիչներ լինեն նրանց հետ:

Ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի այլ երկրներում ձեւավորվել են «վերջին զանգի» անցկացման տարբեր ավանդույթներ: Օրինակ, ՌԴ-ի Կեմերովո քաղաքի թիվ 48 դպրոցի նախկին շրջանավարտ Լուսինեն ներկայացրեց, թե ինչպես են հրաժեշտ տվել դպրոցին. «Վերջին դասին մեր առաջին ուսուցչուհին բերել էր մեր լուսանկարները, առաջին շարադրությունները: Հետո գունավոր թղթեր ու մկրատ տվեց եւ խնդրեց, որ որպես հրաժեշտի խորհրդանիշ, աղավնիներ պատրաստենք ու վրան էլ՝ ցանկություններ գրենք: Իսկ խնջույքը դպրոցում ենք կազմակերպել, որն ավելի շատ նման էր մանկական հավաքույթի. խաղեր էինք խաղում, երգում-պարում»: Կեմերովոյում, պարզվում է, աշակերտները ուսուցիչների համար ոչ թե ճոխ նվերներ, այլ սիմվոլիկ հուշանվերներ են գնում: Ռիգայում դպրոցն ավարտած Արտակն էլ ափսոսանքով փաստեց, որ Հայաստանում ավելի հետաքրքիր են անցկացնում «վերջին զանգը». «Ռիգայում ոչ մի միջոցառում, ներկայացում չկազմակերպեցինք: Ատեստատների հանձնելու օրը պարզապես դիսկոտեկ գնացինք, այն էլ կարգին չուրախացանք, քանի որ այնքան էինք խմել, որ տեղի բազմոցներին քնեցինք մինչեւ առավոտ»: ԱՄՆ-ում դպրոցն ավարտած Շաքեն էլ պատմեց. «Գիտունիկների շորեր էինք հագել ու տնօրենը մեզ դիպլոմներ էր տալիս: Հետո ֆիզկուլտուրայի դահլիճում դիմակահանդես կազմակերպեցինք: ԱՄՆ-ում անպայման պիտի քո զույգի հետ ներկա գտնվեիր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել