Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՆ

Օգոստոս 21,2007 00:00

\"\"ՀՀ իրավապահները կիրակի օրը դարանակալել են նրանց հանդիպման վայրում \"\"

«Առավոտի» ունեցած հավաստի տեղեկություններով, անցյալ շաբաթ քրեական աշխարհում հայտնի Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի՝ քրեական աշխարհում հայտնի մի քանի «օրենքով գողեր»: ժամանել էին Հայաստան: Առաջինը, ինչ նրանք արել էին մինչեւ իրենց բուն գործին անցնելը, այցելել էին «Թոխմախի» գերեզմանատուն՝ «Սվոյ Ռաֆի» հիշատակին հարգանքի տուրք մատուցելու: Իսկ կիրակի օրը՝ օգոստոսի 19-ին, հավաքվել էին քրեական աշխարհում հեղինակություն վայելած եւ Երեւանի Աբովյան փողոցում մի քանի տարի առաջ սպանված Մուշեղ Ազատյանի՝ «Աշտարակցի Մուշեղի» Աշտարակում գտնվող տանը, որտեղ ոչ ոք չի բնակվում: Քրեական հեղինակությունների քննարկման՝ «սխոդկայի» հիմնական թեմաներից մեկը, ըստ լավատեղյակ մեր աղբյուրների, եղել է այս տարվա հունիսի 21-ին «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպը: Հիշեցնենք, որ ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, այդ օրը համալիրի մուտքի մոտ թեժ վիճաբանություն էր ծագել մի կողմից՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի ու նրա հյուրերից մեկի, մյուս կողմից՝ քրեական աշխարհում հայտնի հեղինակություն «Օշականցի Հայկոյի», նրա եղբոր՝ «Թուրք» մականունով Սաշիկ Մելիքյանի, վերջինիս որդու՝ Ալբերտ Մելիքյանի եւ Արամայիս Հարությունյանի միջեւ: Վեճը վերածվել էր ծեծկռտուքի, իսկ մեր տեղեկություններով, Լ. Սարգսյանի կողմնակիցները մի լավ ծեծել էին «Օշականցի Հայկոյի» եղբոր որդուն՝ Ա. Մելիքյանին, եւ նետել էին լիճը՝ հույսով, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնված երիտասարդը կխեղդվի, բայց նրան հաջողվել էր փրկվել: Ավելի ուշ դեպքի վայր էին ժամանել նաեւ ՀՀ ոստիկանության «հատուկ ջոկատայինները», հարուցվել էր քրգործ, որը հետո կարճվել էր:

Մեր աղբյուրների ասելով, հենց այս միջադեպն էր, որ հատկապես հետաքրքրել էր քրեական հեղինակություններին, մանավանդ որ՝ «Օշականցի Հայկոն» համարվում է «Աշտարակցի Մուշեղի» մտերիմներից մեկը: Թե ովքեր են մասնակցել այդ հավաքին, ինչ ավտոմեքենաներով են շրջել եւ նույնիսկ՝ ինչ տեսակի զենք են կրել, ըստ մեր աղբյուրների, ՀՀ ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունն արդեն իսկ տեղյակ են: Այս գերատեսչությունների աշխատակիցները կիրակի օրվանից դարանակալել են «Աշտարակցի Մուշեղի» տան շրջակայքում, թեեւ, մեր աղբյուրների ասելով, քրեական հեղինակություններն էլ գիտեն, որ իրենց ուշի-ուշով հետեւում են: «Աշտարակցի Մուշեղի» տանը կիրակի տեղի ունեցած այդ հանդիպման ժամանակ արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաների տեղաշարժը եւ առանձնատան բակում դրանք կայանած վիճակում ֆիքսել է նաեւ մեր լուսանկարչական խցիկը:

ՀՀ-ում գտնվող «ավտարիտետներին» միաժամանակ անհանգստացրել է միայն վերջին շուրջ մեկ ամսվա ընթացքում ՀՀ իրավապահների կողմից հայաստանցի մի քանի քրեական հեղինակությունների կալանավորման փաստը: ՀՀ ոստիկանության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի եւ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունների աշխատակիցները հաջողացրել են ձերբակալել 10-ից ավելի քրեական հեղինակությունների, այդ թվում՝ Սարի-Թաղում ապրող Գագիկ Տոնոյանին՝ «Չախկալ», Արսեն Բազոյանին՝ «Բազե», ՌԴ Ուլյանովսկի մարզի բնակիչ Կարեն Պետրոսյանին՝ «Պետերբուրգ», Արման Սահակյանին՝ «Ֆշշ», Կարեն Ֆիթլջյանին՝ «Ֆիթո», Եղիշե Սարգսյանին՝ «Ֆիգարո», Ալեքսան Այվազյանին՝ «Պիժո» եւ Արտյոմ Գրիգորյանին՝ «Կյաժ» մականուններով: Ընդ որում, վերջիններիս ձերբակալությունից հետո ՀՀ ոստիկանությունում նոր մանրամասներ՝ 27-28 դրվագներ են ի հայտ եկել Հայաստանում տեղի ունեցած մի քանի քրեական գործերով, որոնք կատարվել են հիշյալ մականունավորների մասնակցությամբ: Վերջիններս մասնակից են եղել ոչ միայն գողությունների, այլեւ ավազակային հարձակումների, սպանությունների եւ սպանության փորձերի:

Երեկվա դրությամբ վերը նշված քրեական հեղինակությունները դեռ Հայաստանում էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել