Լրահոս
Օրվա լրահոսը

Ո°վ է խանգարում հիշել մեր հերոսական պատմությունը

Հոկտեմբեր 15,2026 12:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Վերջերս մեր իշխանությունների կողմից հաճախ են հնչեցնում Եվրամիության անդամ դառնալու թեզերը: Բայց ի°նչ բարձրագույն արժեքներ են պահպանում այդ երկրները, որոնցից պիտի անպայման դասեր քաղել:

Ճանապարհորդելով մի շարք երկրներում՝ Հունգարիայում, Ավստրիայում, Չեխիայում, Գերմանիայում, ես տեսա, որ ամենից առաջ նրանցից յուրաքանչյուրն իր ազգային նկարագիրն է պահպանում: Եվ այսպես, Հունգարիայում մինչև  հիմա հիշում են 1526-ին Մոհաչի ճակատամարտը, երբ թուրքերը գրավել են այդ երկիրը և 150 տարի հունգարացիները գտնվել են նրանց լծի տակ: 1683-ին պաշարվեց նաև Վիեննան թուրքերի կողմից: Եվ այդ ժողովուրդները պայքարեցին  իրենց ինքնությունը չկորցնելու համար: Գլխավոր հրամանատարը ավստրիացի զորավար Եվգենի Սավոյն էր, որը ջախջախեց օսմանյան ուժերին: Այդ ճակատամարտը նման էր 451-ին Ավարայրի ճակատամարտին, որտեղ հայերը թեկուզ ռազմական պարտություն են կրել, բայց հոգևոր և ազգային հաղթանակ են տարել: Ու եթե Վիեննայում, Բուդապեշտում կան հերոսների հրապարակներ, և նրանք հպարտանում են իրենց հաղթանակներով ու հերոսներով, մեզ մոտ, ընդհակառակը,  հասարակական ու պետական խոսույթում երկրորդական են դարձել «հաղթանակ», «հերոս» բառերը: Հաճախ իշխանավորների կողմից հնչող զիջողական կոչերը կոտրում են հասարակության դիմադրողականությունը, հոգեբանորեն ընկճում ժողովրդին: Այդ արվում է մի նպատակով, որ ներկա սերունդը չհիշի հայ ժողովրդի անցյալի հերոսական սխրանքները: Այդ պատճառով վերացնում են ազգային խորհրդանիշները, որոնց թվում է և Արարատի պատկերը, որը հայ ժողովրդի ինքնության հաստատման խորհրդանիշն է եղել դարեր շարունակ: Եվ ինչքան անբովանդակ է հնչում այն միտքը, թե Արարատը մերը չէ, քանի որ լեռը գտնվում է Թուրքիայում: Բայց լուսինը նույն Թուրքիայի սեփականությունը չէ, այդ դեպքում ինչո°ւ է նրանց դրոշի վրա այն պատկերված: Չէ° որ ազգային հիշողությունը ջնջելը վտանգավոր ճանապարհ է: Իշխանությունները կարող են փոխվել, բայց ժողովրդի պատմությունը պատկանում է միմիայն ժողովրդին: Եվ մեր սերնդին չպետք է կտրել իր արմատներից, պատմական հիշողությունից:

Վիեննայում մենք խմբով (տուր՝ Je Voyage) այցելեցինք նաև Մխիթարյան միաբանության հայրերին, մասնակցեցինք կիրակնօրյա պատարագին, ծանոթացանք թանգարանին, որտեղ դարերով պահվել են 160.000 գիրք, հարուստ մշակութային նյութեր որպես սրբություն: Վեցհարկանի թանգարանի վերելակում անգամ կերամիկայից սարքած Արարատ լեռան պատկերն էր, որն անսահման հուզեց մեզ: Ամենուր զգացվում էր հայկական շունչը, կոլորիտը, անցյալի մեր պատմությունը հիշեցնող նկարներ, քանդակներ, գորգեր, որոնց շարքերում էր Շուշիի բազմանախշ արվեստով ստեղծված գորգերի չքնաղ տեսականին: Պահպանվում էին նաև Տիգրան Մեծի ժամանակներում ստեղծած ոսկեդրամները: Այնպիսի տպավորություն էր, որ մեր ազգային խորհրդանիշները խնամքով պահվում են միայն հայրենիքից դուրս: Ես Մխիթարյան միաբանության գրադարանին սիրով նվիրեցի իմ «ՀԱՅԻ ԳԵՆԸ» խորագրով վեպը, որը տարիներ առաջ նվիրել էի նաև Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան միաբանության գրադարանին, երբ շրջում էի Իտալիայում: Գիրքը Թուրքիայում բնակվող այն հայերի մասին է, ովքեր ուզում են պահպանել իրենց հայի գենը: Ցավոք, մեր իշխանության ոչ ճիշտ քաղաքականության պատճառով այն վտանգի տակ է հայտնվել:

Խմբով Վիեննայում

Ինչո°ւ են հանվում հերոսների նկարները, փառքի անկյունները: Չէ° որ 25-26 տարի շարունակ հաղթանակներ ենք տոնել, հերոսների ենք մեծարել, իսկ հետո 2020-2023-ին կորցրել Արցախը, զգալի տարածության հողեր: Հաստատ համոզված եմ, որ մեր ազգը հիշողության կորուստ չունի, բայց հատկապես վերջին տարիներին ապրում է ծանր  նվաստացման զգացումով ու ցավով: Մինչդեռ մեզ պիտի մտահոգի այն փաստը, որ Ադրբեջանում Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ գործածվում է «Արևմտյան Ադրբեջան» անվանումը: Խաղաղության ձգտումը չպետք է նշանակի լռություն, երբ հարցականի տակ են դրվում մեր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Պրահայում ևս յուրաքանչյուր քար խոսում է չեխ լինելու մասին: Այստեղ խմբովին ականատես եղանք քաղաքի հերոսական պատմության նշանավոր վայրերի, ինչպիսիք են Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի տաճարի կրիպտեն, Վիտկով բլրի Ազգային հուշահամալիրը, Վացլավի հրապարակը, որը Չեխիայի 20-րդ դարի նորագույն պատմության կենտրոնն է: Այդ հրապարակում են տեղի ունեցել 1968 թվականի  «Պրահայի գարնան» հերոսական  դիմադրության իրադարձությունները:

Դրեզդենում այցելեցինք նրանց հայտնի պատկերասրահը, որը գերմանացիների ինքնության մի մասն է կազմում: Տեսանք եկեղեցիներ, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծխացել, ավերակ էին դարձել: Սակայն գերմանացիներն աղյուս առա աղյուս վերականգնել են դրանք, քանի որ նրանց համար պատմությունը բեռ չէ, այլ հիշողություն է:

Ինչ խոսք, լինելով քրիստոնյա ազգ, մենք ևս Հայաստանում ունենք բազմաթիվ հին եկեղեցիներ, որոնց  մի  մասը  վերանորոգվել է: Ցավոք, պիտի նշել, որ այսօր առկա են մեր երկրում պետության և եկեղեցու միջև տարաձայնությունները և երկխոսության փոխարեն գերիշխում է թշնամանքը: Այնինչ այդ հակադրությունից տուժում է հասարակությունը: Եվ մենք պարտավոր ենք այնպես ապրել, որ գալիք սերունդները մեզնից ժառանգեն ոչ թե հակադրության ցավը, այլ փոխադարձ հարգանքի, ազգային արժանապատվության օրինակը: Ահա ինչու մեր օրերում  հարց է առաջանում՝ ինչպե°ս պիտի ներկա սերունդը կառուցի իր ազգային գիտակցությունը: Եվ երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ երիտասարդներին շեղելու համար են կազմակերպվում գինու, գարեջրի, խորովածի փառատոներ, համերգներ, գեղեցիկ շոուներ: Դրանք ինքնին վատ չեն, մարդիկ ուրախանում են: Բայց երբ դրանք են դառնում երիտասարդի հետ խոսելու ձևը, իսկ հերոսի մասին պատմությունը չի հնչում,  առաջանում է դատարկություն: Այսինքն՝ մենք ինքներս չենք ուզում նրանց սովորեցնել ճանաչել իրենց անցյալը, հիշել ազգի հերոսական պատմությունը, որպեսզի գիտակացաբար կարողանան պաշտպանել իրենց հայրենիքի  ապագան: Պետք է հասկանան հանուն ինչի՞  ենք ապրում և հանուն ինչի՞ զոհվեցին մեր  հայ քաջորդիները:

Ժաննա ՀԱԿՈԲՅԱՆ

Բանասիրական գիտությունների թեկնածո, գրող

«Առավոտ» օրաթերթ
14.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել