Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանը պատգամավորի վրա ձեռք է բարձրացրել

Օգոստոս 21,2007 00:00

Թռուցիկ բաժանելը արգելվա՞ծ է

Օգոստոսի 18-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Համահայկական չորրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ «Ժառանգություն» կուսակցության անդամների, վերջիններիս համախոհների, ինչպես նաեւ «Այլընտրանք» նախաձեռնության անդամների եւ իրավապահների միջեւ տեղի են ունեցել բախումներ: Պատճառն այն է, որ «Ժառանգության» եւ «Այլընտրանքի» անդամները մարզադաշտից դուրս թռուցիկներ են բաժանել՝ ի պաշտպանություն «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի, կազմակերպության անդամ Վարդան Մալխասյանի, Հայաստանի նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման նախաձեռնող Ալեքսանդր Արզումանյանի եւ «Ժամանակ Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի՝ նրանց ազատ արձակելու կոչերով: Հիշեցնենք, որ հիշյալ անձանց իրավապաշտպան կառույցները ճանաչել են որպես «քաղբանտարկյալներ»:

Երեկ հայտարարությամբ հանդես եկավ Քաղբանտարկյալների պաշտպանության նախաձեռնող խումբը: «Չորսի» պաշտպանության խմբի հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «ՀՀ ոստիկանությունը խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ տեղեկատվությունն ազատորեն տարածելու սահմանադրական իրավունքի իրականացմանը: Ոստիկանները, այդ թվում՝ բարձրաստիճան, շրջափակել են թռուցիկ տարածողներին եւ բռնության կիրառմամբ նրանցից խլել են թռուցիկները: Չբավարարվելով դրանով՝ թռուցիկ տարածողների մի մասին ապօրինի բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք, իսկ մյուս մասին բռնի ուժով մի քանի ժամ անօրինական պահել են մարզադաշտում: Մենք դատապարտում ենք իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից քաղաքացիների սահմանադրական իրավունքների բռնի ոտնահարման գործողությունը եւ պահանջում ենք խստագույն պատասխանատվության ենթարկել պաշտոնատար դիրքը չարաշահած իրավապահներին»:

Ոստիկանների թիրախ է դարձել նաեւ «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Իրավապահները փորձել են պատգամավորի եւ «Փաստաբաններ՝ մարդու իրավունքների համար» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Սեդա Մելիքյանի պայուսակները ստուգել, անձը հաստատող փաստաթղթեր են պահանջել, խոչընդոտել են հետեւել հանդիսությանը, տարել Զ. Փոստանջյանի տրցակը, ուր թռուցիկներից բացի, եղել են նաեւ փաստաբանի նախկին պաշտպանյալների, այդ թվում՝ զինվորականների, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի գործերին վերաբերող կարեւոր փաստաթղթեր:

Կատարվածը «Առավոտի» հետ զրույցում հաստատեց անձամբ Զ. Փոստանջյանը: Ի դեպ, կատարվածի վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «Արմինֆո»-ի թղթակցին հայտնել է. «Անցած շաբաթ մեր ակտիվիստների հետ պատահած միջադեպերը ոչ մի լավ բան չեն ասում հանրապետության ներկա իշխանությունների կողմից արմատավորվող բարքերի մասին: Խորհրդարանական ընտրություններից հետո ոստիկանը առաջին անգամ ձեռք է բարձրացրել Ազգային ժողովի պատգամավորի վրա»:

Նշենք նաեւ, որ «Այլընտրանք»-ի համախոհ Վարդգես Գասպարյանը եւս քաշքշվել է իրավապահների կողմից թռուցիկներ բաժանելու համար եւ բերման է ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք: Վ. Գասպարյանին եւ նախաձեռնության երկու այլ անդամների դեպքից մեկ ժամ անց ոստիկանական բաժանմունքից դուրս է հանել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Այլընտրանք»-ի ղեկավար անդամ Նիկոլ Փաշինյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել