Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՆԱՁՈՐՑԻՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

Սեպտեմբեր 14,2007 00:00

Հանդիպումը նախաձեռնել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը

Երեկ առավոտյան Վանաձորից Երեւան էին եկել Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության գործի նախաքննության շրջանակներում բռնի ուժով եւ ապօրինաբար՝ առանց ծանուցագիր ներկայացնելու, մարզի դատախազություն բերման ենթարկված «Բելիսիմո» ռեստորանային համալիրի՝ դատախազության շենքում բռնությունների, ստորացումների ու խոշտանգումների ենթարկված աշխատակիցներից մի քանիսն ու նրանց ծնողները: Նախ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց բողոքի կարճատեւ ցույց անելուց հետո նրանք ուղղվեցին ՀՀ ԱԺ, որտեղ այդ պահին քննարկումներ էին ընթանում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին այդ պաշտոնում եւս 6 տարով նշանակելու շուրջ:

«Դատախազի ելույթը, որ դա շոու ա, մենք լսեցինք: Մենք էդ շոուների ներկայացուցիչներն ենք, ունենք ամեն ինչ՝ բժշկական թղթեր, տեսաժապավեն, լուսանկարներ»,- երեկ ՀՀ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց մարզի դատախազությունում ծեծի ենթարկված Աշոտ Ղուկասյանի մայրը՝ տիկին Մարգարիտան: Սա հակադարձումն էր նախորդ օրը ՀՀ խորհրդարանում մարզի դատախազությունում իրենց ծեծելու մասին մարդկանց բողոքների ու հրապարակային հայտարարությունների վերաբերյալ Ա. Հովսեփյանի այն գնահատականին, թե դա «շոու» է: Վանաձորցիները եկել էին «զինված»՝ իրենց ձեռքի տակ եղած բոլոր ապացույցները «շոու» գնահատականի հեղինակին հանձնելու համար:

«Ես երեխա եմ պահել, մեծացրել, որ իրանք ծեծե՞ն»,- Ա. Բախշյանի հետ հանդիպման ժամանակ ասում էր ծեծվածներից մեկի մայրը ու հավելում՝ «խի սրտի արատով երեխային կանչում են, վիրավորում, թե՝ թքած ունեմ քո հիվանդության վրա՞: Երկրորդ կարգի հաշմանդամ է»: Խոսքը «Բելիսիմոյի» մատուցող, 21-ամյա Արման Ներսիսյանի մասին էր: «Ինձ կանչել էին (դատախազություն)՝ չներկայանալով, թե իրենք ովքեր են: Մեզ տարել են հարցաքննելու միտումով, բայց չեն հարցաքննել: Ուղղակի ծեծում-ջարդում էին եւ հարցնում էին՝ ի՞նչ ա եղել: Սպանողին էին ուզում իմանային: Բայց մեր հետ դա կապ չունի, չգիտենք՝ մեզ ինչի են տանում, անիմաստ ծեծում: Հարցնում էին՝ իրան ճանաչո՞ւմ ես՝ Արմանին, ո՞վ ա, ովքե՞ր են իրանց աջակցում, ովքե՞ր են իրանց հետ: Երկու օր պադրյադ կանչել են, ընդհանուր մնացել եմ մի սուտկա, ու անընդհատ ծեծում էին, հարցաքննում էին՝ անիմաստ: Հիմնականում հարվածել են գլխիս, երեսիս: Ես անընդհատ շեշտում էի, որ անառողջ տղա եմ, էս կարգի տղա եմ, հաշմանդամ եմ, բայց նրանք հաշվի չէին առնում»,- պատմում էր Ա. Ներսիսյանը: Ի դեպ, նա ազատ արձակվելուց հետո դիմել է բժշկի, նրան հետազոտել են, տվել են համապատասխան եզրակացություն: Ա. Ներսիսյանը պատրաստվում է դիմել դատաբժշկի:

Նույն ռեստորանի մատուցողուհի Աննա Թումանյանն իրեն համարում է «տուժողներից մեկը». «Ամսի 8-ին եկել են, աշխատանքից հանել են, առավոտյան ժամը 10-ից դատախազությունում պահել են մինչեւ գիշերվա ժամը 1-ի սահմանները»: Նրան հարցաքննել են Երեւանից եկած ու այդպես էլ չներկայացած ինչ-որ քննիչներ. «Բազմաթիվ էին, բայց ինձ երեք հոգի են հարցաքննել, տարբեր կաբինետներ էին տեղափոխում՝ վախեցնելով, խփելով: Ասում էին, որ մեզ ինչ-որ մի տեղեկություն չհաղորդես, մենք քեզ կքաչալացնենք, կտանենք Երեւան, գաղութ կնստացնենք: Ես վախեցած եմ, չեմ կարողանում մինչեւ հիմա դուրս գալ էդ ստրեսից: Ուզում էին, որ հիշեմ, բայց ի՞նչ հիշեի:

Կողքի սենյակից լսել եմ Կարենի ձայնը, որ գոռում էր: Այո, ինձ ծեծել են, քաշքշել են, մազերիցս քաշել են, խփել են, բայց չգիտեմ՝ ի՞նչ մեղք ունեմ գործած, որ ինձ հետ տենց են վերաբերվել: Հարցնում էին, թե մեր տնօրենի մոտ ատրճանակ չե՞մ տեսել: Ասում էին՝ ձեր տնօրենի մասին ասա: Ինձ ստորագրել են տվել ինչ-որ խոսակցություններ, որ իրենք կամպյուտրով են լրացրել, չեմ իմացել՝ իրանք ինչ են գրել: Ես ասեցի, որ պահանջում եմ՝ տվեք կարդամ՝ իմ մասին ինչ եք գրել, իրենք ինձ կոպիտ պատասխանեցին՝ ոչ, դա քեզ չի վերաբերում, հեսա կխփեմ, դու պետք է ստորագրես անուն-ազգանուն: Ինչ-որ մի փայտ էր ձեռին, թե ինչ՝ չգիտեմ, ու ես ստորագրել եմ՝ չիմանալով, թե ինչ են գրել իմ մասին»:

Մատուցողուհի Սաթիկ Պարսամյանին էլ դատախազություն են տարել սեպտեմբերի 7-ին եւ պահել կեսօրից մինչեւ գիշերվա ժամը 1-ը. «Աջից-ձախից գալիս-գնում էին՝ իրանց անկապ հարցերով՝ ի՞նչ եք տեսել, ձեր տնօրենը ո՞ւմ հետ եկավ, ի՞նչ արավ, ի՞նչ կար ձեռքին, հայհոյում էին»: Ս. Պարսամյանը հատկապես առանձնացրեց իրեն հարցաքննած քննիչներից մեկին՝ վանաձորցի Մարզպետ Խաչատրյանին. «Էնքան ծայրահեղության էր հասել, որ ասում էր՝ պետք ա ձեզ գիշերը թողենք ստեղ, որ ինչեր ասես ձեզ չանեն, պետք ա մեր ասվածները հաստատվի, ստորագրեք: Ասում են, որ պտի ասեք, որ Կարենը գիշերը ձեզ հետ տուն չի եկել, որ ձեզ տեսնող ա եղել, որ ձեր աշխատողներից հաստատում են, բայց նման բան չի եղել, որովհետեւ սպանության օրը ես գործի չեմ եղել, եղել եմ «Լոռի» ռեստորանում հարսանիք սպասարկելուց»: Ս. Պարսամյանը ոչ մի թղթի տակ չի ստորագրել, «որովհետեւ ես պնդեցի, որ մինչեւ չտեսնեմ ինչ եք գրում, չեմ ստորագրի»: Այս հարցաքննությունից մի քանի օր անց Սաթիկին էլի էին դատախազություն հրավիրել: Նրա պատմելով՝ նույն Մ. Խաչատրյանն իրեն հրահանգել էր կանգնել. «Ասում եմ՝ ինչի՞ համար, ասում ա՝ կանգնի տեսնենք՝ աղջի՞կ ես, թե՞ տղա, թե չէ շալվարդ կիջացնենք, որ հաստատվի: Ձեռքով դեմքիս խփեց մի քանի անգամ, թե՝ նայի նենց չանես, որ տանենք քաչալացնենք, պահենք, ընդեղ պուտանկեք կան, քեզ էլ տանենք իրանց ցուցակում գրենք»:

Ստացված մարմնական վնասվածքների մասին վկայող դատաբժշկի համապատասխան փաստաթուղթ ունի նաեւ ռեստորանի աշխատակից Կարեն Դոդոռյանը, որին ամենաշատն են ծեծել, մասնավորապես այն բանից հետո, երբ մարզի դատախազի պաշտոնակատար Կարեն Շահբազյանը նրան սպառնացել է, թե կնոջդ կբերեն ու աչքիդ առաջ կպատվազրկեն: Սա լսելուց հետո Կարենը հարձակվել էր դատախազի պաշտոնակատարի վրա եւ հավելյալ անգամ ծեծվել՝ մինչեւ կորցրել էր գիտակցությունը: «Գիտակցությունը կորցրել ա, ջուր են լցրել վրան, ուշքի ա եկել, նորից են ծեծել ու հետո, երբ արդեն աղմուկ էր բարձրացել, տարել էին Ղուրսալի գյուղ՝ Սպիտակ չհասած»,- պատմեց նրա մայրը:

Վանաձորցի ցուցարարներին երեկ հանդիպեց նաեւ այդ քաղաքից պատգամավոր ընտրված Վիկտոր Դալլաքյանը, որը խոստացավ մինչեւ գլխավոր դատախազի հարցով քվեարկությունը վերջինիս եւ ՀՀ ԱԺ նախագահին առաջարկել հանդիպել վանաձորցիների պատվիրակության հետ: Նա խոստումը կատարել էր, ու արդեն երեկոյան տուժողներից երեքը՝ Արմանը, Սաթիկն ու Աննան, նաեւ Աշոտ Ղուկասյանի մայրը հանդիպել էին դատախազին, իսկ դրանից ժամ առաջ՝ Տիգրան Թորոսյանի հետ:

Գլխավոր դատախազի հետ հանդիպումից հետո դրան մասնակցած վանաձորցիների փոխանցմամբ, Ա. Հովսեփյանն իրենց խոստացել էր հետամուտ լինել այդ բողոքների ուսումնասիրությանն ու քննությանը խորթ միջոցներ կիրառած անձանց նկատմամբ հարկ եղած դեպքում նաեւ առանձին քրգործ հարուցել, պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Իհարկե, նա չէր մոռացել կրկնել, որ տուժած վանաձորցիների հրապարակային ակցիաները «շոու» են, որ նրանք հեչ էլ անտեր մարդիկ չեն, եւ որ ինքը գիտի, թե նրանց թիկունքին ով է կանգնած: Ի պատասխան՝ վանաձորցիները հայտարարել էին, թե իրենք եւս շահագրգիռ են դատախազի սպանության բացահայտմամբ, դեմ չեն, որ իրենց զավակներին կանչեն ու հարցաքննեն, բայց իրենք իմանան որդիների գտնվելու վայրն ու հարցաքննությունն անցկացվի առանց նրանց խոշտանգելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել