Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցհարցում՝ «Աքիլլեսի» անվան տակ

Նոյեմբեր 09,2007 00:00

Սա այն դեպքում, երբ հարցաթերթիկի բովանդակությունն անգամ այս կազմակերպության ղեկավարին հայտնի չէ:

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի անունից մայրաքաղաքում, իսկ գուցե նաեւ հանրապետության տարածքում, սոցհարցումներ են անցկացվում: Երիտասարդներն այցելում են մարդկանց տուն եւ մի քանի էջանոց հարցաթերթիկ են լրացնում՝ հարցվողի սոցիալական վիճակը, կուսակցական պատկանելությունը, հարցվողի գնահատականը ճանապարհների եւ փողոցների շինարարության, քաղաքապետարանի աշխատանքի, քաղաքապետի գործունեությունից գոհ կամ դժգոհ լինելու, ավտոճանապարհների վիճակի, քաղաքի լուսավորության, կանաչապատ լինելու վերաբերյալ:

Խոստովանենք, որ այս հարցադրումները քիչ կապ ունեն վարորդների իրավունքների պաշտպանության հետ: Այս ամենում տարօրինակ բան կար, եւ պարզվեց, որ մեր այդ դիտարկումը հիմքեր ուներ: Հարցում անցկացնողներից մեկը մի հետաքրքրասեր հարցվողի խոստովանել էր, որ հարցումն իրականում իրականացնում է ոչ թե «Աքիլլեսը», այլ՝ հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Բայց քանի որ Ադիբեկյանի ղեկավարած «Սոցիոմետրի» հարցումներին այլեւս ոչ ոք չի վստահում, նա որոշել է «Աքիլլեսի» անվան տակ անցկացնել այն սոցհարցումները, որոնք նրան պատվիրել են ՀՀ իշխանությունները:

«Մենք, որպես այդպիսին, սոցհարցում չենք անում եւ նման պատվեր չենք տվել: Մի 15-20 օր առաջ Ահարոն Ադիբեկյանը զանգեց, ասաց՝ դուք ցանկանո՞ւմ եք ունենալ սոցհարցում՝ ճանապարհների, դրանց որակի, փողոցների քանդված վիճակի վերաբերյալ, մենք ասացինք՝ իհարկե: Ասաց նաեւ, որ մինչեւ հոկտեմբերի վերջ հնարավոր է, որ սոցհարցումը պատրաստ լինի, բայց թե ինչ փուլում է՝ տեղյակ չեմ: Մենք որեւէ կազմակերպության հետ սոցհարցումներ անցկացնելու վերաբերյալ գրավոր պայմանավորվածություն չունենք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Աքիլլես» կենտրոնի ղեկավար Էդվարդ Հովհաննիսյանը:

Խոսեցինք նաեւ Ա. Ադիբեկյանի հետ: Նա նախ հերքեց, թե ինքը որեւէ կապ ունի այդ բովանդակությամբ սոցհարցման հետ: Նման հարցումներ, Ա. Ադիբեկյանի մատուցմամբ, իր միջոցներով եւ «վոլոտյորների» (կամավորների) աջակցությամբ անում է «Երիտակ» կազմակերպությունը, որը ղեկավարում է իր սաներից մեկը, իսկ ինքը նրանց միայն երբեմն «ինստրուկտաժ» է անում: Բայց երբ ասացինք, որ «Աքիլլեսի» ղեկավարը մեզ ասել է իրենց արած՝ Ա. Ադիբեկյանի առաջարկի մասին, սոցիոլոգը կողմնորոշվեց: Նրա ասելով, այդ սոցհարցումը արվում է, այո, «Աքիլլեսի» համար, եւ իրենք այդ կենտրոնի հետ պայմանավորվածություն ունեն, որի մասին Էդ. Հովհաննիսյանը միգուցե մոռացել է:

Այս վերջին մտքի հետ համաձայն չէր Էդ. Հովհաննիսյանը, առավել եւս, երբ իմացավ հարցաթերթիկի բովանդակության մասին. «Ա. Ադիբեկյանը պետք է հարցաթերթիկների բովանդակությունը բերեր, բայց մենք էդպես էլ չստացանք դրանք: Չգիտեմ էլ, թե որ կազմակերպությունը պետք է անցկացներ այդ սոցհարցումը, որի մասին ասում էր Ադիբեկյանը: Մենք ոչ մեկի հետ փաստաթուղթ չենք ստորագրել: Մենք դրա հետ գործ չունենք, էդ հարցերը՝ քաղաքապետարան, կանաչապատում, ինձ հետաքրքիր չեն, ինձ ճանապարհների վերաբերյալ հարցումն էր հետաքրքրում: Ես տեղյակ չէի այդ հարցաթերթիկի բովանդակությանը: Մենք ոչ մեկին պատվեր չենք տվել, եղել է բանավոր խոսակցություն՝ ճանապարհների որակին վերաբերող սոցհարցման մասին»: Հետեւաբար, ստացվում է, որ «Աքիլլեսի» անվան տակ սոցհարցում է անցկացվում, որի բովանդակությունը այդ կենտրոնին հայտնի էլ չի: «Երեւի էդպես է»,- վրա բերեց «Աքիլլեսի» ղեկավարը: Թե իրականում ո՞վ է այդ սոցհարցման պատվիրատուն, թերեւս գաղտնիք էլ մնա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել