Լրահոս
Օրվա լրահոսը

Ախոռները պետք է մաքրել 1996-ից

Նոյեմբեր 23,2007 00:00

Հակառակ դեպքում «մաքրողին» չեն հավատա

«ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց ուղիղ երեք տարի հետո ես պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից, ձեզ հնարավորություն տալով լիովին ազատ եւ օրինական ընտրությունների միջոցով երկրի նախագահ ընտրել: Ընդ որում, այդ ընտրություններին ես չեմ միջամտելու, դրանք անցկացնելու է ԱԺ նախագահը: Երեք տարին ինձ անհրաժեշտ է ավգյան ախոռները մաքրելու եւ պետությունը նորմալ հիմքերի վրա դնելու համար»,- նոյեմբերի 16-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած այս մտքին չէի փորձի անդրադառնալ, եթե դրանից հետո մի շարք ծանոթ-բարեկամներիս (հիմնականում՝ ներկա իշխանություններին չհամակրող) հետ իմ զրույցների ժամանակ ինձ միեւնույն հարցը չտային: Հարցը հետեւյալն է. եթե առաջին նախագահը ի վիճակի էր անցկացնել լիովին ազատ եւ օրինական ընտրություններ, ապա ինչո՞ւ դա չարեց, մասնավորապես, 1996 թվականին: Գուցե այն ժամանակ է՞լ արժեր չմիջամտել:

Բայց տեղի էր ունեցել հակառակը: Միջամտեցին այնքան, որ այն ժամանակվա պաշտպանության նախարարը հայտարարում էր. եթե Վազգեն Մանուկյանը 100 տոկոս էլ ստանա, միեւնույն է, իշխանությունը չեն տա: Նույն 96-ի սեպտեմբերին մայրաքաղաքի բոլոր փողոցներում կանգնած էին զրահամեքենաները, տանկերը, զինվորները՝ ընդդիմության ցույցերը եւ ընդվզումի փորձերը կանխելու, ընդդիմության ակտիվիստներին պատժելու, ծեծելու եւ կալանելու համար: Սրանք մանրուքներ չեն, սրանք մեր նորանկախ պետականության պատմության մի մասն են եւ, ցավոք, ամոթալի մասը: Կարծեմ, «նախկին իշխանություններից» (նախկին բառն ամենեւին սրտովս չէ, սակայն այս դեպքում ստիպված եմ գործածում) դեռ ոչ մի բառ չի հնչել: Գուցե այն ժամանակ էլ նշանակալից դեր խաղաց մեր չարաբաստիկ «մենտալիտետը»:

Եթե առաջին նախագահը արդար ընտրություններ անցկացնելու խոստումը տալուց առաջ խոստովաներ, որ 95-96 թվականներին դա իրեն չի հաջողվել, որ իր զինակիցները շարժվում էին «մեր դեմ խաղ չկա» կարգախոսով, եթե դատապարտեր 96-ին տեղի ունեցածը, ապա վերոհիշյալ խոստումն ավելի համոզիչ կհնչեր:

Կարելի է այս ամենը չհիշել, սակայն Հրանտ Մաթեւոսյանի միտքը կրկնենք՝ մարդն ու անասունը իրարից տարբերվում են հիշողությամբ: Մեծ գրողը որպես օրինակ է ներկայացնում հեռվում անխռով եւ անդարդ արածող կովը, որի հորթը երեկ են մորթել: Եթե այսօրվա իշխանություններով հասարակությունը, մեղմ ասած, այնքան էլ հիացած չէ, սա դեռ չի նշանակում, որ այդ ատելությունը կարող է ստիպել կորցնել հիշողությունը: Ամենեւին այդպես չէ, եւ մարդիկ, համենայնդեպս, մարդկանց այն խումբը, մեր հասարակության այն մասը, որն ունի հիշողություն, այս օրերին մտորում է ոչ միայն ներկայի եւ ապագայի, այլեւ անցյալի մասին:

Շատ ցանկալի կլիներ, որ հաջորդ հանրահավաքներից մեկում կամ էլ որեւէ հարցազրույցում առաջին նախագահը հնարավորինս մանրամասնորեն անդրադառնար 1995-ի նախագահական եւ հատկապես 1996-ի խորհրդարանական ընտրություններին, որպեսզի հասարակությունը վստահ լինի, որ այդ գործիչը եւ նրա շրջապատը իսկապես պատրաստ են պայքարել հանուն արդար ընտրությունների: Թե չէ՝ ընտրակեղծիքներին վերաբերող քննադատությունը կարող է նմանվել ուրիշի աչքի փշի եւ սեփական աչքի գերանի հայտնի աստվածաշնչյան պատմությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել