Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՐԵՆԸ»՝ ՊԱՀԵՍՏ

Նոյեմբեր 29,2007 00:00

\"\"Գիտահետազոտական լուրջ հիմնարկը վերածվել է սովորական պահեստի

«Պարեն» գիտաարտադրական ընկերությունը, որն իր եզակի լաբորատորիաներով Հայաստանում սննդի միակ գիտահետազոտական ձեռնարկությունն էր, այսօր վերածվել է պահեստի եւ որոշ մարդկանց գերշահույթներ է բերում: Երեք տարի առաջ «Պարենը» չնչին գումարներով սեփականաշնորհվեց Ալբերտ Խաչատրյանին, որն էլ 3 տարվա ընթացքում պարտավոր էր տարեկան 10 միլիոն դրամի ներդրում կատարել եւ ապահովել կոլեկտիվի բնականոն գործունեությունը՝ նրանցից յուրաքանչյուրին վճարելով ամսական 50 հազար դրամ աշխատավարձ: Բացի այդ, Ա. Խաչատրյանը պարտավոր էր ընդլայնել արտադրությունը՝ պահպանելով դրա նախկին նշանակությունը: «Պարեն» գիտաարտադրական ընկերության դերը կարեւոր էր հատկապես այնքանով, որ ձեռնարկությունն արտադրում էր բացառապես եզակի հացամթերքներ՝ պատրաստված հատուկ մշակված ցորենի սաղմից եւ թեփից՝ շաքարախտով հիվանդների ու դիետիկ սնունդ ընդունող մարդկանց համար: Ձեռնարկությունն ունեցել է նաեւ տեխնիկապես ապահովված լաբորատորիաներ, որտեղ հատուկ տեխնոլոգիաների միջոցով ստուգվել է մթերքի որակն ու պիտանելիության ժամկետը եւ որոշակի պահանջների համապատասխանելու դեպքում՝ դրանց տրվել է վաճառքի թույլտվություն:

«Պարենի» սեփականաշնորհումից անցել է ավելի քան երեք տարի, սակայն մինչ այսօր սեփականատիրոջ խոստացած ծրագրերից ոչ միայն «Պարենում» ոչինչ չի արվել, այլեւ նոր սեփականատիրոջ «թեթեւ ձեռքով» հսկայական գիտահետազոտական կենտրոնը վերածվել է առեւտրականների համար ապրանքների պահեստատեղիի: Ակնհայտ է, որ գիտահետազոտական կենտրոնը չէր կարող այնքան եկամուտ ապահովել, ինչքան բավականին թանկ գնով վարձով տրվող պահեստային տարածքները: Նկատի ունենալով, որ ձեռնարկությունը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում՝ Գորվետկա 4 հասցեում, իսկ հարեւանությամբ գործում են տասնյակ տոնավաճառներ, ուստի առեւտրականների համար շատ հարմար է, որպեսզի իրենց ապրանքները պահեն հենց «Պարենի» պահեստներում: Նշենք, որ «Պարեն» ՓԲԸ-ի հարեւանությամբ գտնվող «Ալիկ-Լաերտ» ՍՊԸ-ին պատկանող հսկայական պահեստների սեփականատերը նույնպես Ա. Խաչատրյանն է: Վերջինս տեսնելով, որ պահեստները վարձակալությամբ տալը բավականին եկամտաբեր բիզնես է, ուստի չի բացառվում, որ ի սկզբանե էլ ձեռնարկությունը գնվել է՝ հենց պահեստ դարձնելու նպատակով: «Պարեն» ընկերության նախկին աշխատակիցներն «Առավոտի» հետ զրույցում հավաստեցին, որ «մարդկանց աչքերին թոզ փչելու» համար սեփականատերը պարենի արտադրության 5%-ը պահպանել է, իսկ տանը նստած մի քանի անգործ գիտաշխատողների էլ ամսական 10-15 հազար դրամ աշխատավարձ է տալիս՝ ցույց տալու համար, որ արտադրությունը գործում է ու գիտաշխատողներն էլ չեն կրճատվել: Մինչդեռ ներկայումս ընկերության նախկին աշխատակիցները՝ գիտության 4 դոկտոր, 12 թեկնածու եւ միջազգային հեղինակավոր ակադեմիաների անդամ 3 գիտաշխատող մնացել են անգործ: Նախկին աշխատակիցներից իր տեղում է մնացել միայն ձեռնարկության տնօրեն Նաիրի Տեր-Բալյանը, որը, ըստ աշխատողների, լավ լեզու է գտել նոր սեփականատիրոջ հետ ու քանի որ, ի տարբերություն կոլեկտիվի մյուս անդամների, անմիջապես Ա. Խաչատրյանի կողմն է բռնել, վերջինս էլ նրան աշխատանքից չի հեռացրել:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Պարեն» ՓԲԸ-ի մասնավորեցումը կատարվել է ուղղակի վաճառքի ձեւով, եւ 2 հազար 918 քմ ընդհանուր մակերեսով ձեռնարկության տարածքը գնահատվել է ընդամենը 45 միլիոն 176 հազար դրամ, այսինքն՝ քաղաքի կենտրոնում գտնվող պատրաստի շինության 1քմ-ն գնահատվել է $30: «Պարենի» արտադրության նախկին պետ, արհմիության նախագահ Էմիլյա Մելիքյանի հավաստմամբ՝ ձեռնարկությունը գնելու հայտ առաջինը ներկայացրել է կոլեկտիվը: Նրա խոսքերով. «Այդ գործարանը մեզ համար կենսական նշանակություն ուներ: Հենց մենք ենք ցուրտ ու խավար տարիներին պայքարել, որ մեր աշխատանքը չխափանվի: Անձամբ ես, ստանալով չնչին աշխատավարձ՝ գիշեր-ցերեկ աշխատել եմ այդ ընկերությունում: Սակայն, երբ ձեռնարկությունը մեզ չտվեցին, այլ տվեցին Ալբերտ Խաչատրյանին, որը տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի բարեկամն է, մեր իրավունքները պաշտպանելու համար ստիպված դիմեցինք դատարան»: Է. Մելիքյանը պնդում է, որ Ն. Տեր-Բալյանն աշխատողներին համոզել է դիմումները դատարանից հետ վերցնել, իսկ փոխարենը խոստացել է նրանց աշխատանքից չազատել: Սակայն, երբ մի քանի թերահավատ աշխատակիցներ հրաժարվել են բողոքից ու իրենց դիմումները հետ են վերցրել, տնօրենը մոռացել է իր խոստումներն ու ձեռնարկության աշխատակիցներից ոմանց անմիջապես ազատել է աշխատանքից, մյուսներին էլ, այդ թվում նաեւ արտադրության պետին, ուղարկել է չվարձատրվող հարկադիր հանգստի, որից մինչ այսօր դեռ ոչ ոք չի վերադարձել: Է. Մելիքյանի խոսքերով. «Կեսին սպառնալով, կեսի գլխի տակ փափուկ բարձ դնելով, հսկայական գիտական ձեռնարկությունը սկուտեղի վրա նվեր տվեցին Ալիկին: Մեր բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց բարեկամների համար բիզնես են ապահովում, հասարակ ժողովրդին էլ՝ էսպես դաղում»:

Թե ինչու «Պարեն» ՓԲԸ-ն կառավարության որոշմամբ նախատեսված պարտավորությունները չի կատարել, ու արտադրությունը ընդլայնելու ու ներդրումներ անելու փոխարեն դադարեցրել է նրա գործունեությունը, փորձեցինք պարզել ձեռնարկության տնօրեն Նաիրի Տեր-Բալյանից: Ի պատասխան «Առավոտի» հարցադրումներին, նա խնդրեց մի քանի օր ժամանակ տալ՝ պատճառաբանելով, որ քաղաքում չի լինելու եւ շատ զբաղված է: Մեկ շաբաթ անց, երբ տնօրենն արդեն քաղաքում էր, նա խուսափեց մեզ հետ հանդիպել՝ ասելով. «Ես կարծում եմ, մենք ձեզ հետ խոսելու ընդհանուր թեմա չունենք, կներեք, ձեր հարցերին չեմ կարող պատասխանել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930