Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԳԾՎԱԾ ԱՌԱՋԱՏԱՐ ՉԿԱ

Դեկտեմբեր 04,2007 00:00

ՀՅԴ Գերագույն ժողովից հետո վարչապետ Սերժ Սարգսյանը լրագրողներին ասաց. «Բանից պարզվում է, որ այս երկրում լավ բաները կատարել են իրենք, վատ բաներն էլ մնացածին են վերագրվում»:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ խոսնակ Սպարտակ Սեյրանյանը երեկ «Փաստարկ» ակումբում «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով Սերժ Սարգսյանի այս եւ ՀՅԴ-ի հասցեին արված այլ դիտարկումներին՝ ասաց. «Շատ բնական եմ ընկալում, երբ մեր մրցակիցները մեր գնահատականների կամ ելույթների նկատմամբ քննադատական դիրքորոշում են ունենում»: Հավելեց. «Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ բոլոր հաջողությունները ՀՅԴ-ն վերագրում է իրեն, ապա Վահան Հովհաննիսյանը շատ եւ շատ կետերում ինքնաքննադատաբար նշեց, որ մենք կոնկրետ հարցերում այնքան չենք էլ հաջողել, հետեւաբար՝ բոլոր հաջողությունները մեզ վերագրելու ինչ-որ ցանկություն չունենք: Մանավանդ որ՝ չեմ կարծում, թե Հայաստանում որեւէ մեկը թույլ տա, որ որեւէ քաղաքական ուժ կարողանա իրեն վերագրել բոլոր հաջողությունները»:

Սպարտակ Սեյրանյանն ասուլիսում համոզմունք հայտնեց. «Այս պահին չկա նախագահության ընդգծված առաջնորդ, որը միայն առաջին փուլում հաղթանակ կտանի: Հետեւաբար, ընտրությունները կլինեն 2 փուլով»:

Վարչապետի հեգնական գնահատականներին զուսպ արձագանքած ՀՅԴ ԳՄ խոսնակը փոխարենը բավական հյութեղ խոսեց Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին: Նշեց, թե չի կարելի 10 տարվա բացակայությունից հետո «մտնել քաղաքական դաշտ ու խոսել, թե էս ի՜նչ անտեր երկիր է, էս ի՜նչ եք արել իմ գյոզալ երկիրը: Դեսա՛նտ էր իջել Հայաստանում ու հանկարծ բացահայտել, որ ստեղ ինչ-որ պրոբլեմներ կան: Էդ պրոբլեմներն անցած տարի էլ կային, նախանցած տարի էլ: Էդ պրոբլեմներից շատերի հիմքը իր գործունեության արդյունքն են նաեւ: Այստեղ իրավունքի խնդիր կա: Մարդը տարիներ շարունակ չի եղել էլի, ասենք, ԺԷԿ-ի պետ, թերթի խմբագիր, նախարար կամ փոխնախարար. եղել է Հայաստանի պրեզիդենտ, հետեւաբար՝ էդ բարձրությունից պետք է ինքը շատ ու շատ բաների մասին խոսեր»:

Սպարտակ Սեյրանյանն անդրադառնալով ընտրություններում ԼՂ խնդրի շահարկմանը՝ ընդգծեց. «Չկա մի ուժ, որ կարողանա Ղարաբաղը տալ. այն պարզ պատճառով, որ այն տվողը քաղաքական ուժերը չեն՝ անկախ դրանց ունեցած ազդեցությունից եւ դրանց ղեկավարների զբաղեցրած պաշտոնից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել