Լրահոս
Օրվա լրահոսը

«Հունդայիները» սեփականաշնորհե՞լ են»

Դեկտեմբեր 04,2007 00:00

Ազգային ծրագրով մեքենաներ են գնում ու սեփականի պես օգտագործում

Առողջապահության նախարարության մի քանի վարչության պետեր վերջերս երթեւեկում են «Հունդայի» մակնիշի նոր «ջիփերով»: Մասնավորապես՝ բուժվարչության պետ Վահան Պողոսյանը եւ նախարարության տնտեսական բաժնի ղեկավար Արմեն Կարապետյանը:

Մեր տեղեկություններով, վերջերս առողջապահության նախարարությունը 3 թանկարժեք՝ «Հունդայի» մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել: Ընդ որում, դրանք, մեր աղբյուրի հավաստմամբ, գնվել են ոչ թե նախարարության բյուջեի, այլ առողջապահական որոշ ծրագրերի միջոցներով: Երեկ նախարարության բուժվարչության պետ Վահան Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե այդ մեքենաներն ի՞նչ միջոցներով եւ ի՞նչ նպատակով են ձեռք բերվել: «Առավոտի» հարցին ի պատասխան, պարոն Պողոսյանն ասաց, որ մեքենաները գնվել են արտաբյուջետային միջոցներով՝ տուբերկուլյոզի աջակցման ազգային ծրագրի հաշվին. «Նախարարությունը 2005-ին ծրագիր է գրել եւ գրանտ է շահել: Այդ գումարներից ոչ թե 3, այլ 5 մեքենա ենք գնել՝ առանց ԱԱՀ-ի: 3-ը՝ «Հունդայի», 2-ն է՝ «Նիվա» մակնիշի: Նախարարությունում աշխատանքները համակարգող խումբ է ստեղծվել, որոնք պետք է 3 ամիսը մեկ այցելություններ կատարեն մարզեր»: Բացի այդ, բուժվարչության պետն ասաց, որ դրամաշնորհի գումարներով գնել են նաեւ ռենտգեն սարքավորումներ, համակարգիչներ, ֆլյուրոգրաֆիկ սարքեր եւ այլն: Պարոն Պողոսյանը վստահեցրեց, որ գնումները կատարվել են օրենքի համաձայն՝ գնումների գործակալության միջոցով: Ի դեպ, Վ. Պողոսյանի տվյալներով, մեկ «Հունդայի» մեքենայի արժեքը 6 միլիոն դրամ է ($20 հազար):

Նկատենք, որ նշյալ մակնիշի «ջիփի» շուկայական արժեքը 50-60 հազար դոլար է: Թե ինչ արտոնյալ պայմաններով է նախարարությունը դրանք եռակի ցածր գնով ձեռք բերել՝ անհասկանալի է: Մեզ հետ զրույցում Վ. Պողոսյանն ասաց, որ իր վարած «ջիփ» մեքենան անձնական է: Բացի այն, որ բուժվարչության պետը իր 100-120 հազար դրամ աշխատավարձով չէր կարող նման շքեղ մեքենա գնել, մեր աղբյուրի հավաստմամբ, նա նման մակնիշի անձնական մեքենա չունի: Նշենք նաեւ, որ եթե նույնիսկ պարոն Պողոսյանը օգտվում է այդ մեքենայից, ինչ-որ տեղ հասկանալի է, քանի որ նա տուբերկուլյոզի ազգային ծրագրի ղեկավարն է: Իսկ թե տնտեսական բաժնի ղեկավարը, որը վարում է «001 LO 07» պետական համարանիշերով «Հունդայի» «ջիփը», ինչ կապ ունի տուբերկուլյոզի ծրագրի հետ՝ անհայտ է: Ուշագրավ է, որ այս մեքենաներից առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը չի օգտվել, քանի որ նրա ծառայողական մեքենան մեղմ ասած այնքան էլ լավ վիճակում չէ, եւ նա երթեւեկում է անձնական ավտոմեքենայով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել