Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՄՓՈՓԵՑ 2007-Ը

Դեկտեմբեր 25,2007 00:00

\"\"«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երեւանցիներին՝ համբերատարության համար, բոլոր ժամանակավոր անհարմարությունները տարան պատվով»,- երեկ տարվա ամփոփիչ ասուլիսում հայտարարեց քաղաքապետ Երվանդ Զախարյանը եւ ցանկացավ, որ 2008-ին երեւանցիների հոգսերն ավելի քիչ լինեն:

Քաղաքապետն ընդհանրապես դրական գնահատեց 2007-ն այն առումով, որ Երեւանի քաղաքապետարանի եւ թաղային համայնքների 2007թ. սոցիալ-տնտեսական գործունեության ծրագրով նախատեսված 83717.4 մլն դրամի աշխատանքների փոխարեն փաստացի կատարվել են ավելին՝ 94673.4 մլն դրամի աշխատանքներ: Տարվա ձեռքբերումը քաղաքապետը համարում է Երեւանի զարգացման 2004-2007 թվականների ծրագրի իրականացումը, ամենամեծ թերացումը՝ «միգուցե ավելին կարող էինք անել, մասնավորաբար՝ տրանսպորտի եւ աղբահանության ոլորտներում»: «Երեւանը պիտի զարգանա, պիտի վերակառուցվի. հաստատված է մինչեւ 2020 թ. քաղաքի գլխավոր հատակագիծը եւ դրա շրջանակներում, ոչ միայն իրացման գոտիներում, այլ նաեւ կենտրոնից դուրս տարածքներում, մենք ունենք գոտիականացման ծրագրերի ձեւավորված եւ հաստատված առանձին թաղամասերի շինարարություն»,- ասում է քաղաքապետը: Պարոն Զախարյանը կարեւորում է Երեւանում իրականացված լայնածավալ շինարարությունը՝ Հյուսիսային պողոտան, Երեւանի մի շարք փողոցների բարեկարգումը, 8 ստորգենտյա եւ վերգետնյա հետիոտն անցումների կառուցումը, վթարային շենքերի բնակիչների համար նոր՝ թվով 4 շենքերում 210 բնակարանների կառուցումը, 3-րդ կարգի վթարային շենքերի ամրացումը, 74 փողոցներում 152 կմ լուսավորության ցանցի վերակառուցումը, հիմնանորոգումը, ծանրաբեռնված խաչմերուկներում բազմամակարդակ ճանապարհային հանգույցների շինարարությունը:

«Երեւանում ճանապարհաշինարարական աշխատանքները սկսվել են բավականին ուշացումով: Եթե հնարավորություն լիներ՝ դրանք պետք է սկսվեին 3, 5, 7 տարի առաջ: Տնտեսության եւ տրանսպորտի զարգացման այն տեմպերը, որ կային, եթե մենք յուրաքանչյուր տարի մեկ օբյեկտ կառուցեինք՝ ոչինչ լուծած չէինք լինի: Կարծում եմ, որ շինարարության տեմպերը պիտի պահպանվեն: Մենք դեռ մի բան էլ ուշացել ենք՝ պիտի հասցնենք»,- ասում է քաղաքապետը: Նա կարծում է, որ գերծանրաբեռնված տրանսպորտային այս վիճակից մայրաքաղաքը դուրս բերելու ամենաարդյունավետ ուղին մետրոպոլիտենի զարգացումն է: Այժմ բանակցություններ են ընթանում Համաշխարհային բանկի հետ՝ հարմար պայմաններով վարկեր ձեռք բերելու համար: Առաջնահերթ կկառուցվեն մետրոյի «Բարեկամություն» կայարանից դեպի Աջափնյակ եւ Կոմիտասի փողոց տանող գծերը: Միայն Աջափնյակի գծի կառուցումը կարժենա մոտ 60 միլիոն դոլար: Զուգահեռ կշարունակվի միկրոավտոբուսները ավտոբուսներով փոխարինելու գործընթացը: Հունվարի 1-ից մայրաքաղաքում կունենանք 307 «Բոգդան»: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ կառավարության պահուստային ֆոնդից 2007 թվականին Երեւանի քաղաքապետարանին է հատկացվել 3 միլիարդ դրամ՝ քաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների հիմնանորոգման համար: Ծրագիրը կավարտվի 2008 թվականի 3-րդ եռամսյակում: 2007 թվականին, բացի նախատեսվածներից, Երեւանի քաղաքապետարանը լրացուցիչ ծրագրերով մայրաքաղաքի 13 դպրոցներում ջեռուցման համակարգեր է կառուցել եւ տանիքները նորոգել՝ ծախսելով 601 միլիոն դրամ: Քաղաքապետը կարեւորեց նաեւ մայրաքաղաքի գլխավոր հատակագծի իրացման շրջանակներում կատարված համայնքների գոտիավորման աշխատանքները: Դրանք կավարտվեն 2009 թվականին, եւ կունենանք քաղաքի գլխավոր հատակագծից բխող ու քաղաքի համընդհանուր զարգացման համար կարեւոր փաստաթուղթ՝ մինչեւ 2020 թվականը:

«Երեւանը շնչող, ապրող աշխատող օրգանիզմ է»,- ասում է քաղաքապետը եւ հավելում, որ 2008-ին արդեն կկառուցվի աղբի վերամշակման գործարան եւ Շենգավիթ համայնքում փորձնական կներդրվի աղբի հավաքման նոր համակարգ: Քաղաքապետն ասում է, որ այս ոլորտում անելիքներ դեռ կան եւ կարեւորում է քաղաքացու դերը. «Պիտի կարողանանք մարդկանց հոգեբանությունը փոխել. մենք ոչ միայն պիտի մաքրենք քաղաքը, այլ պիտի կարողանանք քաղաքը մաքուր պահել: Ինչքան նոր մեթոդներ կիրառենք, շատ մեքենաներ բերենք, ինչ էլ անենք՝ եթե հոգեբանությունը չփոխվի, մենք չենք ունենա մեր երազած քաղաքը: Մենք չենք նվազեցնում մեր պատասխանատվությունը, բայց քաղաքի մաքրությունով պիտի զբաղվի յուրաքանչյուր քաղաքացի»:

Անդրադառնալով իրացման գոտիներին՝ քաղաքապետն ընդգծում է, որ բողոքողների թիվը կազմում է կնքված պայմանագրերի 1 տոկոսը՝ մոտ 25 մարդ: «Իրացման գործընթացի ժամանակ, ինչպես շահարկում են Հյուսիսային պողոտայի որոշ բնակիչներ, ոչ մի փաստաթղթի ստորագրման հետ կապված՝ ոչ մի պարտադրանք չի եղել: Բոլոր պայմանագրերը ստորագրվել են կամովին»,- ասում է քաղաքապետը եւ հավելում, թե շվեդները մոնիտորինգ անցկացնելով՝ զարմացած են մնացել, որ ընդամենը մեկ տոկոս է կազմել բողոքողների թիվը: Նաեւ նկատում է՝ «Կառավարության, քաղաքապետարանի կողմից եղել են որոշ հարցեր, որոնց կարելի էր այլ լուծում տալ»: Ելնելով այդ բացթողումներից, այժմ իրացումն այլ պայմաններով է կատարվում՝ «մինիմումի հասցնելով բողոքողների թիվը»,- ասում է Ե. Զախարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել