Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՐՏԵՂ ԲԱՐԳԱՎԱՃԸ՝ ԱՅՆՏԵՂ ԷԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»

Մարտ 29,2008 00:00

Արա Սահակյանի մտորումները նորաստեղծ կոալիցիայի մասին

– Երեկվա հարցազրույցը Դուք ամփոփեցիք Հայաստանը գետտո չդարձնելու կոչով, բայց մի՞թե ստեղծված քառանդամ կոալիցիան այդպիսի նպատակ է հռչակել:

– Նախ, վատ նպատակները չեն հռչակվում, պարզապես բարի մտադրությունների անվան տակ հաճախ ստացվում են վատ հետեւանքներ: Եվ ապա, Հայաստանում իշխանությունների բաժանման սկզբունքը ոտնահարված է. ԱԺ-ն իշխանության ինքնուրույն ճյուղ չէ՝ այն գործադիրի կցորդն է: Իմ համոզմամբ, սա խորհրդարանական կոալիցիա չէ, քանի որ չի ձեւավորվել ինը ամիս առաջ՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, այլ ստեղծվել է նախագահական ընտրություններից հետո առաջացած հասարակական պառակտումը քողածածկելու համար: Իր հիմքերում ՀՀԿ-ԲՀԿ-ՀՀԴ-ՕԵԿ պակտը խարսխված է խաբեության վրա: Խաբեություն առաջին՝ ՀՀԴ-ի եւ ՕԵԿ-ի նախագահական թեկնածուները ձայներ են հավաքել իշխանության բարեհաճությամբ եւ ընտրողներին ներկայանալով ընդդիմադիր կեցվածքով: Ըստ էության, նրանց ձայները վարչախմբից դժգոհ ընտրողների ձայներն են: Խաբեություն երկրորդ՝ կայուն կառավարություն կազմելու համար ԱԺ-ում ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ձայները լիովին բավարար են, իսկ մյուս երկուսի կցումը այդ պակտին՝ քաղաքական պրակտիկայի տեսանկյունից, ավելորդություն է:

– Բայց Դաշնակցությունը արդեն տասը տարի գործում է իբրեւ իշխանության հենարան կամ ուղղակի իբրեւ իշխանություն:

– Դաշնակցությունը, իրոք, այն պահից, երբ գլխավոր դատախազի որոշմամբ եւ իրադրության փոփոխության պատրվակով նրա շեֆերը ազատվեցին քրեական պատիժը կրելու պատասխանատվությունից, եղել է իշխանության կամ եթե ավելի ճշգրիտ ասենք՝ Քոչարյանի հենարանը: Բայց գիտեք՝ կաղ իշխանությանը ոչ թե հենարան, այլ հենակ էր հարկավոր, եւ Դաշնակցությունն առանձնակի խանդաղատանքով (բայց ոչ պլատոնական անպատասխան սիրով) եղավ այդ հենակը: Կոալիցիայում ՀՀԴ-ի այսօրվա ներկայությունը թաքնված արմատներ ունի. ԲՀԿ-ն ստեղծել է Քոչարյանը, ՀՀԴ-ն Քոչարյանի հետ է, ուրեմն՝ որտեղ ԲՀԿ-ն՝ այնտեղ էլ ՀՀԴ-ն: Թող չսրտնեղեն մտածելու ընդունակությունը չկորցրած շարքային դաշնակցականները, ես գիտեմ, որ նրանցից շատերը դժգոհ են իրերի այս դրությունից: Սա լեղի ճշմարտությունն է, եւ յուրաքանչյուր ոք, ով կրում է այդ կուսակցության անդամատոմսը, ամեն օր պետք է պատրաստ լինի խմելու դառնության այս բաժակը:

– Այսինքն՝ ստացվում է, որ կոալիցիան ոչ մի լավ բան չի՞ խոստանում մեր պառակտված հասարակությանը:

– Ոչ, չի խոստանում: Այս ուղղությամբ որեւէ դրական հեռանկար չի նշմարվում, թեկուզ այն պատճառով, որ որոշումները կայացվելու են երկու հայտնի անձանց կողմից եւ ներկայացվելու են խորհրդարանի 95 տոկոսի անունից: Ի դեպ, եթե նայում ենք Հայաստանում պառլամենտարիզմի ավանդույթների տեսանկյունից, ապա հետընթացը կատարյալ է. հրապարակներում հավաքված մարդիկ, շնորհիվ «Ղարաբաղ» կոմիտեի քաղաքական պրեսինգի, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդում բավական մեծ կշիռ ձեռք բերեցին, կարողացան նրան կարեւորագույն որոշումներ պարտադրել, իսկ Մարգարյանցի կաբինետին էլ հարկադրեցին գործադրել ժողովրդի կամքով ընդունված որոշումները: Այսքան վատ չէր վիճակը նաեւ 1919թ. հունիսին ընտրված ՀՀ խորհրդարանում, որի 80 հոգանոց կազմից 4-ը ընդդիմադիր էսէռներ էին, 3-ը՝ թուրք, 1-ը՝ անկուսակցական: Առաջին խորհրդարանում հասարակական տարբեր խավերի տրամադրությունները եւ այն ժամանակվա համար չափազանց էական սոցիալիստական հոսանքի ազդեցությունը ընդունվում եւ հարգվում էին: Գուցե ինձ մեղադրեն այս թեմայի վրա երկար ծանրանալու մեջ, սակայն հարկ եմ համարում Դաշնակցության ներկա կրավորական վիճակը ի ցույց դնելու համար հիշեցնել, որ այդ 1919 թ. ընտրություններում պատերազմից, սովից ու տարափոխիկ հիվանդություններից նվազած հայ բնակչության մեջ Դաշնակցությունը 2,3 անգամ ավելի շատ ձայն էր ստացել, քան ներկա «կայուն» Հայաստանում:

– Ձեր խոսքը լրիվ չի լինի, եթե չանդրադառնաք կոալիցիայի չորրորդ անդամին՝ ՕԵԿ-ին:

– Քաղաքական վերլուծության մեջ զգացմունքներին տրվելը թուլության նշան է, սակայն մեր ճակատագիրը տնօրինողների մասին ստոյիկյան սառնասրտությամբ դատելն էլ մի ուրիշ ծայրահեղություն է: ՕԵԿ-ը ստեղծվել է կառավարության հայտնի գերատեսչություններից մեկի քավորությամբ: Իր գենեզիսով այն արհեստածին է եւ տառապում է բազում բնածին արատներով: Նաեւ նկատելի է, որ ավելի ու ավելի քիչ մարդիկ են հետեւում նրան: Ես չգիտեմ որքան կբավականացնի ՕԵԿ-ի ղեկավարների եռանդը, բայց եւս մեկ ընտրություն՝ եւ նա կարձանագրվի քառանիշ ձայներ հավաքողների շարքում: ՕԵԿ-ում իրական աշխատանքը նենգափոխված է ամբոխահաճությամբ, իսկ գաղափարական սկզբունքները մոդեռն բանաձեւերի ու սահմանումների էկլեկտիկ միախառնություն են: Եթե միջին հայաստանցուն հարցնեք՝ ո՞րն է ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի տարբերությունը, ապա նա ձեզ կպատասխանի, որ Ծառուկյանը ամրակազմ է ու հարուստ, իսկ Բաղդասարյանը երիտասարդ է ու իրավագիտության դոկտոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել