Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԸ

Ապրիլ 11,2008 00:00

Այսինքն թե՝ գնացողը եւ եկողը: Գնացողը իր հետ տանում է այն, ինչ անձնական էր, եւ երկրին թողնելով հիմնականը, ինչը որ երկրինն էր, ինչը որ ինքն էր արել երկրի համար՝ իր կառավարման ժամանակներում: Իսկ ժամանակը, ինչպես վաղ գարնանային ձյուն, իր հետ տանում է մեր կյանքի օրերը, ծաղկած ծիրանի ծառի ծաղիկները՝ թողնելով հասնող ծիրանը մեզ: Ինչ գեղեցիկ է, որ գնացողը մեզ ծիրանի ծառ է թողել, եւ վերջապես՝ ինչ հրաշալի է, որ եկող նախագահը պատվով է ճանապարհում գնացողին: Մի տեսարան, որ հայոց անկախ պետականության մեջ առաջին անգամ է: Չէ՞ որ մինչ այդ նախորդ երկու նախագահները տասը տարի նույնիսկ չէին խոսում իրար հետ՝ լինեով, սակայն, գործընկերներ եւ, կարծես թե, լինելով հանուն պետության…Ամեն մարդ, ապրելով Աստծո ստեղծած աշխարհում, փնտրում է իր ճշմարտությունը, որը, անշուշտ, նեղ անձնական փիլիսոփայություն է: Ընդունելով մարդու եւ իմ փնտրտուքը այդ՝ ես նորից գալիս եմ մի պարզ եւ, աշխարհում արդեն ընդունված, եզրակացության, որն է հետեւյալը. պետությունը, մեր բոլորի համընդհանուր կամքի վերացական արտահայտությունը լինելով, միակ մեծ ճշմարտությունն է, որը, կայանալով մեր միջոցով, մեզանից վեր է: Ունես պետություն՝ գտել ես ճշմարտությունը, չունես պետություն՝ թափառիր ճշմարտության փնտրտուքների մեջ՝ խնդրելով եւ նսեմանալով օտար տերությունների առաջ: Ի՞նչ ենք ուզում մենք այսօր, աշխարհում մեզ տեսնել մեր անձնական պատկերացումների մե՞ջ, թե՞ ցուցաբերենք հաստատուն կամք՝ պետություն ստեղծելու, երբ կարող են այդ պատկերացումները երբեմն չհամընկնել վեց հարյուր տարի պետականություն կորցրած մեր ցեղի տարտամ ու սովորություն դարձած թափառ բնավորությանը: Երբ խոնարհ էինք օտար տիրակալների առաջ եւ այսօր էլ խոնարհվում ենք դրսերում, մեր երկրի ներսում, սակայն, չընդունելով մեր իսկ ընտրած իշխանավորներին: Մենք մեզ համարում ենք մեծ մշակույթի ժողովուրդ եւ իրավամբ ճիշտ ենք համարում, բայց ցանկացած մշակույթ խաթար է, քանի դեռ չի ստեղծել ուժեղ պետականություն, ինչի շեմին մենք այսօր կանգնած ենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել