Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՈՎՈՐԵԼ, ՍՈՎՈՐԵԼ, ՍՈՎՈՐԵԼ»

Ապրիլ 23,2008 00:00

Երեկ սովետական առաջնորդի այս պատգամը Սերժ Սարգսյանին հղեց ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը. «Խորհուրդ կտայի լրջորեն կարդալ Լենինին: Նրա տված խորհուրդները եթե ճիշտ օգտագործես, անկախ նրանից՝ կոմունիստական է, թե՝ ինչ է, այդ գաղափարների մեջ հատիկներ կան, որոնք այսօր էլ արդիական եւ օգտակար են»: Երեկ, առաջնորդի ծննդյան 108-րդ տարեդարձի առիթով, ՀԿԿ ղեկավարությունն այցելել էր Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղ՝ ծաղիկներ դնելու այնտեղ գտնվող Լենինի կիսանդրուն: ՀԿԿ տեղական կազմակերպությունը լավագույնս պատրաստվել էր առաջնորդի տարեդարձին եւ կուսակցական վերնախավին ընդունելուն. գյուղի մուտքից փողփողում էին սովետական կարմիր դրոշները, օրակարգում էր՝ «Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք» կարգախոսը, նույնիսկ պիոներական վզկապներով աշակերտներ կային, ովքեր «պատիվ առած» կանգնել էին Լենինի կիսանդրու աջ ու ձախ կողմերում: Երեխաները, իհարկե, չկարողացան բացատրել կարմիր վզկապների խորհուրդը, բայց «Լենին պապիկին» ճանաչում էին ու խոստացան, որ մինչ հաջորդ տարի լավագույնս կսերտեն պիոներիայի դասերը: «Այն Եվրոպան, որ այսօր մեզ խորհուրդ է տալիս ինչպես ապրել ու շնչել, որ օրենքն է ճիշտ, որը՝ սխալ, Հայրենական պատերազմի տարիներին ընդամենը 116 օրում ծնկի եկավ Հիտլերի առջեւ»,- խոսելով սոցիալիստական հեղափոխության, նրա ձեռքբերումների մասին՝ ընդգծեց ՀԿԿ առաջնորդ Ռուբեն Թովմասյանն ու եզրակացրեց. «Սոցիալիստական գաղափարախոսությունը մարդկության գաղափարախոսությունն է: Այսօր էլ շատ ու շատ երկրներ գնում են Իլյիչի նախանշած ուղով»: Վերջին քսանամյակում կոմունիստական գաղափարախոսության նահանջն ընկեր Թովմասյանը ժամանակավոր է համարում եւ իբրեւ ասվածի փայլուն ապացույց՝ վկայակոչում է այն, որ 1990 թվականին թողնելով իշխանությունը, կոմունիստները 44 միլիարդ ռուբլի հարստություն թողեցին երկրին, եւ, որ ավելի կարեւոր է՝ «Ոչ մեկի քթից արյուն չեկավ, ժողովուրդը ցանկանում էր՝ կոմունիստները չընդդիմացան. ամեն ինչ ստեղծված էր եւ արվում էր մարդու համար, դրանից էլ ժողովրդավար ու ազատ երկի՞ր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել