Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵԿՈՒԿԵՍ ՏԱՐՈՎ ԿՂԵԿԱՎԱՐԵՄ, ԵԹԵ ՎՍՏԱՀԵՆ»

Ապրիլ 25,2008 00:00

\"\"Ասում է բեմադրիչ Արմեն Մազմանյանը՝ նկատի ունենալով Մայր թատրոնը

Ճիշտ է, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի (որն իրավամբ համարվում է մեր Մայր թատրոնը) գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը դեռ 2 տարի ունի կենսաթոշակի անցնելու համար, սակայն համառ են այն լուրերը, որ նրան շուտով փոխարինելու է «Գոյակ» մշակութային ընկերության նախագահ, բեմադրիչ Արմեն Մազմանյանը:

«Առավոտը» պարոն Մազմանյանին հարցրեց. «ճի՞շտ է, որ հաշվի առնելով Ձեր ՀՀԿ անդամ լինելը եւ մտերմությունը ՀՀ նախագահի հետ, շուտով Մայր թատրոնի «ղեկը», հանձնվելու է Ձեզ»: «Կային ժամանակներ, երբ ես իբր ՀՀՇ-ական էի, հետո՝ ծպտված դաշնակ, մի շրջան էլ, պարզվում է, ԿԳԲ-ի ագենտ եմ եղել: Վերջինիս մասին ասեմ, որ նախ ինձ չէին էլ «ընդունի», քանի որ ես քաղբանտարկյալ, Դրոյի հետ ընդհատակյա կապերի մեջ գտնվող Աղասի Մազմանյանի որդին եմ: Բախտ եմ ունեցել մտերիմ լինելու նաեւ արժանահիշատակ Սպարապետի ու վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: Ունեմ ընկերներ ու մտերիմներ ՀՀԿ-ում, ՀՅԴ-ում եւ այլ կուսակցություններում: Կարծում եմ՝ դա կապ չունի իմ մասնագիտական ու պրոֆեսիոնալ գործունեության հետ: Հանրապետական կուսակցության անդամ չեմ, ընդամենը բեմադրիչ եմ, որը 1991թ.-ին առաջինն իր ընկերների հետ Հայաստանում հիմնեց ոչ պետական թատրոն: Հանգամանքների բերումով ժամանակին եղել եմ առեւտրական՝ բենզինի, ալյուրի բիզնես էի անում, որ թատրոն պահեմ: Վերջին տարիներին իրականություն դարձավ իմ «ազատ թատրոնի բեմ» գաղափարը, որտեղ հնարավորություն ունեցան ներկայանալ երիտասարդ դրամատուրգներ, ռեժիսորներ, դերասաններ: Ապրիլի 27-ին էլ Էքսպերիմենտալ թատրոնն ու «Գոյը» համատեղ հանդես կգան Ռեյ Բրեդբերիի «468 ըստ Ֆարենհեյթի» ներկայացմամբ, որը բեմադրել է երիտասարդ ռեժիսոր Արթուր Տեր-Դանիելյանը: Ինչ վերաբերում է Մայր թատրոնի ղեկավարությունը ստանձնելուն, եթե իշխանությունները հարմար կգտնեն, պատրաստ եմ հանձն առնել այդ օջախի ժամանակավոր կառավարումը, օրինակ՝ 1,5 տարով: Իսկ արդյունքների մասին հետո կխոսենք»,- պատասխանեց բեմադրիչը:

Նա անդրադարձավ նաեւ 1995 թվականից մշակույթի նախարարներին ներկայացրած իր ծրագրին. «Այնտեղ կետ առ կետ շարադրված են նոր թատրոնն ու գեղագիտությունը, կառավարման մոդելը, ֆինանսական, պայմանագրային դրույթները եւ այլն: Համակարգը պետք է փոխվի, եւ առաջին հերթին՝ պետք է ազատվել գեղարվեստական ղեկավարներից: Պետությունը, բացի ակադեմիական թատրոններից, առաջնահերթ պիտի հոգ տանի ժանրային թատրոնների մասին, այդ թվում՝ օպերետի, որն իր անվանը չի համապատասխանում, տիկնիկայինի, իմ կարծիքով, միակ կայացած՝ մնջախաղի թատրոնի… Մյուս օջախների, օրինակ, Արմեն Էլբակյանի ղեկավարած թատրոնի համար, ինքը՝ Էլբակյանը, պետք է մեկենաս գտնի: Խաղացանկային թատրոններում պահպանելով հիմնական դերասանական կորիզը, պետք է լինեն հրավիրյալ դերասաններ: Երբեմն մտածում եմ, որ եթե ինձ չեն նկատում, փաստորեն՝ զրկում են հայրենիքում ստեղծագործելու իրավունքից: Ինչո՞ւ ոչ մեկը հետաքրքրված չէ ժամանակին Սունդուկյանի անվան թատրոնին «Լինսի» տրամադրած 1 մլն 700 հազար դոլարի «լվացումով»… Իմ թատրոնի օրինակն էլ բերեմ, երբ 2006թ. «Գոյն» ու Մայր թատրոնը պետպատվերի շրջանակներում (2 մլն 200 հազար դրամ) համատեղ ներկայացրին Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը», որտեղ ընդգրկված էր դերասանների 5-6 սերունդ՝ Վլադիմիր Մսրյանից, Ռուդոլֆ Ղեւոնդյանից մինչեւ ինստիտուտում իմ ղեկավարած կուրսի շրջանավարտներ, ծախսվեց շուրջ 14 մլն դրամ: Այս դեպքում դարձյալ օգնեցին իմ պաշտոնյա ընկերներս: Բայց 6 ներկայացում հետո Մայր թատրոնն ինձ ասաց, որ պետք է վարձավճար տամ: Ոչ մեկը չհետաքրքրվեց այս աբսուրդով…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել