Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՉԻ ԳՆԱՑԵԼ

Հունիս 06,2008 00:00

\"\"Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը երեկ հայտարարեց, որ իշխանության կողմից ռեալ երկխոսության առաջարկ չի արվել, իսկ այն, ինչ արվել է, «կուտ տալու» պես բան է, որը իրենք չեն ընդունում:

Արման Մուսինյանը երեկ պատասխանելով լրագրողի հարցին՝ «պատրա՞ստ եք նոր բախումների», ասաց. «Ցավում եմ, որ դուք այդպես եք մտածում, ի՞նչ է նշանակում՝ պատրա՞ստ եք նորից բախումների գնալ: Ուրեմն, մեկընդմիշտ ձեր մեջ ֆիքսեք մի բան՝ ընդդիմությունը երբեք բախումների չի գնացել: Ցանկացած նման հարց ես դիտում եմ որպես պրովոկացիա, ընդդիմությունը միշտ իրացրել է իր իրավունքները խաղաղ, օրինական ձեւով: Իշխանություններն են գնացել սադրանքի, իրագործել են ջարդ, բռնություն, եւ եթե դուք նորից բախումների գնալու արտահայտությունը օգտագործելու եք, խնդրեմ, այն օգտագործեք այն ասուլիսներին, որտեղ նստած են պետական պաշտոնյաներ»: Հունիսի 20-ի հանրահավաքի անցկացման մասին ծանուցում ընդդիմությունը դեռ չի ուղարկել քաղաքապետարան, բայց կուղարկվի:

«Առավոտի» հարցին՝ ընդունենք, հունիսի 20-ի հանրահավաքին անչափ մեծ թվով մարդ է հավաքվում, հետո ի՞նչ է արվելու, ընդդիմությունը ունի՞ հետագա գործողությունների ծրագիր, ի վերջո, ի՞նչ է արվելու այդ հանրահավաքում: Ի պատասխան ասվեց. «Ամփոփելու ենք հետմարտիմեկյան իրադարձությունները, կամփոփենք ԵԽԽՎ բանաձեւի իրականացումը, պայքարի հեռանկարները կտանք մարդկանց: Իսկ թե ինչպիսին է այն, կերեւա հունիսի 20-ին»: Արման Մուսինյանը ասաց, որ եթե երկխոսությունը կայանա, ապա միայն քաղբանտարկյալներին ազատ արձակելուց հետո, եւ «տարվելու է Հայաստանում առաջացած խորը քաղաքական-հասարակական ճգնաժամի հաղթահարման ուղիների շուրջ»: Ասաց նաեւ, որ հրապարակ նետված հանրային խորհրդի գաղափարը երկխոսություն չէ. «Պետք չէ այդ (ներողություն, ժարգոնային բառ եմ գործածելու) «կուտը ուտել», դա երկխոսություն չի, դա երկխոսության իմիտացիա է, իրական երկխոսությունը լինում է, երբ երկու կողմերը նստում են սեղանի շուրջ, դնում են խնդիրները եւ սկսում են համաձայնեցված դրանք լուծել»: Ասաց՝ քանի որ իշխանությունը չի բավարարել ԵԽԽՎ երեք հիմնական պահանջները՝ քաղբանտարկյալների ազատ արձակում, մարտի 1-ի անկախ հետաքննություն եւ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» օրենքի փոփոխում, ուրեմն չարժե խոսել որեւէ երկխոսության մասին: Ըստ պարոն Մուսինյանի. «Որեւէ երկխոսության ռեալ առաջարկ իշխանության կողմից չի արվել: Մենք ասել ենք՝ ազատ արձակեք քաղբանտարկյալներին եւ մենք կնստենք երկխոսության»: Որպես մարտի 1-ի դեպքերի անկախ հետաքննության անհրաժեշտ պայման՝ այդ հետաքննությունն անցկացնող մարմինը պետք է բաղկացած լինի «1/3 միջազգային հանրության, 1/3 իշխանության եւ 1/3 Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչներից»: «Առավոտը» տեղեկացրեց, որ հասարակության տարբեր շերտեր շարունակ նույն հարցն են տալիս՝ լավ, այս ամենի վերջը ի՞նչ է լինելու, մանավանդ՝ տեւական մի ընթացք հասարակությունը ապրում է երկշերտված, ի վերջո, ի՞նչ է լինելու։ Ի պատասխան պարոն Մուսինյանը ասաց՝ հասարակությունը երկշերտված չէ. «Համաձայն չեմ, հասարակությունը երկշերտված չէ, որովհետեւ, կարծում եմ, ճնշող մեծամասնությունը համաձայն չէ կառավարման նման ձեւի հետ, նույնիսկ մարդիկ, ովքեր ֆորմալ առումով կանգնած են այս իշխանության կողքին: Ես ձեզ կարող եմ հավատացնել, որ նրանք ուղղակի տանել չեն կարողանում կառավարման այս ձեւը: Եվ հատկապես մարտի 1-ից հետո, երբ կա մարդկային, բարոյական, հումանիստական խնդիր, երբ իշխանությունը ուղղակի գնդակահարում էր 10 ցուցարարի: Այս իշխանության դեմ պայքարը մեկ օր անգամ չի դադարելու: Այս իշխանությունները անընդհատ հասարակության պարսավանքի, եթե կուզեք՝ ատելության, եւ ընդդիմության համակարգված, հետեւողական պայքարի շունչը զգալու են եւ, ըստ իս, շատ երկար չեն դիմանալու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել