Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՃԱՆԱՉԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հունիս 13,2008 00:00

Շվեդիայի ռիկստագը երեկ 245 «կողմ» եւ 37 «դեմ» ձայներով ընդունեց Շվեդիայի Արտաքին գործերի կոմիտեի առաջարկը, այսպիսով մերժելով քննարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագիծը: Շվեդիայի Արտգործկոմիտեի նախապատրաստած «Մարդու իրավունքների խնդիրները Շվեդիայի արտաքին քաղաքականության մեջ» զեկույցով խորհուրդ էր տրվել մերժել այն օրինագիծը, որով Շվեդիան պիտի ճանաչեր 1915 թ. ցեղասպանությունը Օսմանյան կայսրության մեջ: Կոմիտեն պատճառաբանել է դա «գիտնականների միջեւ անհամաձայնությամբ» եւ «հետագա ուսումնասիրությունների անհրաժեշտությամբ»: Քննարկումների արդյունքում, խորհրդարանական մեծամասնությունը, ինչպես նաեւ ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչները մերժեցին քննարկել նախագիծը՝ վերոհիշյալ քվեարկությամբ ընդունելով կոմիտեի առաջարկը եւ հիմնավորելով, թե «տվյալ հարցը չի դիտարկվել որպես ՄԱԿ-ի բանաձեւ, եթե 1948 թ. Կոնվենցիան գոյություն ունենար 20-րդ դարասկզբում, ապա Օսմանյան կայսրության հայերի, ասորիների ողբերգությունը առանց որեւէ կասկածի կորակվեր ցեղասպանություն, փորձագետները դեռեւս միասնական կարծիք չեն հայտնել Օսմանյան կայսրության իրադարձությունների շուրջ, ինչպես նաեւ դրանց պատճառների եւ որակման: Բացի այդ, Ցեղասպանության ճանաչումը կարող է բացասաբար ազդել Թուրքիայի զարգացման վրա»:

Նշենք, որ նախապես Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոնը հրապարակել էր 13 լեզուներով մի հանրագիր՝ հասցեագրված Շվեդիայի խորհրդարանի անդամներին, որի ներքո ստորագրել էին Հոլոքոստի եւ Ցեղասպանության հետազոտությունների ոլորտի 60 մասնագետներ: Փաստաթղթում մասնավորապես ասվում է. «Այսօր Հայոց Եղեռնի, ինչպես եւ ասորիների եւ պոնտացի հույների ցեղասպանության մասին տվյալներն ու տեղեկությունն այնքան ընդարձակ են, որ ոչ մի լուրջ քաղաքագետ իրականում չի կարող ազնվորեն վկայակոչել ուսումնասիրությունների անբավարարությունը եւ անավարտությունը, որպես ցեղասպանության փաստը չճանաչելու արդարացում: Որակապես եւ քանակական առումով բավականաչափ ուսումնասիրված եւ հաստատված փաստը չճանաչելը կարող ժխտմանը համարժեք գնահատվել»: Նաեւ նշված էր. «Շվեդական կառավարությունը պետք է փորձի օգնել Թուրքիային չմնալու ինքնախաբեության ու պատճառաբանությունների խավարում խարխափող երկիր, այլ իր պատմությանն ու իրականությանը ուղիղ հայացքով նայող լավագույն ժողովրդավարական տիրություն դառնալ»: Այս կոչը մնաց անարձագանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել