Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի երեւանյան այցի ժամանակ, այլ հարցերի թվում, քննարկվել է նաեւ ղարաբաղյան հակամարտության խնդիրը: Ինչպես հաղորդում է «Ջիհան» գործակալությունը, Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելուց եւ Անկարա վերադառնալուց հետո Գյուլն այդ մասին ասել է օդանավակայանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: «Հարցի հետ կապված ես ներկայացրի մեր տեսակետները: Իմ ունեցած հանդիպումների ժամանակ, մասնավորապես, ընդգծել եմ, որ անլուծելի հարց չկա»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ ինքը կարեւորել է տարածաշրջանի պետությունների միջեւ վստահության վերականգնման համար երկխոսության գործոնը: «Կովկասի ամենակարեւոր հարցը ղարաբաղյան հիմնահարցն է: Իմ այցը Երեւան կարող է նպաստել այդ հարցի լուծմանը: Մեզ համար նաեւ հաճելի էր տեղեկանալ, որ Հայաստանը սատարում է Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմ ստեղծելու՝ Թուրքիայի առաջարկը»,- ասել է Աբդուլլա Գյուլը: «Հյուրիեթի» փոխանցմամբ, նա միաժամանակ տեղեկացրել է, որ իր հանդիպումների ընթացքում խոսք չի եղել Հայոց ցեղասպանության մասին: «Հայաստանի պաշտոնյաները որեւէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել, այսպես կոչված, «ցեղասպանության» առնչությամբ»,- թուրքական թերթի մեջբերմամբ՝ ասել է Գյուլը: Անդրադառնալով իր հանդիպումներից եւ քննարկված հարցերից ստացած տպավորություններին, Գյուլն ասել է. «Ես նկատեցի, որ մեր տեսակետները համընկնում են հայկական կողմի հետ՝ երկկողմ հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող արգելքները երկխոսության ճանապարհով վերացնելու հարցում»:
Ընդհանուր առմամբ, նա «դրական եւ արդյունավետ» է գնահատել իր երեւանյան այցն ու նշել, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը «կառուցողական եւ անկեղծ էր»: Գյուլի խոսքերով, այս այցը «քանդել է Կովկասում առկա հոգեբանական արգելքը»:
Սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները, իրենց հերթին, մոտ երկուսուկես ժամ տեւած բանակցությունների ժամանակ արտահայտել են երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորման իրենց վճռականությունը: Ըստ ՀՀ արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության, նախարարները նշել են, որ այդ ուղղությամբ «ձեռնարկվելու են հետեւողական քայլեր»:
Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանն ասել է, որ հայկական կողմը մեծ կարեւորություն է տալիս Թուրքիայի նախագահի ղեկավարած բարձրաստիճան պատվիրակության այցին Հայաստան, ինչը երկու երկրների ղեկավարության միջեւ երկխոսության լայն հնարավորություններ է ստեղծում: Նրա բնորոշմամբ՝ դա «լավ սկիզբ է, որն իր դրական շարունակությունը կունենա»: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանն իր հերթին ասել է, որ իր երկիրը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը:


















































