Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՇՔՇՈՒԿ»՝ «ԷՄՈՑԻՈՆԱԼ ՖՈՆԻ» ՎՐԱ

Սեպտեմբեր 25,2008 00:00

\"\"Դրա համար ոստիկանները չեն դատվի, իսկ քաղաքացիները կդատապարտվեն անպայման

Երեկ ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանն իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ ասուլիս էր հրավիրել (որի մասին ռեպորտաժը կարդացեք 5-րդ էջում), որտեղ նրա հնչեցրած մի քանի ինքնատիպ դատողություններն ու հայտարարությունները առիթ դարձան «Մարտի 1»-ի դեպքերին էլի մի անգամ անդրադառնալու համար:

Այսպես, ՀՀ ոստիկանապետը երեկ անդրադարձավ սեպտեմբերի 10-ին «Մարտի 1»-ի իրադարձություններն ուսումնասիրող եւ վերլուծող հանրային հանձնախմբի տարածած տեսագրությանը, որտեղ, հիշեցնենք, մի քանի դրվագներ կային, որտեղ պարզորոշ երեւում էր, թե ինչպես են ոստիկանները Ազատության հրապարակը «ապօրինի» հանրահավաքի մասնակիցներից «մաքրելուց» հետո էլ Կենտրոնի փողոցներում հետապնդում քաղաքացիներին, ծեծի ենթարկում նրանց, այդ թվում՝ Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված անզեն մարդկանց, որոնք դեռ չէին հասցրել ոստիկանների ջարդարարությունից ինքնապաշտպանվելու համար ձող, փայտ կամ այլ առարկայով «զինվել»: Կային կադրեր նաեւ, որոնք փաստում էին բերման ենթարկվող եւ «օրինապահների» առաջ անօգնական մնացած մարդկանց՝ ոստիկանների կողմից գազանաբար ծեծվելու եւ երեկոյան իրադարձությունների ժամանակ ոստիկանության մեքենայով մի քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին: Իհարկե, ինչպես ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակը, ՀՀ ոստիկանապետն էլ, դեռ այդ տեսագրության փորձագիտական եզրակացությունը չունենալով, կասկած է հայտնել, որ այդ կադրերը մոնտաժված են, ինչն արդեն այդ փորձագիտական արդյունքի օբյեկտիվության վերաբերյալ որոշակի եզրակացություններ անելու տեղիք է տալիս: Բայց ավելի հետաքրքիրը հիշյալ կադրերի մասին ՀՀ ոստիկանապետի այս հայտարարությունն է. «Պետք է իրողությանը ռեալ մոտենալ: Երբ հավաքված է մեծ բազմություն, երբ էմոցիոնալ ֆոնը բավական մեծ է, երբ առաջանում է ինքնապաշտպանության խնդիր, ապա դժվար է ակնկալել, որ ոստիկանը կպահպանի հանգիստ կեցվածք: Եղել են քաշքշուկներ»: Ա. Սարգսյանը նաեւ հայտարարել է, որ չի պատրաստվում որեւէ ոստիկանի դրա համար դատի տալ: Ստացվում է, որ իրավապահների գործողությունները մարտի 1-ին կարելի է արդարացնել եւ բացատրել իրավիճակի «էմոցիոնալ ֆոնով», իսկ ահա Ազատության հրապարակում վաղ առավոտյան ոստիկանների հանկարծակի հայտնությունն ու նրանց կողմից վայրենի եղանակներով իրականացված «մաքրման» աշխատանքների ընթացքում եղած «քաշքշուկը»՝ ընդդիմադիրների կամ շարքային քաղաքացիների «ինքնապաշտպանության» բնազդով, իսկ Մյասնիկյանի արձանի մոտ տարբեր առարկաներով զինվելն ու բարիկադներ կառուցելը «էմոցիոնալ ֆոնով» արդարացնել չի կարելի: Այդ ո՞ր օրենքով կամ ի՞նչ տրամաբանությամբ է, որ ոստիկաններին այդ «քաշքշուկի» համար դատել ոչ ոք չի պատրաստվում, իսկ ընդդիմության ներկայացուցիչներին եւ շարքային քաղաքացիներին կարելի է դատել եւ դատապարտել մինչեւ 3-5 տարի ազատազրկման: Օրենքի տառ կամ տրամաբանություն այս ամենում չկա, կա իշխանության ղեկին գտնվող մեկ անձի կողմից կայացված քաղաքական որոշում, ցուցում կամ հրահանգ:

Եվ քանի որ խոսեցինք «Մարտի 1»-ի դեպքերի մասին, թերեւս արժե անդրադառնալ այդ օրվա դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի գործունեությանը, որի անկողմնակալությանը, ի դեպ, ընդդիմությունը չի հավատում: Ահա այդ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը երկուշաբթի օրը Հանրային հեռուստատեսությամբ հայտարարեց, թե չի բացառում, որ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվի, թեեւ պետք է ենթադրել, որ արդեն կատարած աշխատանքի մասին զեկույց ԱԺ-ում, այնուամենայնիվ, կներկայացվի: Թե ինչպիսին են լինելու այդ զեկույցի շեշտադրումները, ենթադրելի են նույն Ս. Նիկոյանի տված նախնական ձեւակերպումներից: Պարզվում է, նրա համար Ազատության հրապարակում վաղ առավոտյան ծավալված դեպքերը ուսումնասիրված են, եւ ըստ այդմ, Ս. Նիկոյանի մատուցմամբ, պարզ է, որ հրապարակում այդ պահին եղած մարդիկ ամենեւին էլ քնած չէին, ինչպես պնդում է ընդդիմությունը: Եվ որ այդ մարդիկ վաղօրոք տեղյակ են եղել իրավապահների՝ խուզարկություն անելու ծրագրի մասին, եւ այդ «օպերացիան» տապալվելու պայմաններում առաջացել է Ազատության հրապարակն ազատելու անհրաժեշտությունը, որի ընթացքում հրապարակում եղած մարդիկ ոստիկաններին դիմադրություն են ցույց տվել: Ավելին, Ս. Նիկոյանն իր այս դիտարկումը ամրագրելու համար վկայակոչեց անգամ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ մարտի 1-ի ասուլիսում արտահայտած այս միտքը՝ «իհարկե, ժողովրդի կողմից եղավ դիմադրություն, ծեծկռտուք…»:

Այսուհանդերձ, ո՛չ Ս. Նիկոյանը, ո՛չ ՀՀ ոստիկանապետ Ա. Սարգսյանը այդպես էլ չեն պարզաբանել այն հանգամանքն ու գնահատական չեն տվել այն փաստին, որ մարտի 1-ի երեկոյան, դեռ մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը, ժամը 21-22-ն ընկած հատվածում արդեն մայրաքաղաքի հիվանդանոցներում մուտք են արվել հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացիներ: Խոսքն այս դեպքում ամենեւին էլ «ժամկետանց չերյոմուխաների» «անգրագետ» կիրառման մասին չէ, թեեւ ՀՀ ոստիկանապետը երեկ շատ պարզորոշ նաեւ հայտարարեց, որ անգամ այդ դեպքում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվելու: «Ոչնչով ձեզ ուրախացնել չեմ կարող»,- անկեղծացավ Ա. Սարգսյանը: Սա նշանակում է՝ քաղաքացինե՛ր, հույսներդ կտրե՛ք, ոչ մի ոստիկան քաղաքացուն ծեծելու կամ սպանելու համար մեր երկրում երբեք չի պատժվելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել