Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոք՝ ԱԱԾ-ի, համայն աշխարհի դեմ

Փետրվար 03,2009 00:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանի վարույթում է գտնվում «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանի բողոքը: Բողոքն ուղղված է ԱԱԾ-ի, Գլխավոր դատախազության եւ ՀՀ նախագահի դեմ: Ըստ բողոքաբերի, Հայաստանի պատմական տարածքները, որոնք բռնակցվել են Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին, ներկայացվում են որպես նշված պետությունների տարածքներ: Միջազգային ատյաններում ՀՀ նախկին եւ ներկա նախագահները, ըստ Ռ. Սիմոնյանի, ներկայացնում են, որ ցեղասպանությունը կատարվել է Արեւմտյան Հայաստանի հայերի նկատմամբ, «իսկ Արեւելյան Հայաստանի հայերը ուզբեկ են կամ այլ ազգ եւ ոչ մի պահանջատիրոջ կարգավիճակ չունենք եւ չենք կարող ունենալ՝ ոչ հողային, ոչ արյան եւ ոչ էլ բարոյական, այսինքն՝ Հայաստանն է բռնազավթել Արցախը, Նախիջեւանը, Ղարսը, Վանը»:

Անդրադառնալով 1921թ. Կարսի պայմանագրին՝ Ռ. Սիմոնյանը գտնում է, որ այն անօրինական է, անվավեր՝ կնքման պահից, քանի որ ոչ մեկը չի հանդիսացել միջազգային իրավունքի սուբյեկտ:

ՀՀ դատարան բողոք բերած Ռ. Սիմոնյանը նշում է, որ «բոլոր միջազգային կառույցները, պետությունները պատասխանատու են»: Նա պահանջում է հայ ժողովրդին ճանաչել տուժող եւ բոլոր բռնազավթված տարածքները միջազգային նորմերի համապատասխան վերադարձնել հայ ժողովրդին: Դատական նիստը նշանակվել է փետրվարի 6-ին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել