Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌՈՄԵՈՅԻ ՈՒ ՋՈՒԼԻԵՏԻ» ՆՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 12,2009 00:00

ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի համարձակության արդյունքը

\"\"
Անահիտ Բախշյանը՝ վաստակավոր տատիկ:

Իմ սիրո պատմությունը սիրով պատմում եմ երիտասարդներին եւ հատկապես աղջիկներին, որպեսզի որեւէ մեկը չվախենա իր զգացմունքից եւ հավատա, որ զգացմունքն իրենն է, եւ ինքն է այդ զգացմունքն արտահայտելու տերը… Ուսանող էինք, հունվարի քննություններն արդեն հանձնել էինք ու Յուրայի հետ քաղաքում ման էինք գալիս: Մենք համակուրսեցիներ էինք ու լավ ընկերներ, բայց հետո ինձ մոտ ընկերությունը վերածվեց սիրո: Հիշում եմ, մեր զբոսանքի հաջորդ օրը նա պետք է մեկներ հայրական տուն՝ Գորիս եւ մի քանի օր մնար այնտեղ: Ես հստակ որոշել էի, որ այդ օրը անպայման պետք է սեր խոստովանեմ նրան: Նստեցինք նստարանին, խոսեցինք տարբեր թեմաներից ու միանգամից ասացի, որ իրեն սիրում եմ, սկզբից մտածեց, թե որպես ընկեր եմ սիրում, բայց երբ ասացի՝ որպես տղամարդ, նա միանգամից սառեց: Մտածելու համար Յուրան ինձնից ժամանակ խնդրեց ու երբ Գորիսից եկավ, սկսեց ինձնից խույս տալ: Երրորդ օրը բռնացրի, ու նա ասաց, որ իր զգացմունքները փոխադարձ չեն: Իմ սիրո խոստովանությունը ուղիղ 9 ամիս վերջ դրեց մեր ընկերությանը: Շատ էի վիրավորվել ու այդ մտածմունքից ծանր հիվանդացել, անկողին եմ ընկել: Մայրս բուժքույր էր ու չէր հասկանում, թե ինձ հետ ինչ է կատարվում, մի քանի օր բարձր ջերմություն ունեի… Երբեք բարդույթ չեմ ունեցել մարդուն լավ բան ասելու համար, իմ սիրո խոստովանությունը լավ բան էր, եւ դրանից չէի ամաչում: Բոլոր ժամանակներում էլ նախաձեռնությունը տղամարդունն է եղել, բայց ոչ մի տեղ գրված չէ, որ միայն տղամարդը պիտի սեր խոստովանի: Եթե գտել էի իմ սերը, ինչո՞ւ թաքցնեի, դա նույնն է, որ ինչ-որ բան ունենաս ու հեշտությամբ քո ձեռքից խլեն: Իմ օրինակը թող վարակիչ լինի: Կարելի է ասել՝ երկու անգամ ենք հարսանիք արել՝ մեր տանը ու հաջորդ օրը Գորիսում: Յուրայի ծնողները եկեղեցի չեկան, բայց մենք գնացինք: Ես ընդհանրապես ամաչկոտ չեմ եղել, նույնիսկ սկեսուրս զարմանում էր, թե ինչ տեսակի հարս եմ: Հիշում եմ, հարսանիքից 3 օր անց Յուրան Գորիսից գործերով եկավ Երեւան ու ինձ խորթ էի զգում իրենց տանը: Այնքան նստեցի բակի նստարանին, մինչեւ նա եկավ, հենց նկատեցի, որ ավտոբուսից իջնում է, վազեցի փողոց ու թռա գիրկը: Յուրայի հետ մեկնել եմ Սախալին, երբ նա գնում էր բանակ՝ որպես սպա ծառայելու: Այդ թույլտվությունը ստանալու համար, բոլորի կամքին հակառակ, մեկնել եմ Մոսկվա ու ստիպել եմ, որ ինձ թույլատրեն ամուսնուս հետ լինել այդ երկու տարիների ընթացքում:

Անահիտ Բախշյանը ռոքնռոլ ու շեյկ պարելիս մրցակից չունի

Ազատ ժամանակ շատ քիչ ունեմ, բայց վերջին մի քանի շաբաթը ինչքան էլ զբաղված լինեմ, գնում եմ 5-րդ թոռնիկիս լողացնելու: Վերջապես տղա թոռնիկ ունեցա: Քանի որ ես ու Յուրան տղա չենք ունեցել, աղջիկներս էլ 2-ական աղջիկ ունեն, մտածում էի՝ ինչպես ինձ չի հաջողվել տղա ունենալ՝ այնպես էլ աղջիկներիս չի հաջողվի: Անունը Հովիկ-Յուրա ենք դրել, ճիշտ է, զագսը այդպես չգրանցեց, բայց փեսաս որոշեց, որ իր տղան պետք է երկու պապիկների անունը ունենա: Անկեղծ ասած, չեմ հիշում, թե երբ եմ վերջին անգամ համերգ, թատրոն գնացել: Եթե ազատ ժամանակ էլ ունենում եմ, սիրով ժամերով զրուցում եմ Դանիել Երաժիշտի հետ, նրա մտքերն ինձ շատ են ոգեւորում եւ ես այդպիսի մարդկանցով ուժեղանալու կարիք ունեմ… Պարել շատ եմ սիրում, Յուրան էլ էր շատ սիրում, մենք հրաշալի պարի զույգ էինք: Երբ Երեւանում քչերն էին ռոքնռոլ ու շեյկ պարում, ես ու Յուրան պարում էինք, հիմա էլ, որ առիթ լինի՝ կպարեմ եւ երիտասարդների հետ կմրցեմ: Լատինամերիկյան պարեր չեմ փորձել, երեւի դա էլ ինձ կհաջողվի… Երեք երգ ունեմ, որ միշտ երգում եմ: Երգը մորիցս եմ սովորել, այն սիրո մասին է: Մեկ էլ ամեն երեկո Հայաստանի հիմն եմ պարտադիր երգում:

Զոքանչը միշտ էլ փեսայի աչքի «փո՞ւշն» է, թե՞…

Տղա չունեմ, բայց երկու փեսաներս էլ իմ լավ ընկերներն են, եւ շատ դեպքերում մոռանում եմ, որ նրանք աղջիկներիս ամուսիններն են: Ընտանեկան հարցերի շուրջ էլ խորհրդակցում ենք որպես ընկերներ ու երբեք միակողմանի աղջիկներիս չեմ պաշտպանել, անգամ հակառակվել եմ նրանց եւ փեսաներիս եմ պաշտպանել: Առաջ իմ ու փեսաներիցս մեկի՝ Գեւորգի հարաբերություններն այնքան էլ հարթ չէին: Չէինք կարողանում աղջկաս՝ Լիլիթին, կիսել, նա համարում էր, որ Լիլիթն իրենն է ու մեր լիազորություններն ավարտված են, ես էլ ասում էի, որ իմ աղջիկն է ու նրա նկատմամբ լիազորություններ ունեմ: Այդ առումով բավականին կոշտ շփումներ ենք ունեցել: Ի վերջո, այդ շրջանն անցանք եւ հատկապես Յուրայից հետո Գեւորգը եղավ այն հենարանն ու թիկունքը, որին հաճախ հենվել եմ: Նա ինձ այնպիսի մխիթարական խոսքեր է ասել, որ ոչ մեկը չի ասել, նույնիսկ՝ աղջիկս: Եթե կյանքս բաժանելու լինեի, այն կվերածեի 3 փուլերի: Երբ իմ հայրական ընտանիքում էի ու ապրում էի մեծ գերդաստանի հետ, սա համարում եմ կյանքիս առաջին փուլ: Երկրորդ փուլը իմ սերն է եղել ու այն ներդաշնակ ընտանիքը, որը Յուրայի հետ ենք ստեղծել: Երրորդն էլ արդեն ամուսնուցս հետո ապրած կյանքս է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել