Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլընտրանքային կաթողիկոսի» օգտին

Փետրվար 13,2009 00:00

\"\"Մարդու իրավունքների եվրոպական դատարանը օրեր առաջ անդրադարձավ Բուլղարական ուղղափառ եկեղեցու պառակտումից հետո ստեղծված իրավիճակին, որը սկսվել էր 1992 թ.՝ քաղաքական դրդապատճառներով: Աղանդավորները հովվապետ Մաքսիմից պահանջում էին ապաշխարանք՝ կոմունիստների հետ համագործակցելու համար: Իրականում դա այդպես չէր, քանի որ եկեղեցին, ամբողջ պատմության ընթացքում, ստիպված է եղել համագործակցել տարբեր իշխանությունների հետ, այդ թվում նաեւ՝ ոչ այդքան հաճելի: Եվ այստեղ չկա ոչ մի տարօրինակ բան, գրում է «Ռուսկայա լինիյան»: Սուրբ հովվապետ Մաքսիմն այդ համագործակցության ժամանակ չի անցել հայտնի բարոյահոգեբանական սահմանները: Աղանդավորները, ի պատասխան դրան, առանձնացել են եկեղեցուց եւ ստեղծել են «այլընտրանքային բուլղարական եկեղեցու սինոդ»: Սակայն նրանց աջակցել է սպասավորների մի փոքր մասը: Ցավոք, նրանց օժանդակել է նաեւ պետությունը: Եկեղեցական գրեթե ողջ գույքը պետության կողմից փոխանցվել է պառակտիչներին, այն ժամանակ, երբ բուլղարական կանոնիկ եկեղեցին պետության կողմից չի ճանաչվել: Ելնելով քաղաքական նկատառումներից՝ պաշտոնապես ճանաչվել է աղանդավոր ստորակարգությունը: 1996 թվականին նախկին Նեւրոկոպիյսկի միտրոպոլիտ Պիմենը, որը հանդիսանում էր աղանդավորների ղեկավարը, հռչակվել էր այլընտրանքային պատրիարք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անթույլատրելի արարք թույլ տվեց: Համաձայն որոշման, բուլղարական պետությունը եւ «Բուլղարական ուղղափառ եկեղեցու այլընտրանքային սինոդը», որը Պիմենի ապաշխարանքից հետո գլխավորեց, այսպես կոչված, «Սոֆիական միտրոպոլիտ» Ինոկենտին, 3 ամսվա ընթացքում պետք է գան համաձայնության Բուլղարիայի տարածքում գտնվող հարյուր եկեղեցիների գույքի սեփականության հարցում: Ստրասբուրգի դատարանը, հիմնվելով ոչ արդարացի վկայությունների վրա, եկավ այն եզրակացության, որ Բուլղարիան 2004 թ. խախտել է դավանանքի ազատությունը, եւ որ բուլղարական պետությունը իբր կոպիտ ձեւով խառնվել է եկեղեցական գործերին, օրենսդրորեն հռչակելով պատրիարք Մաքսիմին Բուլղարիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ: Պետք է նշել, որ Եվրոպայում ոչ բոլորն են այդպես կարծում: Մասնավորապես, փետրվարի 9-ին Բուլղարիայի գիտության, մշակույթի ներկայացուցիչները պատրիարք Մաքսիմին դիմել են բաց նամակով, որտեղ նրանք իրենց կարծիքն են հայտնել Եվրոդատարանի որոշման դատապարտման մասին եւ սատարել են բուլղարական ուղղափառ եկեղեցուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել