Լրահոս
Օրվա լրահոսը

Պարենք միասին

Փետրվար 14,2009 00:00

Գրոդնոյում անցկացվող ժողովրդական մշակույթների համաբելառուսական փառատոնի եռակի հաղթող, «Սուզորե» փառատոնի մրցանակակիր, «Բարեկամության պսակ» փառատոնի եռակի դափնեկիր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ դիպլոմի, «Բազե-2007»-ի պարային մրցույթի հաղթող:

\"\"Այս ամենը Բելառուսում գործող «Էրեբունի» պարային կոլեկտիվի եւ նրա հիմնադիր ու ղեկավար Ռուզաննա Ավանեսյանի վաստակն է:

\"\"«Էրեբունին» հիմնադրվել է 1998 թվականին՝ նպատակ ունենալով Հայաստանից դուրս ներկայացնել հայկական մշակույթը: Բելառուսում արդեն մեծ ճանաչում ունեն այս խմբի «Լորկե», «Վերածնունդ», «Հայաստան», «Արցախ», թող որ քիչ քնարական, բայց նաեւ ռիթմիկ ու ոգեւորիչ պարերը:

Տասը տարեկան «Էրեբունին» համերգային ծրագրով եղել է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Ղարաբաղում: Ռուզաննա Ավանեսյանի ղեկավարած կոլեկտիվը տասը տարում պարբերաբար նոր անդամներ է ընդունել, սակայն երբեք չի խախտվել կոլեկտիվի միասնականությունը: Ղեկավարն ինքը կարծում է, որ գլխավոր նպատակը սաների հոգեւոր դաստիարակությունն է:

«Էրեբունի» խմբի 21 սաներից 3-ը հայ չէ: Մասնագիտությամբ հոգեբան, ազգությամբ լեհ, շիկահեր գեղեկցուհի Օլգա Բոգուշինսկան կատակով հայտարարում է, որ հայ է եղել նախորդ կյանքում, քանի որ հայկական երաժշտության ուղեկցությամբ հայկական պարեր պարելը իրեն դժվար չի տրվել, իսկ Հայաստանում եղած օրերին ոչ մի օտարություն չի զգացել:

«Էրեբունի» համույթում համոզված են, որ միասին դեռ երկար ճանապարհ են անցնելու: Որովհետեւ Ռուզաննա Ավանեսյանը ոչ միայն գեղարվեստական ղեկավար է, պարերի բեմադրիչ, այլ նաեւ՝ ընկեր, իսկ ոմանց համար նաեւ՝ կնքամայր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել