Լրահոս
Օրվա լրահոսը

Խանութներն ու տաքսիները բերելու են օրինական դաշտ

Փետրվար 17,2009 00:00

Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը հույս ունի, որ «ստվերում աշխատող» օբյեկտներին օրինական դաշտ բերելով՝ կլցվի իր համայնքի բյուջեն:

Տնտեսական ճգնաժամը բացասական է ազդել նաեւ համայնքների այս տարվա բյուջեների ձեւավորման վրա: Եթե նախորդ տարիներին, ընթացիկ տարվա բյուջեն բաշխելիս, համայնքապետերն իրենց շռայլություն էին թույլ տալիս, ապա այս տարի չափազանց զգույշ են այդ հարցում:

2008-ին Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի բյուջեն կազմում էր մոտ 308 մլն դրամ, այս տարի այն 256 մլն է: «Առավոտի» հետ զրույցում Քաջարանի քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ 2008-ի բյուջեի աճը պայմանավորված է եղել քաղաքի 50-ամյակի տոնակատարությունների համար արվող ծախսերով, բացի այդ, համայնքի բյուջեին լուրջ նվիրատվություններ է արել նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Չնայած բյուջեի նվազմանը՝ Կ. Հովհաննիսյանն ասաց. «Այս տարի 5-10 հազար դրամով բարձրացրել ենք մանկապարտեզների, գրադարանների, մանկական արվեստի դպրոցի աշխատողների աշխատավարձը եւ ընթացիկ տարի ոչ մի հաստիքի կրճատում չենք նախատեսել»: Ինչքան էլ Կ. Հովհաննիսյանը պնդեց, թե իրենք այս տարի «լուրջ պակասորդ չեն տալիս», այնուամենայնիվ, նշենք, որ կրճատվել են գրեթե բոլոր ոլորտներին հատկացվող գումարները: Օրինակ, «Հանգիստ, մշակույթ եւ կրոն» բաժնին 2008-ի 48 մլն-ի փոխարեն այս տարի հատկացվել է ընդամենը 32 մլն դրամ:

Ի տարբերություն Քաջարանի՝ Կապանի բյուջեն նախորդ տարվա 630 մլն-ից այս տարի հասել է մոտ 1 մլրդ դրամի, սակայն որոշ ոլորտներին հատկացվող գումարներն այնուամենայնիվ պակասել են: Ըստ Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանի, նվազել են մանկական զբոսայգուն եւ գրադարանային ֆոնդին հատկացվող գումարները: «Այս տարի հիմնական շեշտը դնելու ենք վարչարարության վրա եւ հարկային դաշտից դուրս մնացած օբյեկտները, խանութներն ու տաքսիները բերելու ենք օրինական դաշտ: Այսօր Կապանում ունենք 400-ից ավելի տաքսի «սերվիսներ», սակայն օրինական գրանցված է ընդամենը 60-ը: Սա ընդամենը մեկ օրինակ է»,- «Առավոտին» ասաց Ա. Աթայանը:

Մի քանի տարի շարունակ Կապանի բյուջեին բավականին մեծ գումարներ է փոխանցել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, սակայն, մեր տեղեկություններով, այս տարվա հունվարի 1-ից կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը դադարեցրել է բոլոր տիպի ֆինանսական օգնությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել