Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 17,2009 00:00

Թատերականի դասախոսի են ծեծել

«Առավոտի» տեղեկություններով՝ օրերս Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի շենքի շրջակայքում մի քանի դիմակավոր երիտասարդներ երկաթյա ձողով հարվածել են բուհում փիլիսոփայություն դասավանդող մոտ 30-ամյա Ռ. Հ.-ին: Ըստ «Առավոտի» աղբյուրի՝ տուժած անձնավորությունն ինստիտուտում ուներ ոչ բարեսիրտ դասախոսի համբավ, նա ամեն քննաշրջանի ընթացքում գոնե մի քանի ուսանողի «կտրում» էր կամ ոչ լավ վերաբերվում նրանց: Այս մասին «Առավոտը» պարզաբանումներ ստացավ բուհի ռեկտոր Հրաչյա Գասպարյանից: Նա հեռախոսով պատասխանեց. «Փողոցում 30 հոգի մարդ են խփում, դա չի նշանակում, որ անպայման մեր ինստիտուտի ուսանողներ պիտի արած լինեն: Իսկ այդ գործը հիմա գտնվում է ոստիկանությունում, նրանք էլ պարզում են մանրամասները: Ոչ ոք էլ դեռ չգիտի, թե ովքեր են մեղավորները, եթե իմանայինք՝ մենք տեղեկություն էլ կտայինք, նրանց ծնողների մասին էլ կասեինք, կտեղեկացնեինք նաեւ, թե որ դպրոցում են սովորել»:

Հետաքրքրվեցինք՝ այժմ ինչպե՞ս է դասախոսի առողջական վիճակը: Ռեկտորը պատասխանեց. «Արդեն նորմալ է»: Իսկ այն հարցին, թե տուժածը այժմ հաճախո՞ւմ է աշխատանքի, Հ. Գասպարյանը պատասխանեց. «Դեռ չի հաճախում աշխատանքի, նա այժմ ազատ է, դասեր չունի»:

Տ. Հ.

Կեցցե՞ Սյունիքը

2008թ. ընթացքում պետական բյուջեի միջոցներով եւ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ Սյունիքի մարզում հիմնանորոգվել են մի շարք քաղաքային եւ գյուղական համայնքների ակումբներ ու գրադարաններ, մարզական դահլիճներ, կառուցվել են խաղահրապարակներ: Ըստ մարզպետարանի մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի պատասխանատուների, նշված ոլորտում կատարվել են շուրջ 232 մլն դրամի շինվերանորոգման աշխատանքներ: Մասնավորապես, նորոգվել ու շահագործման են հանձնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայրենի Տեղ գյուղի մշակույթի պալատը, Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնին հատկացված շենքը, Սյունիքի մարզային եւ Ույծ գյուղի գրադարանները: Սակայն մարզի մշակույթի եւ սպորտի բնագավառում դեռեւս չլուծված են մնում գյուղական համայնքների մշակույթի տների, ակումբ-գրադարանների, մարզական կառույցների վերանորոգման եւ դրանք համապատասխան գույքով ապահովման խնդիրները: Թեեւ մարզպետարանում հպարտությամբ են արձանագրում, թե ինչպիսի «հերոսական» քայլեր են արել նախորդ տարում, սակայն մոռանում են, որ գյուղերն ամբողջությամբ անտերության են մատնված, եւ մարդիկ պատերի տակ նարդի, բլոտ խաղալուց այլ զբաղմունք չունեն:

Բերենք մի օրինակ, եթե նախորդ տարի մարզի Քաջարան քաղաքի բյուջեով կրթության համար նախատեսված էր 77 միլիոն 317 հազար դրամ, ապա այս տարի այդ գումարը կտրուկ նվազել է՝ 47 միլիոն 822 հազար դրամ: Նվազում է արձանագրվել նաեւ մշակույթի ոլորտին հատկացվող այս տարվա հատկացումներում:

Գ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Ատելության սերմանումն անթույլատրելի է

Թուրքիայի ազգային կրթության նախարարության պարտականությունը թշնամանք սերմանելը չէ, հայտարարել է հոգեբան, դոկտոր Սերդար Դեիրմենջիօղլուն՝ birgun.net կայքում մեկնաբանելով նախակրթական ուսումնական հաստատությունների աշակերտների շրջանում «1915 թվականի իրադարձություններին» առնչվող վավերագրական մի ֆիլմի վերաբերյալ զեկույցներ պատրաստելու նախարարության մտադրությունը: «Սա, դժբախտաբար, առաջին նման նախաձեռնությունը չէ: Ավելի վաղ դպրոցներում ցուցադրվել են PKK-ին առնչվող սարսափազդու ֆիլմեր, որոնք պատրաստվել են անվտանգության մարմինների կողմից»,- նշել է թուրք հոգեբանը, համոզմունք հայտնելով, որ աշակերտի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորող եւ նրա «ուղեղը լվանալու» նպատակ հետապնդող դաժան տեսարանները երեխաների շրջանում վախի եւ անքնության պատճառ են դառնում: «Երեխաներին ներշնչվում է, թե հայերը վատն են: Սա էլ ազգայնականության բնորոշ մի դրսեւորում է, երեխաներին որոշակի ուղղության հակելուն միտված քարոզչություն է: Նպատակ ունի ատելություն սերմանել էթնիկ մի խմբի նկատմամբ»,- հայտարարել է թուրք հոգեբանը՝ անթույլատրելի համարելով աշակերտների նկատմամբ նման վերաբերմունքը պետական որեւէ կառույցի կողմից: Թուրք հոգեբանի կարծիքը կիսում է սոցիալական ծառայությունների գծով մասնագետ Էմրահ Քըրըմսոյը:

Իսկ Մարդու իրավունքների պաշտպանության ասոցիացիայի նախագահ Օզթյուրք Թյուրքդողանն այս առնչությամբ հայտարարել է. «Հայկական հարցը դեռ քննարկման ենթակա թեմա է: Իրականության հետ Թուրքիայի առերեսման պայման է: Քննարկման ենթակա այդպիսի մի թեմա աշակերտներին պետք է ներկայացվի անաչառ դիրքորոշմամբ»:

Հանցագործ դեռահասներ

ՌԴ Բրյանսկի մարզի Կնյավիչի գյուղում մի դպրոցական է կասկածվում ուսուցչի սպանության մեջ: ՌԴ դատախազությանն առընթեր Քննչական կոմիտեի կայքէջում փետրվարի 14-ին հայտնված հաղորդագրության տվյալներով, փետրվարի 11-ին 15-ամյա դեռահասը մետաղյա հաստ ձողով երկու անգամ հարվածել է 55-ամյա ուսուցչի գլխին, ապա կամրջից հրել-գցել է գետը: Զոհի դիակը գտնելուց շատ չանցած՝ դպրոցականին բռնել են: Նա խոստովանել է, որ սպանել է ուսուցչին, քանի որ վերջինս իրեն անընդհատ «2» էր նշանակում: ՌԴ Քրօրի 105 հոդվածով («սպանություն») քննությունը շարունակվում է: Ճիշտ նույն օրը, ufa1.ru կայքը հաղորդել է, որ նմանատիպ գործ է քննվում Բաշկիրիայում: Մինդիշեւո գյուղի 17-ամյա բնակչուհուն կասկածում են հարազատ տատիկի սպանության մեջ: Քննության վարկածով, մի քանի օր առաջ թոռնիկը վիճաբանության արդյունքում մետաղյա լարով խեղդել է 77-ամյա տատիկին, որից հետո դիակը թաքցրել է նկուղում: Կալանավորելուց անմիջապես հետո աղջիկը խոստովանել է հանցանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել