Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 27,2009 00:00

ՎԱԼԵՆՍԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ

Լեհաստանի նախկին նախագահ, 65-ամյա Լեհ Վալենսան պահանջել է ժամանակավորապես փակել Ազգային հիշողության ինստիտուտը, որտեղ պահպանվում են սոցիալիզմի շրջանի ՆԳՆ-ի եւ Հատուկ ծառայությունների արխիվները: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի՝ անցած տարի ինստիտուտը հրատարակել է մի գիրք, որի հեղինակները պնդում էին, թե 1970 թվականին Հատուկ ծառայությունները հավաքագրել էին այն ժամանակվա «Սոլիդարնոստ» արհմիության ղեկավարին եւ կոմունիզմի գլխավոր հակառակորդին, որից հետո Վալենսան 6 տարի համագործակցում էր լեհական ԿԳԲ-ի հետ: Հաշվի չի առնվել այն փաստը, որ 2000 թ. նախագահական ընտրարշավի ժամանակ Վալենսան ազնվորեն պատմել է իր անցած ուղու մասին եւ ոչ մի հատուկ գործակալ չի եղել: Սկանդալային գրքի լույսընծայումից հետո Լեհաստանի նախկին նախագահը դիմել է Գդանսկում գտնվող ինստիտուտի մասնաճյուղ՝ պահանջելով իրեն տրամադրել վարկաբեկիչ փաստաթղթերը, սակայն մերժում է ստացել: Վալենսան դիմել է դատարան եւ դատափետել է գրքի հեղինակներից մեկին՝ Սլավոմիր Ցենցկեւիչին, որի պապը աշխատում էր լեհական Հատուկ ծառայություններում: «Ինչպես է ստացվել, որ նման մարդու թոռանը հնարավորություն են տալիս ազատ օգտվել արխիվներից, որպեսզի նա դատի հայրենասեր մարդկանց եւ փչացնի նրանց հաղթանակը»,- հարցնում է Վալենսան: Դրան ի պատասխան, Ցենցկեւիչը հայտարարել է, որ պապն իրեն չի դաստիարակել: Սա առաջին սկանդալը չէ՝ կապված Վալենսայի անվան հետ: 3 տարի առաջ նա իր նախկին զինակից Քշիշտով Վիշտովսկուն անվանել է «ածելիով զինված կապիկ» եւ «հիվանդ դեբիլ», որի համար դատարանը պարտադրել է նախկին նախագահին վճարել $2 հազար՝ որպես բարոյական վնասի հատուցում:

ԳԱԶԸ ՆՈՐԻ՞Ց ԵՆ ԿՏՐԵԼՈՒ

\"\"Մարտի 8-ից «Գազպրոմը» կարող է նորից կրճատել գազի մատակարարումն Ուկրաինա: Երեքշաբթի օրն այդ հարցը տնօրենների խորհրդի առաջ բարձրացրել է «Գազպրոմի» գլխավոր ֆինանսիստ Անդրեյ Կրուգլովը: Գազի մատակարարումը դադարեցվել է, եթե մինչեւ մարտի 7-ը Ուկրաինայի «Նավթոգազ» ընկերությունը չվճարի փետրվարին ստացված վառելիքի համար: Ըստ «Կոմերսանտ» թերթի, փորձագետները վստահ են, որ երկրում ստեղծված ներկա տնտեսական իրավիճակում «Նավթոգազը» հնարավորություն չունի վճարելու պահանջված գումարը: Միակ ելքն այն է, որ այդ ընկերությունը վարկ վերցնի պետությունից: «Գազպրոմի» եւ «Նավթոգազի» պայմանագիրը կնքվել է 10 տարով՝ 2008 թ. հունվարի 19-ին: Այդ պայմանագրով նախատեսվում է 2009 թվականի ընթացքում վճարել մոտ $14,4 միլիարդ, որոնցից 400 միլիոնը՝ փետրվարի ընթացքում: Առաջին իսկ չվճարման դեպքում պայմանագիրը նախատեսում է անցնել հաշվարկներում կանխավճարային համակարգի: Պարտավորությունները չկատարելու դեպքում «Գազպրոմը» իրավունք ունի դադարեցնել գազի մատակարարումը՝ ուղարկելով համապատասխան ծանուցագիր: Ուկրաինական կողմի չվճարումների պատճառը երկրի ներսում կոմունալ ընկերությունների պարտքերն են, վերջիններս էլ առաջացել են կենտրոնական իշխանությունների, նահանգապետերի եւ տեղական իշխանությունների ոչ համագործակցված աշխատանքի պատճառով:

ՆԱՏՕ-ՌՈՒՍԱՍՏԱՆ՝ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ

Օրերս Ժնեւում ավարտված ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի սեմինարի մասնակիցները կոչ են արել ավելի իրատեսորեն դիտարկել ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները: Սեմինարի մասնակիցները հորդորել են նաեւ ավելի «պատկերավոր համագործակցություն ծավալել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ՝ հեռանալով լճացած մոտեցումներից: ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը պետք է աշխատեն դինամիկ համագործակցությունը զարգացնելու, նյութի վրա կենտրոնանալու եւ գործնական քայլեր կատարելու ուղղությամբ: Ամուր գործնական համագործակցության հնարավոր ոլորտներն են՝ վերահսկողությունը սպառազինությունների նկատմամբ եւ հրթիռային պաշտպանությունը, պայքարն ահաբեկչության դեմ, հակամարտությունների լուծումը եւ համատեղ արձագանքը ճգնաժամերին, Աֆղանստանը, էներգետիկան: Ինքնին նշանակալի հարցեր լինելով, դրանք կարող են նաեւ հիմք ստեղծել վստահության համար, որը անհրաժեշտ է առավել վիճելի հարցեր շոշափելիս»: Սեմինարի մասնակիցներից ոմանք հոռետեսորեն էին տրամադրված Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետության վերաբերյալ ՌԴ նախագահ Մեդվեդեւի կողմից արված առաջարկությունների շուրջ համաձայնության հեռանկարին, սակայն նաեւ գտնում էին, որ այդ հարցերի շուրջ ՌԴ-Արեւմուտք երկխոսությունը կարող է նաեւ արժեքավոր լինել որպես լարվածությունից հետո վստահությունը վերականգնելու ուղի: Հանդիպմանը մասնակցում էր Հայաստանի ԱԺ ՆԳ եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել