Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստանին դժվարին տարի է սպասվում

Մարտ 06,2009 00:00

\"\"Երեկ սկսվեց Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական համագումարը (խորհրդարանի լիագումար նիստը), որի ընթացքում երկրի վարչապետ Վեն Ցզյաբաոն հայտարարեց, որ այս տարի տնտեսության համար կլինի ամենաբարդը հազարամյակի սկզբից: Այդ բարդությունը, ըստ BBC-ի, վարչապետը բացատրեց տնտեսական ճգնաժամով: Հանդես գալով խորհրդարանի առաջ՝ Վեն Ցզյաբաոն հայտարարեց, որ կառավարությունը պատրաստվում է $585 միլիարդ հատկացնել երկրի տնտեսությանը սատարելու համար: Վարչապետի ասելով՝ Չինաստանի իշխանությունները հույս ունեն, որ 2009 թվականին երկրի տնտեսական աճը կազմելու է ոչ պակաս, քան 8%: «1,3 միլիարդ բնակչությամբ զարգացող երկրին անհրաժեշտ է տնտեսական աճի որոշակի տեմպ, որը կպահպանի աշխատատեղեր քաղաքներում եւ գավառներում, կբարձրացնի մարդկանց եկամուտները եւ կապահովի սոցիալական կայունությունը»,- նշեց վարչապետը:

Ըստ նրա, հատուկ ուշադրություն է դարձվելու գործազրկության դեմ պայքարին եւ Չինաստանով մեկ ստեղծվելու է մոտ 9 միլիոն նոր աշխատատեղ: Հատկապես մեծ ջանքեր են գործադրվելու ուսանողների եւ գյուղական շրջաններից եկած բանվորների համար աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ: Չինաստանի խորհրդարանի աշխատանքի սկիզբը դրական արձագանք գտավ աշխարհի խոշորագույն բորսաներում, որտեղ բարձրացել են ֆոնդային ինդեքսները: Դրան նպաստել է նաեւ տեղեկատվությունն այն մասին, որ Չինաստանում շարունակվում է արդյունաբերական արտադրության աճը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել