Լրահոս
Օրվա լրահոսը

Մթնոլորտը կարող է առողջանալ

Մարտ 28,2009 00:00

Կարծում է քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը

«Հայելի» ակումբի երեկվա հյուրը Քաղաքական վերլուծական ակումբի ղեկավար Ռուբեն Հակոբյանն էր, որը խոսեց հիմնականում Երեւանի ավագանու ընտրությունների մասին: «Ես այն կարծիքին եմ, որ, լինելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն, այն իր բովանդակությամբ եւ որակով հավասարվում է համապետական ընտրությունների հետ: Սա գնահատական կամ ցանկություն չէ, սա փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել: Իհարկե, լավ կլիներ, որ ունենայինք կայացած ժողովրդավարական պետություն, եւ Երեւանի քաղաքացին ընտրեր պրոֆեսիոնալ տնտեսվարի, մենեջերի, բայց, ցավոք, մենք այսօր այդ կարգավիճակում չենք գտնվում, եւ նկատի ունենալով քաղաքական ներկա վիճակը՝ այս ընտրությունները ձեռք են բերում համապետական քաղաքական ընտրության նշանակություն»:

Ըստ Ռ. Հակոբյանի՝ «Ժառանգության» չմասնակցելն այս ընտրություններին «մեր քաղաքական դաշտի, քաղաքական զարգացումների համար կորուստ է, եւ իմ կարծիքն այն է, որ «Ժառանգությունը» զոհ դարձավ ՀԱԿ-ի եւ իշխանության անզիջում, անհանդուրժող հակամարտությանը»: Պարոն Հակոբյանը կարծում է, որ «եթե իսկապես ընտրություններն անցկացվեն համեմատաբար արդար, նորմալ, որից գոհ կլինեն եւ ընտրողները, եւ ընտրվողները, մենք կարող ենք լարվածությունը թոթափել, մեղմացնել, մեր քաղաքական մթնոլորտը կարող է ավելի առողջանալ, եթե ոչ՝ կլինի այնպես, ինչպես եղել է մինչ այսօր»:

Այս վիճակից դուրս գալու համար նա մեխանիզմներ է առաջարկել կամ, ինչպես ինքն է կոչել՝ «ժողովրդավարական չափանիշներին համարժեք ընտրություններ անցկացնելու պլան»: Այդ պլանի առաջին կետով «համամասնական ցուցակը ղեկավարող թեկնածուները միասին ստորագրում են հուշագիր-հայտարարություն, միասնաբար համաձայնեցված ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու մասին», երկրորդ կետով՝ «ԿԸՀ-ի կողմից այս համամասնական ցուցակները հաստատելուց հետո մինչեւ ընտրությունների ավարտը իրենց աշխատանքային լիազորությունները վայր են դնում պետական համակարգում աշխատող թեկնածուները»: Ինչ մնում է այն թեկնածուին, որը եւս լծակներ ունի, ճիշտ է, ոչ պետական, այլ՝ հասարակական, ապա, ըստ Ռ. Հակոբյանի՝ «եթե թեկնածուները համաձայնության գան, Տիգրան Կարապետիչը նույնպես ըմբռնումով կմոտենա եւ ինքը եւս չի օգտվի իր հեռուստաընկերության ընձեռած լայն հնարավորություններից»:

Երրորդ կետով առաջարկվում է, որ նորաստեղծ Հանրային խորհուրդը նույնպես «ամբողջությամբ ընդգրկվի այս գործընթացի մեջ: Ի վերջո, եթե ընդհանուր ձեւակերպում տանք, խորհրդի հիմնական առաքելությունն էլ հենց այն է, որ կարողանա միջնորդ լինել հասարակության եւ իշխանությունների միջեւ»: Եվ 4-րդ կետը վերաբերում է լրատվամիջոցներին. «Առաջարկս հետեւյալն է, որ համամասնական ցուցակի ղեկավարողները միասնաբար, օրենքի շրջանակներում, մշակեն համաձայնեցված տարբերակ՝ լրատվամիջոցներից օգտվելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել