Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՂԱԿԱՁԵՎ ՄԱՅՐՈՒՂԻ ԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ

Մարտ 28,2009 00:00

Երեկ Սեւծովյան տարածաշրջանի տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամները հանդիպել են տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի հետ՝ քննարկելու Եվրոպայի եւ Սեւծովյան տարածաշրջանների միջեւ տրանսպորտային հաղորդակցության ապահովմանն ուղղված ծրագրերը: Նախարարը հայտնել է, որ քննարկվել են օղակաձեւ ավտոմայրուղու կառուցման, Սեւծովյան տարածաշրջանում ծովային ուղիների մշակման, տարածաշրջանում բեռնափոխադրումների դյուրինացման հետ կապված հարցեր: Նախարարության արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարգսյանի խոսքերով՝ ծրագրի շրջանակներում գործող մշտական տեխնիկական քարտուղարությունը կազմակերպության բոլոր անդամ երկրների ներկայացուցիչներին բաժանել է հարցաթերթիկներ, որոնց՝ մոտ ժամանակներս սպասվող ամփոփումը հնարավորություն կտա ստեղծելու օղակաձեւ մայրուղու քարտեզը, որում կընդգրկվեն արդեն գործող եւ կառուցվելիք ճանապարհները: Ըստ Ա. Սարգսյանի, ՍԾՏՀ-ի շրջանակներում շրջանառվում են եւս 2 մեմորանդումներ՝ կապված տարածաշրջանում ծովային երթուղիների եւ բեռնափոխադրումների դյուրացման հետ: Վերջինը ենթադրում է բեռնատարների վարորդներին վիզաների տրամադրման հեշտացված կարգ. այն առայժմ ստորագրել են ՍԾՏՀ-ի անդամ 4 երկրներ, որոնց թվում է նաեւ Հայաստանը: Հայաստանի նախագահությամբ առաջին անգամ անցկացված այս հանդիպմանը ՍԾՏՀ-ի անդամ 12 երկրներից չէին մասնակցում միայն երկուսը՝ Ալբանիան եւ Ադրբեջանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել