Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրողների առանցքային վկան

Ապրիլ 16,2009 00:00

«7»-ի գործում մեղադրող կողմի վարկածը «հաստատող» վկա Սամվել Գասպարյանը պնդում է, որ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ ելույթ է ունեցել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Երեկ Շենգավիթ համայնքի 1-ին ատյանի դատարանի շենքում շարունակվեց «Յոթի» գործով անցնող Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դատաքննությունը, որն ի հայտ բերեց սույն գործով մեղադրանք առաջադրողների եւ այն պաշտպանողների ապացույցների ողջ «հզորությունը»: Հիշյալ գործով դատակոչված 15 վկաներից երեկ հարցաքննվեցին երեքը: Առաջին երկուսի՝ Պահպանողական կուսակցության անդամ Զավեն Վարդանյանի ու 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատու Տիգրան Հակոբյանի ցուցմունքները առանձին հետաքրքրություն չէին ներկայացնում, որովհետեւ նրանք երկուսն էլ, ի հեճուկս մեղադրող կողմի, հայտարարեցին, թե մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունեցած հանրահավաքը ինքնաբուխ է եղել: Ասել է թե՝ այն ընդդիմության կողմից կազմակերպված ու առավել եւս՝ ուղղորդված չի եղել, որ ո՛չ Ալ. Արզումանյանը եւ ո՛չ էլ Ս. Սիրունյանը զանգվածային անկարգություններ չեն հրահրել, չեն կազմակերպել եւ բռնության կոչեր չեն արել:

Ու թեեւ մեղադրող Փիլոյանն այլ կարծիքի էր եւ որոշել էր ընթերցել, մասնավորապես, Տ. Հակոբյանի նախաքննական ցուցմունքը՝ համարելով, որ այն հակասում է դատարանում տված նրա ցուցմունքին, սակայն անգամ այդ ընթերցումը ոչ մի հակասություն ի ցույց չդրեց: Տ. Հակոբյանի ցուցմունքում երկու քաղբանտարկյալների վերաբերյալ՝ որպես մարտիմեկյան հանրահավաքի ու առավել եւս՝ «զանգվածային անկարգությունների» կազմակերպիչների, որեւէ մատնանշում չկար: «Էս ցուցմունքը մեր գործի հետ ի՞նչ կապ ունի: Ստեղ մեր անուն-ազգանունները չկան»,- սա Ալ. Արզումանյանի ռեպլիկն էր, իսկ Ս. Սիրունյանն էլ կասկած հայտնեց, թե՝ միգուցե դատարանում ա՞յլ գործ է քննվում, իսկ իրենք տեղյակ չեն:

Փոխարենը կրպակավաճառ Սամվել Գասպարյանի դատաքննական ցուցմունքը կարելի է սենսացիոն համարել: Պարզվեց, որ իրեն առողջ համարող այս մարդը մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ, հարթակում ելույթ ունենալիս տեսել ու լսել էր ոչ միայն Նիկոլ Փաշինյանին ու Ալ. Արզումանյանին, այլեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ամեն անգամ, երբ կրպակավաճառը պնդում էր Լ. Տեր-Պետրոսյանի՝ Մյասնիկյանի արձանի մոտ լինելու իր վարկածը, դատարանի դահլիճը կամ բուռն ծափահարում, կամ լիաթոք ծիծաղում էր, որովհետեւ հանրահայտ փաստ է, որ մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած ջարդից ժամեր անց Լ. Տեր-Պետրոսյանը գտնվել է տնային կալանքի տակ, իսկ Ալ. Արզումանյանը Մյասնիկյանի արձանի մոտ եղել է երեկոյան, ժամը 21-ից հետո, բայց հարթակում չի եղել եւ որեւէ ելույթ չի ունեցել:

Սակայն մեղադրող կողմը սույն վկային վերաբերվում էր տարօրինակ լրջությամբ: Օրինակ, երբ պաշտպան Հովիկ Արսենյանը հայտարարեց, թե վկա Գասպարյանին գիտի որպես ոստիկանության գործակալի, իսկ վկան էլ ընդունեց դա՝ ասելով, թե՝ «բա չաշխատե՞մ», մեղադրող Կորյուն Փիլոյանը նրան իր հովանավորության տակ առավ: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, մեղադրողը հայտարարել էր, թե վկան թեեւ ընդունեց, որ գործակալ է, բայց խոսքը մամուլի գործակալ լինելու մասին է, որովհետեւ նա թերթեր է վաճառում:

Ի դեպ, Ս. Գասպարյանի՝ ոստիկանության գործակալ լինելու այդ հարցադրումն առաջին անգամ չէ, որ հնչում է: Հիշեցնենք, որ նույնպիսի հարցադրում եղել էր նաեւ 2007թ. վերջերին՝ հոկտեմբերի 23-ին ընդդիմության հանրահավաքի մասին իրազեկող խաղաղ երթի մասնակիցների նկատմամբ ոստիկանների կողմից ուժ կիրառելու, նրանց բերման ենթարկելու, ապա նաեւ նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հետ կապված: Այս մարդը, որպես իշխանության «մասնագիտացված» վկա, մեկուկես տարի առաջ էլ հիշյալ գործով էր ցուցմունք տվել մասնավորապես՝ ընդդիմադիր թերթերի խմբագիրների՝ Շողեր Մաթեւոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի դեմ: Ն. Փաշինյանը այն ժամանակ վկա Ս. Գասպարյանի հետ առերեսման ժամանակ պահանջել էր նրան դատահոգեբուժական փորձաքննության ենթարկել: Այդպիսի հարցադրում հնչել էր նաեւ երեկվա դատական նիստի ժամանակ: Դատարանը բավարարվել էր վկայի պնդմամբ՝ առ այն, որ ինքն առողջ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել