Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՐԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ը

Օգոստոս 01,2009 00:00

Լրատվամիջոցներում լուրեր էին հայտնվել, թե ՀՖՖ-ն Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբին զրկել է երկրի առաջնությանը մասնակցելու արտոնագրից, իսկ երեկ կայանալիք ՀՖՖ գործկոմի արտահերթ նիստը այդ խնդրին վերջնական լուծում էր տալու:

\"\" \"\"

Երեկ «Արարատի» հեռացման մասին տեղեկատվության հավաստիությունը ճշտելու եւ ակումբից որեւէ մեկնաբանություն ստանալու նպատակով օրվա երկրորդ կեսին ակումբի կայքում տեղադրված հեռախոսահամարով մեր բազմաթիվ զանգերին պատասխանող չեղավ: Մամուլի քարտուղարի բջջային հեռախոսն էլ անհասանելի էր: Իսկ երբ որեւէ ձեւով կապ հաստատելու ապարդյուն փորձերից հետո անձամբ գնացինք ակումբ, նախաշեմին կանգնած պահակային ծառայության աշխատակիցները պատասխանեցին, թե ոչ ոք չկա:

Ուշ երեկոյան ՀՖՖ մամուլի քարտուղարության տարածած տեղեկատվությունից նախ տեղեկացանք, որ հրավիրվել է ՀՖՖ գործկոմի ոչ թե արտահերթ, այլ հերթական նիստ, որի օրակարգային առաջին հարցը եղել է արտոնագրման կոմիտեի (ոչ ՀՖՖ-ի) ս/թ հունիսի 30-ի նիստում ընդունված որոշումը եւ «Արարատ» ակումբի վարքագծի քննարկումը: Նիստին մասնակցած «Արարատ» ակումբի փոխնախագահ Արկադի Անդրեասյանը խնդրել է առաջին հերթին քննարկել արտոնագրման հետ կապված հարցը եւ լսել իրենց բացատրությունները, որոնք բավարարվել են: Ծավալված քննարկումների եւ հարցուպատասխանի արդյունքում, որի ժամանակ ներկայացվել են ակումբի կողմից արտոնագրման կադրային չափանիշների բազմաթիվ խախտումները, ըստ ՀՖՖ մամուլի ծառայության տեղեկատվության, պարոն Անդրեասյանն ընդունել է դրանք՝ նշելով, որ այդ ամենը տեղի է ունեցել ակումբի որոշ աշխատողների անփութության հետեւանքով, ինչի համար այդ աշխատողները հեռացվել են աշխատանքից: Նա նաեւ ավելացրել է, որ ոչ թե ակումբն է մեղավոր ստեղծված իրավիճակում, երբ մանկապատանեկան թիմերը դուրս են մնացել առաջնություններից, այլ մարզիչ Ա. Հովհաննիսյանը, որն այդ թիմերի՝ մրցաշարերին չմասնակցելու որոշումը կայացրել է ինքնակամ:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նիստում նշել է, թե ցավալի է, որ պրոֆեսիոնալ ակումբի համար նման ճակատագրական հարցեր կարող են կախված լինել անհատներից, եւ ակումբի ղեկավարությունն իրավիճակը շտկելու բավարար ժամանակ է ունեցել: «Եթե որեւէ մեկը կարող է կարծել, թե ակումբի թշնամին եմ կամ եղել եմ, չարաչար սխալվում է: Իմ նպատակն է՝ տեսնել «Արարատն» այնպիսին, ինչպիսին բոլորիս հիշողություններում է: Եվս մեկ անգամ դիմում եմ ձեզ խնդրանքով՝ կողմ դնել բոլոր տեսակի ամբիցիաները, սկսել նոր տողից, համագործակցել ֆեդերացիայի հետ, ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն, շտկել ակումբում տեղ գտած թերությունները, ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումներ գտնել եւ ծառայել հայկական ֆուտբոլին: Դուք պատրա՞ստ եք»,- հարցրել է ՀՖՖ նախագահը: «Այո, պատրաստ եմ: Համաձայն եմ, որ միայն այդպես կարող է լինել զարգացում»,- պատասխանել է Արկադի Անդրեասյանը եւ հարցերը կարգավորելու համար ժամանակ խնդրել, ինչը ՀՖՖ գործկոմի նիստը որոշ պայմաններով բավարարել է՝ ժամանակ տալով մինչեւ նոյեմբերի 1-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել