Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Օգոստոս 08,2009 00:00

\"a\"

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք ութերորդ

Գլուխ տասնիններորդ

ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ

Եվ Սաքոն ինձ աչքով անելով՝ Գագոյին ասաց՝ «բայց կարող ա Արմոն սոտըվի պահելու հնարավորություն չունի», եւ Գեւորը Սաքոյին ասաց՝ «հիմի սոտըվին կոպեկներ արժի», եւ Սաքոն ասաց՝ «մենակ սոտըվին չի. զանգերի համար էլ ենք ահագին մուծում», եւ Գեւորն ինձ ասաց՝ «կարաս վաբշե ոչ մեկին չզանգես. կարաս մենակ զանգերին պատասխանես», եւ ես ժպտալով ասացի՝ «գիտեմ. մեր տնեցիք սաղն էլ սոտըվի ունեն», եւ Գեւորն ասաց՝ «հիմի հիսուն դոլարով էլ կարաս սոտըվի առնես», եւ Սաքոն Գեւորին հարցրեց՝ «հիսուն դոլարով ի՞նչ սոտըվի պիտի առնի», եւ Գեւորը պատասխանեց ու ասաց՝ «շատ սովորական սոտըվի», եւ Սաքոն խորամանկ ժպտալով ասաց՝ «կարող ա Արմոն սովորական սոտըվի չի ուզում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հազարդոլարանոց սոտըվի էլ կա. կարող ա դրանցից ա ուզում», եւ ես ասացի՝ «ոչ մի սոտըվի էլ չեմ ուզում», եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «թե չէ՝ ընենց սոտըվի կա, որ քո տեղակ ոտներդ լվում ա» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «մեջքդ էլ ա քսում», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «ես գիտեմ՝ Արմոն ինչ սոտըվի ա ուզում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ընենց սոտըվի ա ուզում, որ իրա տեղակ վեպ գրի», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «էդ մեկն անհնարին ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «գիտությունն էդ աստիճանի չի հասել, որ սոտըվին կարենա էդ տեսակ կլյավուզնի բաներ գրի», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչ կլյավուզնի բաներ», եւ Սաքոն Գագոյին հարցրեց՝ «Արմոյի վեպը չես կարդո՞ւմ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ վեպը Վոլգոգրադ չի հասնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «Կրասնոդարի կողմերը դեմն առնում են» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ինձ հարցրեց՝ «էդ ի՞նչ վեպ ա. ինչի՞ մասին ա», եւ Սաքոն իմ փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «ամեն ինչի մասին էլ գրում ա», եւ Գեւորն ասաց՝ «Կրիվոյի Նվերի մասին էլ ա ահագին գրել», եւ Գագոն զարմացած ինձ հարցրեց՝ «Կրիվոյի Նվերը կա՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Գագոն հարցրեց՝ «էլի նստած ա՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չէ», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչ ա անում», եւ ես ասացի՝ «մի քանի օր առաջ Ֆրանսիա գնաց», եւ Գագոն ապշահար հարցրեց՝ «Ֆրանսիա՞ ինչ ա կորցրել», եւ ես ստելով ասացի՝ «Մարսելում ինչ-որ բիզնես ունի», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ Մարսել», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «Մարսելը Ֆրանսիայի քաղաքներից ա», եւ Գագոն արհամարհանքով նայեց Սաքոյին ու ասաց՝ «մերսի, որ հիշացրիր», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «փաստորեն, Նվերն ամեն ինչ մարսել ա ու գնացել ա Մարսել», եւ Գագոն ինձ հարցրեց՝ «ի՞նչ բիզնես ա», եւ ես ասացի՝ «չգիտեմ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչ ուզում եք ասեք՝ բերդի նստածհելած տղերքն իրար լավ են պաձերժկա անում», եւ ես ասացի՝ «չգիտեմ՝ իրա պաձերժկեն ով ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարաս չկասկածես. իրանց սպայկեն լրիվ ուրիշ ա», եւ Սաքոն զարմացած ինձ հարցրեց՝ «այսինքն, իրանց մասին լրիվ սուտ էի՞ր գրել», եւ ես հարցրի՝ «ի՞նչն եմ սուտ գրել», եւ Սաքոն ասաց՝ «գրել էիր, որ քրոջ ու փեսի միջոցով ա Ֆրանսիա գնում», եւ ես Սաքոյին աչքով անելով ասացի՝ «կարծեմ՝ քուրն ու փեսեն էլ էդ բիզնեսի մեջ կան», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «պարզ ա, որ կըլնեն», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «քուրն ու փեսեն չգիտեմ, բայց բերդի տղերքի պաձերժկեն հաստատ կա», եւ Սաքոն ինձ աչքով անելով՝ Գագոյին ասաց՝ «բայց, ասում են, իրանց փեսեն Ֆրանսիա շատ ուժեղ գործի ա», եւ Գագոն ինձ հարցրեց՝ «փեսեն հայ ա՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չէ՝ ֆրանսիացի ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «էդ սաղ իրար ա գումարվում՝ դառնում ա բիզնես», եւ Գեւորը ժպտալով ավելացրեց՝ «ու Կրիվոյի Նվերն էլ դառնում ա դեմք», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «զգույշ խոսացեք. շատ հնարավոր ա՝ մեր էս սաղ խոսացածներն Արմոն իրա վեպի մեջ գրի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «գրի չգրի՝ ամեն մարդու բախտն իրա հետ ա», եւ Սաքոն զարմացած հարցրեց՝ «դու էլ ե՞ս բախտից դժգոհ, ա՛յ Գագո», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «գոհ ըլնելու ի՞նչ ունեմ», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «մենք էլ մտածում ենք, թե մեջներիցս մենակ Գագոն մարդ դառավ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «նայած թե՝ մարդ ասելով ինչ եք հասկանում», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էսօր մարդ ասելով՝ առաջին հերթին փող ու ունեցվածք են հասկանում», եւ Գագոն ժպտալով հարցրեց՝ «հետո՞», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հետո հարգանքն ու հեղինակությունն են հաշվի առնվում», եւ Գեւորը ժպտալով Գագոյին ասաց՝ «փաստորեն, դու էդ սաղ ունես», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «նայած թե՝ ում հետ ես համեմատում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ձեր էդ ընկերոջ համեմատ՝ պարզ ա, որ ունեմ», եւ Գեւորը հարցրեց՝ «ի՞նչ ընկեր», եւ Գագոն պատասխանեց ու ասաց՝ «էդ Դերո կոչվածի», եւ Սաքոն Գագոյին հարցրեց՝ «էդ խեղճ Դերոն քեզ ի՞նչ վատություն ա արել», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ինքը ո՞նց կարա ինձի վատություն անի», եւ Սաքոն համաձայնվելով ասաց՝ «ես էլ եմ էդ ասում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ խեղճ ա՝ թող իրան խեղճի պես պահի», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «փորձում ա, բայց չի ստացվում», եւ Գագոն քմծիծաղով ասաց՝ «թող էլի փորձի», եւ Սաքոն ասաց՝ «ախր խեղճի վիճակը հեչ վիճակ չի», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչ իմաստով ես ասում», եւ Սաքոն պատասխանեց ու ասաց՝ «առաջին հերթին՝ ֆինանսական իմաստով» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «խեղճը ոչ փող ունի, ոչ էլ՝ աշխատանք», եւ Գեւորն ասաց՝ «ձմեռները սրանրա համար ցախ ա ջարդում», եւ Սաքոն ասաց՝ «հիմնական աշխատանք չունի», եւ Գագոն խորամանկ ժպտալով ինձ նայեց, հետո Սաքոյին ասաց՝ «հիմնական աշխատանք չունի, բայց զատո մաբիլնի ունի», եւ Սաքոն զարմացած հարցրեց՝ «հիմի ո՞վ մաբիլնի չունի», եւ Գագոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Արմենը», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «Արմոյի հնարավորություններն ո՞վ ունի», եւ Գեւորն ասաց՝ «խեղճ Դերոն էդ մաբիլնին ստիպված ա պահում, որ ցախ ջարդելու գործով կարենան իրան գտնեն», եւ Սաքոն ասաց՝ «անցած ձմեռ իրա գործը շատ քիչ էր. համարյա սաղ ժողովուրդը տները գազ ա քաշել», եւ Գեւորը մտահոգ ասաց՝ «էս ձմեռ կարող ա վաբշե գործ չունենա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «մի քիչ շատ չե՞ք իրան խղճում», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «մենք որ չխղճանք՝ ո՞վ խղճա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքը պիտի իրա խեղճ ըլնելը հասկանա, ոչ թե՝ դուք», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի հասկանում ա, դրա համար էլ սիրտը նեղվում ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «համ էլ պիտի հասկանա, որ իրա խեղճ վիճակի համար ոչ մեկս մեղավոր չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ էդ հասարակ բանը հասկանա՝ կարող ա կողքից օգնենք էլ», եւ Գեւորն ասաց՝ «ինքը որ օգնություն ընդունող ըլներ՝ էսօրվա էս վիճակին դժվար թե հասներ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն մեկին թվում ա, թե դեմինի վիճակը շատ լավ ա», եւ Սաքոն ասաց՝ «կնիկն էլ էրկու էրեխեքին հավաքել՝ գնացել ա հորանց տուն», եւ Գագոն հարցրեց՝ «ո՞ւմ կնիկը», եւ Սաքոն պատասխանեց ու ասաց՝ «Դերոյի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «էրեխեքը փոքր ե՞ն», եւ Սաքոն ասաց՝ «էրկուսն էլ դպրոցական են», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «էդքան ուշ ա՞ պսակվել», եւ Սաքոն ասաց՝ «ո՞նց կարար շուտ պսակվեր. բերդից որ դուս էկավ՝ արդեն քառասունին մոտ էր», եւ Գեւորն ասաց՝ «էդ երկրորդ անգամ լրիվ նիզաշտո նստավ», եւ Սաքոն ասաց՝ «առաջին նստելն էլ էր անկապ», եւ Գագոն հարցրեց՝ «մի անգամ չի նստե՞լ», եւ Սաքոն պատասխանեց ու ասաց՝ «էրկու», եւ Գագոն ասաց՝ «ես մի անգամը գիտեմ. կարծեմ հարեւանի հետ էր կռիվ արել», եւ Գեւորն ասաց՝ «ի՞նչ կռիվ. իրանց շենքի լիազորին ընդամենը մի հատ չափալախ էր տվել», եւ Սաքոն ասաց՝ «էդ մի չափալախն իրա կյանքից համարյա վեց տարի խլեց», եւ Գագոն հարցրեց՝ «ո՞ւմ կյանքից վեց տարի խլեց», եւ Սաքոն ասաց՝ «էդ չափալախի պատճառով Դերոն վեց տարի նստավ», եւ Գեւորն ասաց՝ «որովհետեւ էդ լիազորը պատերազմի հերոս էր», եւ Սաքոն ասաց՝ «ի՞նչ հերոս. սովորական պատերազմի մասնակից էր» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դատի վախտ դրան տեսել եմ. շատ կլյավուզնիկ մարդ էր», եւ Գեւորն ասաց՝ «մինչեւ հիմի էլ կա. ութանասունն ահագին անց մարդ ա, բայց մինչեւ հիմի իրանց շենքի լիազորն ա. չեն կարում էդ բիձուց ազատվեն», եւ Գագոն հարցրեց՝ «բա խի՞ էր էդ ութանասունն անց բիձուն խփել», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «խփած վախտ վաթսուն էլ չկար», եւ Գեւորն ասաց՝ «էդ բիձեն իրանց հայաթի մեջ Դերոյի ախպոր էրեխին էր նիզաշտո սիլլել, Դերոն էլ ատվետը տվել էր», եւ Գեւորն ասաց՝ «մի հատ թեթեւակի չափալախ էր տվել, բայց համարյա վեց տարի կալենդարնի նստավ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «պատերազմի հերոսին խփելը մի բաժակ ջուր խմել չի», եւ Սաքոն ասաց՝ «հերոս չի. ընդամենը մասնակից ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «թեկուզ մասնակից» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «պատերազմի մասնակիցներին հիմի մատներիդ վրա կարաս հաշվես», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ խփած վախտ լիքն էին», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «դուք Դերոյի շահերից եք խոսում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մի հատ փորձեք՝ էդ բիձու տեսանկյունից նայեք», եւ Սաքոն զարմացած հարցրեց՝ «բիձու տեսանկյունը ո՞րն ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ մարդը գնացել՝ գերմանացու դեմ կռվել ու հաղթել ա, որ էդքանից հետո մի հատ կակոյ նիբուձՖ ցախ ջարդող իրան չափալախի՞», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էն վախտ Դերոն ցախ ջարդող չէր», եւ Գեւորն ասաց՝ «էն վախտերը ցախ ջարդել չկար. էդ սիլլելը Սովետի վախտով էր», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սովետը ո՞նց կթողեր, որ իրա հերոսին սիլլեն», եւ Գեւորն ասաց՝ «պատերազմին մասնակցելը հերոսություն չի. իմ հերն էլ ա մասնակցել», եւ Սաքոն ասաց՝ «ի՞նչ հերոս. կռիվ ա էղել՝ սաղին էլ տարել են», եւ Գագոն մի քիչ մտածեց ու վրդովված հարցրեց՝ «կարող ա՞ ցախ ջարդելն ա հերոսություն», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքը ստիպված ա ցախ ջարդում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կյանքն ա ստիպում, որ ցախ ջարդի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «էդ բիձուն որ խփել ա, էդ էլ ա՞ կյանքը ստիպել», եւ Սաքոն ասաց՝ «էդ բիձեն իրանց հայաթի մեջ Դերոյի ախպոր էրեխուն որ նիզաշտո խփել էր, Դերոն չէր դիմացել ու ատվետը տվել էր», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ատվետը տալիս ես, հետո պիտի կարենաս տակից դուս գաս», եւ Գեւորն ասաց՝ «իրա դուս գալը համարյա վեց տարի տեւեց», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «էդ ո՞ր մեկս ենք մեր ախպոր էրեխու համար պատերազմի հերոս ծեծել», եւ Սաքոն ճշտեց՝ «պատերազմի մասնակից», եւ Գագոն ասաց՝ «թեկուզ մասնակից», եւ Սաքոն ասաց՝ «չի ծեծել. ընդամենը թեթեւակի սիլլել ա», եւ Գեւորն ասաց՝ «էդքանից հետո էլ ախպոր հետ շունուկատու են», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա շունուկատու», եւ Գեւորը պատասխանեց ու ասաց՝ «Դերոն ու իրա ախպերը», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «էդ նույն ախպերը՞», եւ Գեւորն ասաց՝ «էդ մի ախպերն ունի», եւ Սաքոն ասաց՝ «էրկու քուր ունի ու էդ մի ախպերը», եւ Գագոն հարցրեց՝ «բա խի՞ են շունուկատու», եւ Սաքոն ասաց՝ «ախպերն իրանց հորական տան վրա աչք ունի», եւ Գագոն հարցրեց՝ «տասնչորսհարկանի չե՞ն ապրում», եւ Սաքոն ասաց՝ «հա. էդ իրանց հորական տունն ա», եւ Գագոն հարցրեց՝ «հիմի էդ տունն ո՞ւմն ա», եւ Սաքոն ասաց՝ «Դերոն ա ապրում, բայց հերնումերը որ մեռան, ախպերը դատի ա տվել ու փայ ա պահանջում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «փաստորեն, իրավունք ունի. էդ իրանց օբշի հորական տունն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «բա քուրերն իրանց փայերը չեն պահանջո՞ւմ», եւ Սաքոն ասաց՝ «ընդհակառակը. քուրերը մեծ ախպորն ամոթանք են տալի, որ Դերոյի տան վրա աչք ա դրել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «օրենքով չորսին էլ հավասար փայ ա հասնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ Ռուսաստան ըլներ՝ քուրերն է՛լ հաստատ փայ կուզեին», եւ Գեւորն ասաց՝ «քուրերը շուտվանից ամուսնացել՝ գնացել են», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ ոչ մի կապ չունի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրանք էլ են հավասար ժառանգ համարվում», եւ Սաքոն ասաց՝ «բայց քուրերն էդ տան վրա աչք չունեն», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ արդեն իրանց շնորհքի հարցն ա, բայց որ մտքներին ըլներ՝ իրանք էլ կարային փայ ուզեին», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրանք իրավունք ունեն, բայց ախպերն իրավունք չունի», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «խի՞ չունի», եւ Սաքոն ասաց՝ «վախտին ախպոր համար Բանգլադեշ կվարտիրա են առել, որ իրանց էդ հորական տունը Դերոյին մնա», եւ Գեւորը Սաքոյի ասածը հաստատելով ասաց՝ «էդ Բանգլադեշի տան փողը՝ մինչեւ վերջին կոպեկը Դերոյի հերն ա մեծ տղին տվել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «դուք Դերոյի պատմածով եք ասում, բայց ախպերը կարող ա լրիվ ուրիշ բան ասի», եւ Սաքոն ասաց՝ «ես իրանց բարեկամների պատմածով եմ ասում», եւ Գեւորն ասաց՝ «Դերոն էն տղեն չի, որ սրանրա մոտ ախպոր դեմ խոսա», եւ Սաքոն ասաց՝ «ինքն էն տղեն չի, որ իրանց ընտանիքի գաղտնիքներն աջուձախ պատմի», եւ Գեւորն ասաց՝ «բայց ախպերը Դերոյի դեմ աջուձախ խոսում ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «թուղթ ունի՞», եւ Սաքոն հարցրեց՝ «ո՞վ», եւ Գագոն հարցրեց՝ «ասում եմ՝ Դերոն թուղթ ունի՞», եւ Սաքոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ թուղթ», եւ Գագոն հարցրեց՝ «դակումենտ ունի՞, որ ախպոր էդ Բանգլադեշի տան փողը լրիվ հերն ա տվել», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեծ քուրը հաստատում ա, որ էդ տան փողը լրիվ հերն ա տվել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեծ քրոջ ասածը դատարանի համար ասնավանի չի», եւ Սաքոն զարմացած հարցրեց՝ «բա ի՞նչն ա ասնավանի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրանց հերը պիտի վախտին Դերոյի ախպորը ստացական գրել տված ըլներ», եւ Գեւորը Գագոյին ասաց՝ «դու էլ հո չասիր. էդ ո՞ր հերն ա իրա տղին ստացական գրել տալի», եւ Գագոն ասաց՝ «ես օրենքն եմ ասում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ իրար դատի են տվել, ստիպված պիտի օրենքով շարժվեն», եւ Սաքոն ասաց՝ «իրար դատի չեն տվել. մեծ ախպերն ա Դերոյին դատի տվել», եւ Գեւորն ասաց՝ «ճիշտը որ խոսանք, Դերոյին լավ էլ հասնում ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ ախպոր էրեխի պատճառով համարյա վեց տարի նստեց», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «դատարանն ըտենց մանրուքները հաշվի չի առնում», եւ Գեւորը զարմացած հարցրեց՝ «վեց տարին մանրուք ա՞», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «դատարանի ու դատավորների համար քսան տարին էլ ա մանրուք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դատարանն ու դատավորներն օրենքից բացի ուրիշ բան հաշվի չեն առնում», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց պիտի հաշվի առնեին», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ ոչ քո ուզելով ա, ոչ էլ՝ Դերոյի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Դերոն թե ախպոր հետ բարիշեց՝ բարիշեց, թե չէ՝ էդ տան հալալ կեսը սուսուփուս պիտի ախպորը տա», եւ Գեւորն ասաց՝ «Դերոն ախպոր հետ հեչ չի էլ կռվել, որ բարիշի կամ չբարիշի», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ո՞նց չի կռվել», եւ Գեւորն ասաց՝ «Դերոն ախպոր հետ էդ տան թեմայով ոչ մի բառ չի խոսացել», եւ Սաքոն ասաց՝ «իրան դատարանից զապիսկա են ուղարկել, ու ինքն էդ ձեւով ա իմացել, որ ախպերն իրան դատի ա տվել», եւ Գեւորն ասաց՝ «Դերոն էդ դատերին ոչ մի անգամ չի գնացել», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ո՞նց կարա չգնա», եւ Սաքոն ասաց՝ «մեծ քուրն ա իրա տեղակ գնում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքը որ դատերին չգնա, հարուր տոկոսով էդ դատը կկրվի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ուզի չուզի՝ ախպոր հետ լեզու պիտի գտնի, թե չէ՝ էդ տան կեսից պիտի ձեռ քաշի», եւ Սաքոն ասաց՝ «կեսը չի. մեկ քառորդն ա ախպորը հասնում», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ մեկ քառորդ», եւ Սաքոն բացատրեց ու ասաց՝ «քուրերը հենց իմացել են, որ իրանց մեծ ախպերը Դերոյին դատի ա տվել, իրանք էլ են դատի տվել», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ են դատի տվել», եւ Սաքոն պատասխանեց ու ասաց՝ «Դերոյին» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «քուրերն էլ իրա՛նց փայն են պահանջել», եւ Գագոն ոգեւորված ասաց՝ «փաստորեն, Դերոյի փայն էլ ա քառորդ դառնում», եւ Սաքոն բացատրեց ու ասաց՝ «քուրերը Դերոյին ձեւական են դատի տվել, որ մեծ ախպոր փայը պակասացնեն», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «չհասկացա», եւ Սաքոն ասաց՝ «չհասկանալու ի՞նչ կա. քուրերն իրանց փայերը դատարանով ստանալու են, հետո իրանց փայերը տալու են Դերոյին, որ մեծ ախպոր փայը պակասի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ո՞վ ա ասում, որ իրանց փայերը տալու են Դերոյին», եւ Սաքոն ասաց՝ «իրանք են ասում», եւ Գագոն հարցրեց՝ «իրանք՝ ո՞վ», եւ Սաքոն պատասխանեց ու ասաց՝ «քուրերը», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ հիմի են ըտենց ասում. դատարանի որոշումից հետո իրանց փայերը կստանան ու կթռնեն», եւ Սաքոն զարմացած հարցրեց՝ «ո՞ւր կթռնեն», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «քուրերն ո՞ւր են ապրում», եւ Սաքոն ասաց՝ «մեծն Արտաշատ ա ապրում, փոքրը՝ Մասիվ», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «մեծն Արտաշատ կթռնի, փոքրը՝ Մասիվ», եւ Գեւորն ասաց՝ «այսինքն, էս աշխարհում հեչ մարդկություն չի մնացե՞լ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հենց որ մարդկանց շահերն իրար են դեմ առնում, մարդկությունը վայրկյանական վերանում ա՝ հեչ հետքն էլ չի մնում», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ըտենց բան հնարավոր չի», եւ Գագոն ժպտալով հարցրեց՝ «ի՞նչը հնարավոր չի», եւ Գեւորն ասաց՝ «հնարավոր չի, որ իրա քուրերն էլ իրան քցեն», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «ես շահերից եմ խոսում, դու՝ քցելուց», եւ Սաքոն միջամտեց ու ասաց՝ «բայց Դերոյի քուրերն էդ բանը հատուկ են մտածել, որ էդ ձեւով Դերոյի բաժինն ավելանա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «իրանք էդ բանը ե՞րբ են մտածել», եւ Սաքոն ասաց՝ «դատից առաջ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դատից առաջ էդ ձեւ են մտածել, բայց դատարանի որոշումից հետո լրիվ ուրիշ ձեւի կմտածեն», եւ Սաքոն զարմացած հարցրեց՝ «ո՞նց», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «երբ որ մարդու մոտ ինչ-որ շահ ա առաջանում, էդ վախտ ա մարդու ուղեղն սկսում աշխատել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «երբ որ մարդ սկսում ա իրա շահերի ուղղությամբ մտածել, ուղեղն սկսում ա հազարի վրա աշխատել», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էս էդ վարիանտը չի», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ էդ վարիանտը չի», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Դերոյի մանավանդ մեծ քուրը, որ պետք ըլնի, Դերոյի համար կյանքն էլ կտա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հենց որ իրանց շահը հասկանան ու պատկերացնեն, էդ մեծ քրոջ մարդն իրա կնկան ընենց շիրա կտա, որ ձեր Դերոյի աչքերը ճակատը կթռնեն», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «արդեն էրկու տարի կըլնի՝ մեծ քրոջ մարդը մեռել ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «փոքրինն էլ ա՞ մեռել», եւ Սաքոն Դերոյի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «փոքրինը կա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «տաքսի ա քշում», եւ Գագոն խորամանկ ժպտալով հարցրեց՝ «մինչեւ ե՞րբ պիտի տաքսի քշի» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «տաքսի քշողների գործն էդքան լավ ա՞», եւ Գեւորը Սաքոյի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «որ լավ ըլներ՝ մենք էլ կքշեինք», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «Դերոյենց էդ կվարտիրեն քանի՞ սենյականոց ա», եւ Սաքոն պատասխանեց ու ասաց՝ «իրեք», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ինչքանո՞վ կծախվի», եւ Սաքոն ասաց՝ «Դերոն ասում ա՝ ութանասուն տվող կա», եւ Գագոն հարցրեց՝ «ութանասուն ի՞նչ», եւ Սաքոն պատասխանեց ու ասաց՝ «ութանասուն հազար դոլար», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «փաստորեն, ամեն մեկին քսան հազար ա հասնում», եւ Գեւորը ծիծաղելով Գագոյին հարցրեց՝ «վերջը որոշեցիր չորս տեղ բաժանե՞ս», եւ Գագոն միանգամայն լուրջ պատասխանեց ու ասաց՝ «որոշողը ես չեմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դատարանն ա ըտենց որոշում կայացնելու», եւ Սաքոն ասաց՝ «դատարանի որոշումից հետո էրկու քուրերն էլ իրանց բաժինները կտան Դերոյին», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «երբ որ կտան՝ էդ վախտ էլ կխոսանք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ Դերոյի փեսեքն սկսեն իրանց կնիկներին բզբզել՝ էդ վախտ էլ կխոսանք», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «Դերոյի մեծ փեսեն էրկու տարի առաջ մեռել ա. ո՞նց պիտի կնկան բզբզի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «պարզ ա, որ մեռածը չի կարա բզբզի, բայց սաղը կարա, չէ՞» եւ մի քիչ էլ մտածեց ու խորամանկ ժպտալով հարցրեց՝ «ասում ես՝ տաքսի ա՞ քշում», եւ Գեւորն ասաց՝ «հա. իրա սեփական ժիգուլին տաքսի ա սարքել՝ քշում ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «տաքսի քշելով կարում ա՞ տուն պահի», եւ Գեւորն ասաց՝ «Սովետի վախտերը չի, որ տաքսի քշելով տուն պահես», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես էլ եմ էդ ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու խորամանկ ժպտալով հարցրեց՝ «էդ փեսեն ինչքա՞ն պիտի տաքսի քշի, որ քսան հազար դոլար աշխատի», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «սաղ կյանքն էլ որ քշի՝ էլի քսան հազար չի աշխատի», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «փաստորեն, իմ ասածն ես հաստատում», եւ Գեւորը հարցրեց՝ «քո ասածը ո՞րն ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ասում եմ՝ էդ փեսեն ավելի շուտ Դերոյի էդ քսան հազարը կխլի, քան թե՝ սաղ կյանքն անիմաստ տաքսի կքշի», եւ Սաքոն վրդովված հարցրեց՝ «ո՞ր փեսեն կխլի», եւ Գագոն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «էդ փոքր փեսեն» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «մեծը որ մեռել ա՝ ո՞նց կարա խլի», եւ Գեւորը զարմացած հարցրեց՝ «այ Գագո, հիմի դու Դերոյի՞ կողմից ես, թե՝ փեսի», եւ Գագոն չափազանց լուրջ տոնով պատասխանեց ու ասաց՝ «ես ճշտի ու արդարության կողմից եմ»:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել