Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիացիները՝ լճափում

Օգոստոս 08,2009 00:00

Փարիզի «CSOE» «Որբերի եւ ուսանողների օգնության կոմիտե» բարեգործական կազմակերպության 22 կամավորներ նորոգում են Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքի միջնակարգ դպրոցը եւ մանկապարտեզը։ Կամավորներից 11-ը փարիզաբնակ հայ երիտասարդներ են։ Կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Դավիթ Խաչատրյանը տեղեկացրեց, որ իրենք նախորդ երկու տարիներին աջակցել են Երեւանի 19 մանկապարտեզների եւ Գյումրիի դպրոցներին, իսկ Լճափ համայնքը ընտրել են պատահականորեն. երեք տարի առաջ Գավառի մանկատնից վերադառնալիս փարիզցի կամավորները խնդրել են մտնել այդ գյուղը՝ բնակչության ապրելակերպին ծանոթանալու նպատակով։ Այդ օրվանից էլ սկսվել են աշխատանքները։

Սա արդեն երրորդ տարին է, որ կամավորները ամռանը գալիս են Լճափ ու կատարում նորոգման աշխատանքներ։ Նախորդ տարիներին նրանք նորոգել են Լճափի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը եւ 4 դասարան։

Կամավորական կոմիտեի Փարիզի գրասենյակի տնօրեն Սեւան Կարյանն էլ տեղեկացրել է, որ այս տարի իրենք դպրոցում տեղադրել են 18 եվրոպական արտադրության լուսամուտներ, նորոգել պատմության եւ գրականության դասարանները, կառուցելու են նոր սանհանգույցներ։ Լճափի մանկապարտեզում նորոգվելու են խմբասենյակը, դահլիճը, սանհանգույցը, տեղադրվելու է մուտքի նոր դուռ։ Կամավորները, շինարարական աշխատանքներից բացի, գյուղի երեխաների համար դպրոցում կազմակերպել են ճամբար՝ նրանց հետ անցկացնում են իրենց օրվա ազատ մասը, երեխաներին սովորեցնում են խոսել ֆրանսերեն։

Լճափի մանկապարտեզի տնօրեն Ամալյա Պողոսյանն ասաց. «Կամավորները դարձել են մեր սաների հարազատները, ամենասիրելի ու ցանկալի հյուրերը։ Նրանք, շինարարական աշխատանքներից բացի, մեր մանկապարտեզն ապահովել են փափուկ եւ կառուցողական խաղալիքներով։ Մենք էլ ենք փորձում աջակցել կամավորներին, յուրաքանչյուր օր մանկապարտեզի սաների ծնողներից գալիս են եւ օգնում նրանց նորոգել ու կառուցել»։ Սեւան Կարյանը ասաց. «Այս տարվա աշխատանքների համար մենք ներդրել ենք մոտ 10 հազար եվրո։ Մենք ուսանողներ ենք, մեզ համար դժվար է այդքան գումար հավաքել, սակայն հայերը մեր օգնության կարիքն ունեն։ Մենք փորձում ենք գումար հավաքել ֆրանսահայերից»։ Ի դեպ, Սեւան Կարյանի հայրը գյուղի բուժամբուլատորիային է նվիրել առաջին օգնության բժշկական սարքավորումներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել