Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԵՂԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ

Օգոստոս 13,2009 00:00

Ուռա՛, վերջապես ավարտվեցին բոլոր տեսակի քննությունները, եւ հիմա կարելի է խոսել երեխայի կրթության մասին: Ուզում եմ հավատալ, որ ամառային տապի բերած անհոգությունն ու ծուլությունը (արձակուրդային տրամադրություն) չեն խանգարի թերթի ընթերցողների հետ քննարկելու անհատի կրթության արդիական խնդիրները:

Տեղեկացված է հասարակությունը, թե ոչ, պատրաստ է կրթական համակարգը, թե ոչ՝ հանրապետությունում ՀՀ կառավարության որոշումներով ձեւավորվում են ինքնուրույն հիմնական դպրոցների (1-9-րդ դասարաններ) եւ ինքնուրույն ավագ դպրոցների (10-12-րդ դասարաններ) ցանցեր: Ինչո՞վ են տարբերվում այսօր ինքնուրույն ավագ դպրոցների տասներորդ դասարանները մնացած դպրոցների տասներորդ դասարաններից. մասնագիտորեն կողմնորոշված են, թե ոչ՝ նրանք՝ հիմնական դպրոց ճանաչված իններորդ դասարանն այս տարի ավարտածները ընտրության առաջ են, նրանք 2009-2010 ուստարում հարկադրված են սովորելու ոչ իրենց նախկին դպրոցների տասներորդ դասարաններում: Մեծ է վտանգը, որ մեկ միասնական միջնակարգ դպրոցը կպահպանվի (տասնամյա, տասնմեկամյա, թե տասներկուամյա՝ մեկ է) իր հայտնի արատներով՝ կեղծ, ձեւական ու պարազիտիկ ուսուցում, մյուս կողմից՝ կա հնարավորություն դա թույլ չտալու՝ ձեւավորելով երկու սկզբունքորեն նոր դպրոցներ, որոնք կկազմակերպեն անհատի ու բաց հասարակության կրթական պատվերը՝ ազատ մարդու մտավոր ու ֆիզիկական ստեղծական գործունեության կազմակերպումը: Որպես կրթական ծրագիր ձեւակերպենք այն, ինչով զբաղվել ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 1989-ից՝ ազատ երեխայի՝ նախասիրությունների զարգացման ու մասնագիտական կողմնորոշման հիմնական դպրոց գումարած նախամասնագիտական, մասնագիտական ուսուցման ավագ դպրոց: Ավագ դպրոցի մասին խոսակցությունը՝ ավելի ուշ:

Ինչպիսի՞ն եք ուզում տեսնել ձեր երեխայի այս նոր հիմնական դպրոցը

Ինքնուրույն՝ միջնակարգ ընդհանուր, բարձրագույն եւ միջին մասնագիտական հաստատությունների ընդունելության թելադրանքից ազատ այս նոր ինքնուրույն հիմնական դպրոցում կկարողանա՞նք անգիրի, մտապահման պարտադրանքը հաղթահարել. երեխա-սովորողի իրական կյանքում այդպես էլ չկենդանացող՝ ստեղծական բավարարում չպարգեւող մեծածավալ առարկայական տեղեկությունները՝ մաթեմատիկական բանաձեւերի, քիմիական ֆորմուլների, բնագիտական օրենքների, թե լեզվական-հասարակագիտական տերմինների տեսքով, մե՛կ է, անգիր են, կենդանի չեն, երեխայի ձեռքին գործիք կամ հմտություն չեն դառնում, ու երեխան չի կարողանում դրանով իր կյանքի խնդիրները լուծել, իր կյանքի որակը փոխել: Սրանք բեռ են, որ երեխան հարկադրված է դասարանից դասարան քարշ տալու, մոռանալու, վերհիշելու, քննությունների ժամանակ կեղծելու, գողանալու, նորից բերանացի անելու: Նոր հիմնական դպրոցը կենդանի երեխայի գործունեության դպրոց պիտի լինի: Իրական ուսումնական գործունեության միջոցով եւ արդյունքում տանը եւ դպրոցում երեխայի նախասիրությունները պիտի բացահայտվեն, ձեւավորվեն ու զարգանան, մինչեւ մասնագիտական կողմնորոշում: Քաղաքում թե գյուղում՝ գործունեության դպրոցից երեխան պետք է տուն գա ավելի կարող, ավելի բեռնված, ընտանիքին կարողանա ներքաշել իր հետաքրքրությունների ոլորտը, մասնակից դարձնել ուսումնական խնդիրների լուծմանը, որ հաջորդ օրը վերաձեւակերպված եւ լուծված խնդիրներ տանի դպրոց: Ահա այսպես՝ դպրոցից տուն ու փողոց, նորից դպրոց, առանց անջրպետների. որպես բանուկ կամուրջներ, կրթություն կյանքով ու կյանքի համար: Նոր հիմնական դպրոցի ուսուցիչը՝ սովորողի գործունեության ղեկավարը, պիտի կարողանա երեխաների հետ բույսեր, կենդանիներ աճեցնել, խնամել, պահպանել: Պիտի այնքան հմուտ լինի գործունեության մեջ, որ առարկայական տեղեկությունների սերտումը փոխարինի ճանաչողական արդյունավետ գործունեությամբ: Էկոլոգիական, բնագիտական, հասարակագիտական, տեղեկատվական դասընթացները վերածեն երեխային հետաքրքիր, գրավիչ ու լուծման առումով մատչելի խնդիրների, կենսական նախագծերի: Ինչ անել թափառական շների հետ, ինչպես մաքուր պահել համայնքը, ինչպես խնայող դարձնել դպրոցական ու ընտանեկան տնտեսությունը: Ինչպես միասին դիզայներական, այլ տեխնոլոգիական նախագծեր մշակել ու իրագործել, փոխել շրջապատող միջավայրը ու այն դարձնել ավելի արդիական ու մարդուն հարմար: Միասին սցենարներ գրեն, ֆիլմեր նկարեն, համակարգչային ծրագրերի միջոցով դրանք մոնտաժեն, ցուցադրվեն, քննարկվեն: Չոր, զորանոց զորամասի նման կառուցված հիմնական դպրոցը պիտի վերածվի սովորողների, նրանց ուսուցիչների եւ ծնողների համակեցության, համագործակցության կոոպերատիվի, որտեղ չկա խտրություն երեխայի գործունեության ձեւերի միջեւ, որտեղ առաջին տեղում ստեղծական աշխատանքն է, որտեղ ամենամեծ հաճույքը իմացումն է, սեփական տաղանդով շրջակա աշխարհի նախագծումը եւ նախագծածի իրականացումը, որտեղ հայրենասիրությունը ոչ թե ավարտվում է հայրենասիրական բանաստեղծություններ արտասանելով, այլ ձեւավորվում է շրջապատող իրերի (ծառ, փողոց…) ու մարդկանց հանդեպ դրսեւորած հոգատարությամբ ու խնամքով, որտեղ համակարգիչը, բջջային հեռախոսը, թվային ֆոտո-տեսախցիկը, աջ ու ձախ հայտնվող պլպլան ու անվտանգ սարքերը, գործիքներն ու մեխանիզմները ոչ թե պերճանք են կամ զվարճանքի միջոց, այլ ստեղծական աշխատանքի արդյունավետ գործիքներ: Ահա այսպիսի՛ դպրոց բոլորի համար: Դեմոկրատակա՛ն դպրոց, մատչելի ու գրավիչ բոլորի համար՝ ե՛ւ «սովորական» համարվող երեխայի, ե՛ւ արտակարգ ունակություններ դրսեւորած, ե՛ւ հատուկ կարիքով երեխայի համար, որպես բաց հասարակության մոդել, որտեղ յուրաքանչյուրն ունի սխալվելու իրավունք եւ սեփական սխալը շտկելու հնարավորություն, որպես ազատ մարդկանց, մեծերի ու փոքրերի ընկերակցություն: Իսկ ի՞նչ անել հիմնական դպրոցի ավարտական քննությունների հետ, ինչպե՞ս գնահատել սովորողի ուսումնական աշխատանքը (առաջադիմությունը), ինչպիսի՞ն դարձնել ինքնուրույն ավագ դպրոցը, որ այն դառնա պատվիրատուն հենց այսպիսի հիմնական դպրոցի համար…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել