Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի գավաթը՝ Արթուր Բաբայանին

Օգոստոս 13,2009 00:00

Երեկ Վանաձորում ավարտվեց ծանրամարտի Հայաստանի գավաթի առաջնությունը, որին զուգահեռ՝ անցկացվում էր նաեւ մինչեւ 23 տարեկանների հանրապետության առաջնությունը:
Մրցումների ավարտին «Առավոտը» հեռախոսազրույց ունեցավ մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, սպորտի փոխնախարար Սամվել Խաչատրյանի հետ: Մեզ հայտնի դարձավ, որ 26 ծանրորդների պայքարում երկրի գավաթին տիրացել է 105 կգ քաշային Արթուր Բաբայանը, որը երկամարտում ցույց է տվել 408 կգ արդյունք (պոկումում՝ 183 կգ, հրումում՝ 225 կգ):

23 տարեկանների հանրապետության չեմպիոնի կոչումը վիճարկել է տարբեր քաշային կարգերը ներկայացնող 97 մարզիկ (աղջիկների մրցում չի անցկացվել), որոնցից պատվո պատվանդանի հաղթողի աստիճանին բարձրացել են. 56 կգ՝ Վարազդատ Տեպոյան, 62 կգ՝ Վանիկ Ավետիսյան, 69 կգ՝ Դավիթ Մուրադյան,  77 կգ՝ Աղասի Աղասյան,  85 կգ՝ Աղվան Մելիքյան, 94 կգ՝ Վարդան Դավթյան, 105 կգ՝ Արթուր Հակոբյան,  +105 կգ՝ Միշա Մուրադյան:

Սամվել Խաչատրյանի փոխանցմամբ, մեր անվանիներից Վանաձորում մրցահարթակ մտել է 85 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը, սակայն նրա ցուցանիշներն ավելի քան համեստ են եղել: Ֆեդերացիայի նախագահը նաեւ ավելացրեց, որ չեմպիոնի կոչումը նվաճած ծանրորդները նախապատրաստվելու են հոկտեմբերի 11-19-ը Վլադիսլավովոյում կայանալիք մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, իսկ իրենց արդարացնողներին, հնարավոր է, վստահվի նաեւ Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանել աշխարհի մեծահասակների առաջնությունում:
Հարցին, թե Վանաձորում մեր երիտասարդ ծանրորդների բարձրացրած կիլոգրամները բավարարո՞ւմ են ակնկալիքները, Սամվել Խաչատրյանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ ծանրորդները վատ հանդես չեկան: Նրանց արդյունքները վատը չէին: Սակայն եկեք ավելի հանգամանալի անդրադառնանք մի փոքր ավելի ուշ, երբ յուրաքանչյուրի մրցելույթը մարզիչների ու մասնագետների հետ մանրամասն կվերլուծենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել