Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՈՒՏՈՖՈԲԻԱՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ

Օգոստոս 28,2009 00:00

\"\"Իսկ ծերունական տարիքում բուժման հավանականությունը փոքրանում է

«Որքան լրատվամիջոցները զարգանան, այդքանով աշխարհում կզարգանան ֆոբիաները»,- ասում է Հոգեբանական ազդեցության ուսումնասիրությունների հետազոտական կենտրոնի տնօրեն, հոգեբան Արման Առաքելյանը:

Եթե մի օր արթնանաս եւ գիտակցես, որ վախենում ես միայնակ մնալուց, ոչ մեկին պիտանի չլինելու գաղափարից, ուրեմն դու տառապում ես աուտոֆոբիայով: Աշխարհում միլիոնավոր մարդիկ տառապում են մենակ, անօգնական մնալու վախով. «Աուտոֆոբիայի պատճառը զգացմունքային ապրումների, հոգեպես եւ ֆիզիկապես ծնողների հետ անմիջական կապի բացակայությունն է: Սա մի հիվանդություն է, որի աղբյուրը վախն է: Ամեն ինչ սկսվում է վախերից: Վախենալու արդյունքում մարդը ենթարկվում է հոգեբանական տրավմայի, ինչն առաջացնում է հիվանդություն՝ ֆոբիա»: Ա. Առաքելյանը փաստում է՝ ոչ միայն աուտոֆոբիայի, այլեւ մյուս ֆոբիաների հիմքում եւս վախն է. «Այդ պատճառով՝ հասկանալու համար, թե որտեղից է գալիս ֆոբիան եւ ինչ հիմք ունի, նախ պետք է բացահայտել, թե տվյալ անձն ինչից է վախեցել, ինչն է նրան այս կյանքում վախեցնում: Ընդհանրապես վախը մարդու կյանքում անկոչ հյուրի կարգավիճակ ունի»: Վախերի առաջացման պատճառները հոգեբանը վերագրում է լրատվամիջոցներին. «Ընդհանրապես վախի առաջացման պատճառներից մեկը լրատվամիջոցներն են, մասնավորապես ինտերնետը: Այնտեղ կարդում, տեսնում են վատ լուրեր, աշխարհում կատարվող չարագործություններ, վթարներ, միայն բացասական ինֆորմացիա, որոնք առաջացնում են վախ՝ ամեն տեսակ երեւույթների նկատմամբ»:

Աուտոֆոբիայի մասին ասաց. «Աուտոֆոբիան նման չէ մյուս ֆոբիաներին, միայնությունից վախենալու համար երկար կյանք ապրել հարկավոր չէ: Սխալ կլինի ասել, թե աուտոֆոբիան սպառնում է կյանքի այսինչ հատվածում, վերջում կամ մեջտեղում: Այն տարիք չի հարցնում եւ սպառնում է 3-4 տարեկանից սկսած: Երբ մարդ ծնվում է՝ օրորոցից նրան ներշնչում են վախեր՝ սրանից զգույշ մնա, այսինչ բանը վատ է, այնինչը վատ է, չար է, մեշոկ պապին, «բաբա-յագան»… Այս ամենը մեխանիկորեն երեխայի մեջ առաջացնում է վախ ինչ-որ բանի կամ անձի նկատմամբ: Իսկ մանկիկը չի կարող դրանցից զերծ մնալ, քանի որ դա դաստիարակության միջոց է, այդպես երեխային ետ են պահում չարից, բայց մոռանում, որ դրանով արհեստականորեն նրա մեջ սերմանում են վախ, որը հետագայում հանգեցնում է ֆոբիաների առաջացմանը»:

Իսկ թե ինչից է մարդուն պատում մենակ մնալու վախի զգացողությունը, հոգեբանը պարզաբանեց. «Աուտոֆոբիան առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր երկար ժամանակ հոգեկան ներդաշնակության մեջ են եղել. օրինակ՝ սիրած անձնավորություն են ունեցել իրենց կողքին, հետո կորցրել են: Դա հիմնականում հատուկ է ամուսնալուծված կանանց: Խոսքն այն կանանց մասին է, որոնք սերը, այդ հիանալի զգացմունքը խորությամբ ապրել, բայց կորցրել են: Վախը, որ իրենք կմնան միայնակ, իրենց այլեւս սիրող չի լինի, նրանց պատում է կյանքի մյուս տարիների ընթացքում, որն էլ խանգարում է անգամ երկրորդ հնարավորությունն օգտագործելիս, այսինքն՝ եւս մեկ անգամ սիրել, եւ սիրված լինելու փորձեր անելիս: Աուտոֆոբիայի հիմք են հանդիսանում մարդկանց ապրումները: Իրականում չկա մի մարդ, որ ապրումներ չունենա, ապրումներ կան անգամ այն ժամանակ, երբ մարդը նոր է ծնվում: Ֆոբիաներից զերծ չեն նաեւ երեխաները: Երբ փոքրիկ երեխան լսում է, թե ինչպես է ինչ-որ մեկը մահացել ասենք՝ ինֆարկտից, նա այդ պահին ենթարկվում է հոգեբանական տրավմայի. մահանալը նրա համար անհասկանալի երեւույթ է, նա չգիտի՝ ինչպես է այդ պրոցեսը տեղի ունենում»:

Ֆոբիաների նկատմամբ հայերի վերաբերմունքի, գիտակցության եւ վերջիններիս տարածման մասին մեր զրուցակիցն ասաց. «Ֆոբիաներով տառապող մարդիկ շատ են: Բայց հետաքրքիրն այն է, որ ոչ ոք չի գիտակցում, ավելի ճիշտ՝ չի ցանկանում գիտակցել, որ իր մոտ խորացված ֆոբիա է: Ըստ նրանց, դա դեպրեսիա է, սթրես, կուտակված ապրումներ: Այսօր շատ են մարդիկ, ովքեր չեն կարողանում տանը երկար մնալ, անընդհատ ձգտում են դուրս, շրջապատ: Հենց այդ մարդիկ տառապում են աուտոֆոբիայով: Անընդհատ ինչ-որ հարաբերությունների ձգտող անձը վախենում է կյանքում միայնակ մնալուց, նրա կարծիքով, հեռու մնալով շփումներից՝ մի օր ինքը կմոռացվի հասարակության, ընկերների, հարազատների կողմից»:

Հարցին, թե ո՞ւմ է ավելի շատ սպառնում աուտոֆոբիան, հոգեբան Ա. Առաքելյանը նշեց. «Չամուսնացած, միջին տարիքի աղջիկներին ու կանանց: Այն աղջիկները, որոնք մինչեւ 24-25 տարեկանն իրենց կյանքի երկրորդ կեսին չեն գտել, օր օրի նրանց սկսում է պատել միայնակ մնալու վախը: Դա սիրո, քնքշանքի, ուշադրության պակասի ծնունդն է: Նրանք մտածում են, թե սիրված չեն, անօգնական, անպիտան են, եթե իրենց ոչ ոք չի սիրում՝ ուրեմն իրենք ոչ ոքի պետք չեն: Սակայն երիտասարդ աղջիկների մոտ անմիջապես վախը կանխվում է, երբ հանկարծակի նրանք համակրում են ինչ-որ մեկին, թեկուզեւ ակնթարթային սիրահարվածության ժամանակ: Իսկ ինչ վերաբերում է տարեց մարդկանց, ապա աուտոֆոբիան նրանց մոտ ավելի ցայտուն է»: Հոգեբանի խոսքով, տարեցների մոտ եւս աուտոֆոբիայի առաջացման պատճառ է հանդիսանում այլեւս ոչ ոքի պիտանի չլինելու զգացողությունը. «Ամենախոցելի եւ վտանգավոր շրջանը ծերունական տարիքն է: Դա մասնավորապես պատում է այն շրջանում, երբ մարդն անցնում է թոշակի: Այդ իսկ պահից նրան պատում է ոչ ոքի ոչ մի բանով պիտանի չլինելու գաղափարը: Եթե երիտասարդ տարիքում աուտոֆոբիան կարող է ժամանակավոր բնույթ կրել եւ ինչ-որ խթանիչ գործոնի միջոցով կանխվել, ապա ծերունիների մոտ, խթանիչ գործոնների բացակայության պատճառով, մենակ մնալու գաղափարը կարող է այլեւս նրանց չլքել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել