Մի քանի տասնյակ բողոք գրելուց հետո քաղաքացին դատապարտվել է սուտ մատնության համար
Վերնագիրը ծնվեց միանգամից, երբ դեռ չէի հասցրել մինչեւ վերջ թերթել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, Հայաստանի սահմանների պաշտպանությանը մասնակցած եւ 1994 թվականի մարտի 19-ին վիրավորված ու կոնտուզիա ստացած, 1936 թվականին ծնված Շամխալ Զոհրաբյանի ուղարկած մոտ 1,5 կգ կշռող փաստաթղթերի փաթեթը: Իսկ փաթեթում Շամխալ Զոհրաբյանի բողոքների «երթեւեկության» ուղիներն ու ճակատագրերն են: 2001-2009թթ. ժամանակահատվածում Շամխալ Զոհրաբյանը ավելի քան 50 դիմում է ներկայացրել պետական գերատեսչություններ՝ Գեղարքունիքի մարզպետարան, ՀՀ նախագահի եւ կառավարության աշխատակազմեր, ՀՀ Սահմանադրական դատարան եւ Վերահսկիչ պալատ, ոստիկանության մարզային վարչություն, նախագահի տիկնոջ գրասենյակ, Հայկական կարմիր խաչի ընկերություն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:
Շատ հաճախ Շամխալ Զոհրաբյանի նամակում ներկայացված հարցի հասցեատերը այլ կառույց է եղել եւ պետական մի օղակից նամակը ուղարկվել է մի ուրիշ օղակ, արդյունքում Շամխալ Զոհրաբյանի «գործին խառնվել են» ՀՀ արդարադատության, պաշտպանության, տարածքային կառավարման, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, գյուղատնտեսության, Սփյուռքի նախարարությունները, բժշկասոցիալական փորձաքննությունների գործակալությունը, այլ կառույցներ:
Մեզ ուղարկված փաթեթում Շամխալ Զոհրաբյանը իրեն անվանում է «հալածված ու դաժան շանտաժների ենթարկված», իսկ տարբեր կառույցների ուղղված նամակներում տարբեր հարցեր է բարձրացրել: Մեկ բողոքել է, որ իրենց գյուղապետ Շամխալ Հայրապետյանը չարաշահումներ է թույլ տվել՝ պատերազմին չմասնակցած անձանց թոշակ է տվել, կամ գյուղի փողոցները ըստ նախագծի պետք է ունենային ութ մետր լայնություն եւ երկու կողմից՝ ջրատար, սակայն իրականում այդպես չէ, կամ ոստիկանության Մարտունու բաժնի պետի տեղակալ Աբով Սահակյանի հարազատները նրա հովանու տակ թմրանյութեր են արտադրում, կամ ոստիկանության աշխատակից Նորիկ Ղազարյանը 1994 թվականին տարել է իր որսորդական հրացանը, կամ իր տղան, հարսը եւ թոռը իրեն ծեծել են, կամ իր հարեւան Գագիկ Խաչատրյանը զենքով հարձակվել է իր տան վրա, կամ որ Լիճքի բյուջեն սխալ է ծախսվում եւ այլն: Ինչ-որ մի պահի Շամխալ Զոհրաբյանը Կարմիր խաչին խնդրել է օգնել իրեն դառնալ այլ պետության քաղաքացի:
Շամխալ Զոհրաբյանի ուղարկած փաստաթղթերից տեղեկանում ենք, որ այս բոլոր բողոքները ուսումնասիրել են տարբեր կառույցները եւ արդյունքում այս տարվա օգոստոսին բողոքավորին առաջադրվել է «Սուտ մատնության» մեղադրանք: Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Շամխալ Զոհրաբյանը իրեն մեղավոր չի ճանաչել եւ ասել է, որ ներել է իրեն ծեծած որդուն, հարսին, թոռանը, ասել է, որ չի կարող ապացուցել, թե ոստիկանության Մարտունու բաժնի պետի տեղակալ Աբով Սահակյանի հարազատները նրա հովանու տակ թմրանյութեր են արտադրում, ասել է, որ իր բողոքներում ոստիկան Ռաֆիկ Փոշոյանի մասին սխալ բաներ է գրել, քանի որ նյարդայնացած է եղել:
Դատարանը 2009 թվականի հոկտեմբերի 1-ին նրան մեղավոր է ճանաչել, դատապարտել վեց ամիս ազատազրկման եւ նշանակել մեկ տարի փորձաշրջան: