Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանվել է ազգայնականների գործով դատավճիռ կայացրած դատավորը

Ապրիլ 13,2010 00:00

Երկուշաբթի օրը, վաղ առավոտյան, անհայտ անձի կողմից հրազենից արձակված կրակոցով, իր տան շքամուտքում սպանվել է Մոսկվայի քաղաքային դատարանի դատավոր՝ 47-ամյա Էդուարդ Չուվաշովը: Մարդասպանը կրակել է դատավորի գլխին, ինչի արդյունքում Չուվաշովը տեղում մահացել է: BBC-ի մատուցմամբ, հարուցվել է քրեական գործ, եւ նախաքննական մարմինն արդեն որոշակի վարկածներ է առաջ քաշել, որոնք բոլորն էլ առնչվում են դատավորի մասնագիտական գործունեության հետ: Վարկածներից մեկով՝ նրա սպանությունն իրականացրել են «Սպիտակ գայլեր» ազգայնական խմբի անդամները: Իրավապահները փնտրում են սպանությունն իրականացրած անձին՝ սլավոնական արտաքինով, սեւ վերնազգեստ եւ կապույտ ջինս հագած մի տղամարդու, որը ֆիքսվել է շքամուտքում տեղադրված տեսախցիկով:
Մոսկվայի քաղաքային դատարանի ներկայացուցիչ Աննա Ուսաչովան հայտարարել է, թե դատավոր Չուվաշովը քննել էր «ամենաբարդ եւ բազմադրվագ քրեական գործեր»: Անցած շաբաթ հենց Չուվաշովն էր հրապարակել ազգայնական խմբավորման անդամներ Արթուր Ռինոյի, Պավել Սկաչեւսկիի եւ Ռաման Կուզինի՝ 8-23 տարվա ազատազրկման դատապարտող դատավճիռը, որը կայացվել էր ազգային ատելության հողի վրա կատարված սպանության գործի առնչությամբ: Հայտնի է, որ դատավճռի հրապարակումից հետո դատավորի հասցեին սպառնալիքներ էին հնչել:
Աղմկահարույց մյուս քրգործը, որ քննել էր սպանված դատավորը՝ գեներալ Ալեքսանդր Բուլբովի գործն էր: Վերջինիս դատարանը մեղավոր էր ճանաչել նրան առաջադրված բոլոր վեց դրվագներով, այդ թվում՝ պետական գաղտնիք հրապարակելու եւ ծառայողական լիազորությունները չարաշահելու մեղադրանքներով:
Նախաքննական մարմինը հակված է համարել, որ դատավորի սպանությունը պատվիրված է եւ կարող է կապ ունենալ փաստաբան Ստանիսլավ Մարկելովի սպանության հետ: Երկու դեպքում էլ սպանվածները առնչություն են ունեցել ազգայնական խմբավորումների գործերի քննության հետ եւ սպանվել են գլխին արձակված ստուգողական կրակոցներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930