Լրահոս
Օրվա լրահոսը

Լույսի, տարածության եւ կենսագրության նկարիչը

Ապրիլ 14,2010 00:00

1971թ. իր ընտանիքի հետ Թեհրանից Աբովյան հայրենադարձված 6-ամյա Արիս Կարապետյանը հետագայում դարձավ քաղաքի գեղարվեստի դպրոցի սանը: Հետո ավարտեց Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը եւ գեղարվեստի ակադեմիան, ուսանելով տաղանդավոր Էդ. Իսաբեկյանի դասարանում, դառնալով նրա սիրելի աշակերտը: Ղարաբաղյան պատերազմի ծանր տարիներին նա եւ սովորում էր, եւ Աբովյանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի նկարչության խմբակ հաճախողներին սովորեցնում լավ նկարելու գաղտնիքները:

Արիսի պատկերների աշխարհը յուրահատուկ է, նա գնում է ոչ ավանդական ուղիով եւ ուզում է զարգացնել սեփական ոճը, ստեղծել իր նկարչական ուրույն դեմքը: Իր բոլոր բնանկարներում, նատյուրմորտներում եւ թեմատիկ կտավներում նա ազատ է իր գծերի եւ գույների ընտրության մեջ, դուրս՝ բոլոր սահմանափակումներից, պատրաստ՝ պարզեցնելու եղածը: Եթե վաղ շրջանի գործերում առկա են ծանր, մռայլ, մութ գույները, ապա վերջին շրջանի գործերում գերիշխում են լույսով ողողված գունավոր շերտերը: Մեկը մյուսի վրա սփռված գունային շերտերից հավերժանում են տվյալ պահը ներկայացնող պատկերներ: Արիսի կողմնորոշումը դասական նկարչությունն է, բայց նա չի շրջանցում նաեւ ժամանակակից տեխնոլոգիաներով վերարտադրվող արվեստը: Թերեւս դրա լավագույն վկայությունը այն զարդանախշերն են, որ նա կատարել է Պյատիգորսկի «Արեւային քաղաք» զվարճահամալիրը ձեւավորելիս, օգտագործելով գիպսաստվարաթուղթ: Շուրջ 7 տարի է, ինչ Արիս Կարապետյանը ղեկավարում է Աբովյանի գեղարվեստի դպրոցը: Դժվար է հիմա ասել, թե ավելի շատ որպես նկարիչ ի՞ր հաջողություններով է ուրախանում, թե՞ սաների: Դպրոցի շնորհալի աշակերտները հանրապետական, մարզային բոլոր մրցույթներից վերադառնում են հաղթանակած եւ մրցանակներով: Աշնանը դպրոցը կնշի իր հիմնադրման 35-ամյակը, եւ տնօրենը ի ցույց կդնի դպրոցի բոլոր տարիների շրջանավարտների եւ դասատուների լավագույն գործերը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել