Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԸ»՝ 6-ՐԴ ԱՆԳԱՄ

Ապրիլ 15,2010 00:00

Երաժշտական փառատոն, որ ունի նաեւ կրթաուսուցողական եւ գեղագիտական դաստիարակության նպատակ

Տասնամյակներ շարունակ աշխարհի պատկերասրահներում ու թանգարաններում, այդ թվում՝ Նյու Յորքի, Փարիզի, Դրեզդենի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, անցկացվող երաժշտական փառատոներին 6 տարի առաջ «անդամագրվեց» Երեւանը՝ իր «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնով: Այս տարի այն դարձյալ կմեկնարկի Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում, ապրիլի 21-ին:
«Առավոտը» հանդիպեց «Ազգային պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանի եւ տնօրեն Գարիկ Նազարյանի հետ, որոնք էլ հանդիսանում են փառատոնի հիմնադիրները: Մեր զրուցակիցներից տեղեկացանք, որ փառատոնի բացմանը հանդես կգան Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը եւ ճանաչված դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը: Մինչեւ հունիս ձգվող փառատոնային երեկոների ընթացքում հայաստանցի երաժշտասերը հնարավորություն կունենա առաջին անգամ ծանոթանալու սլովենացի արվեստագետներ, դաշնակահարուհի Տատյանա Կաուչիչի, կլարնետահար Դուշան Սոդջայի, շվեդ ջութակահար Հյուգո Տիչիատիի, ինչպես նաեւ դիրիժոր Նատալի Գալստյանի ղեկավարած «Դոմինատուս Վոքս» նվագախմբի, ռուսաստանցի դաշնակահար Եվգենի Միխայլովի արվեստին: «Փառատոնի հիմնական նպատակը եղել եւ մնում է հանրահայտ, ինչպես նաեւ Հայաստանում ճանաչում չունեցող տաղանդաշատ երաժիշտների, նվագախմբերի կողմից հայ եւ համաշխարհային դասական երաժշտարվեստի նմուշների ներկայացումը արվեստասեր հասարակայնությանը: Օրինակ, ժամանակին տարբեր փառատոների ընթացքում հայ ունկնդրին առաջին անգամ ներկայացել են «Պրոմեթեո» կվարտետը (Իտալիա), «Ալիաջ» կվինտետը (Գերմանիա), ամերիկացի երաժիշտներ, դաշնակահար Ստեֆան Պրուցմանը եւ կոմպոզիտոր Լիզա Բիլավան, ջութակահարներ Կարլա Կիհլստեդը, Քոլին Յակուբսենը, Հայաստանից՝ «Երեւան» տրիոն, «Լինոս» կվարտետը եւ այլն»,- հիշեցրեց Մ. Շահինյանը: Գ. Նազարյանն էլ հավելեց, որ իրենց խնդիրներից է նաեւ հասարակության լայն շերտերին ծանոթացնել Ազգային պատկերասրահի գործունեությանը, այնտեղ պահպանվող գլուխգործոցներին. «Մի խոսքով, վստահ կարող ենք ասել, որ արդեն ավանդական դարձած այս փառատոնը իրականացնում է նաեւ կրթաուսուցողական եւ գեղագիտական դաստիարակության խնդիր: Մեր փառատոնային բուկլետներում ներկայացվում են ոչ միայն երաժիշտները, այլեւ Ազգային պատկերասրահի գանձերը»: Մենք էլ մեր անունից հավելենք, որ այս փառատոնի հաջողությունը միանշանակ պայմանավորված է նրա հիմնադիրների մասնագիտական բարձրագույն կրթությունով (Մ. Շահինյանը դաշնակահարուհի է, Գ. Նազարյանը՝ ջութակահար), իսկ համերգաշարերի հաջողությունն էլ՝  գեղարվեստական խորհրդի  գործունեությամբ, որը ղեկավարում է մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը: Ասվածի վկայությունն է «Հ1» եւ «Արարատ» հեռուստաընկերություններով անցյալ փառատոնային երեք համերգների ուղիղ հեռարձակումը եւ 2006 թվականից DVD-ների թողարկումը:
Ի դեպ, ինչպես տեղեկացրին մեր զրուցակիցները, թեեւ 2008-ից փառատոնին աջակցում է մշակույթի նախարարությունը, սակայն իրենց գործունեությունը դժվար թե կյանքի կոչվեր առանց «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի մշտական հովանավորության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել