Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաշիրից» մինչեւ գավառամիտ ազգասիրություն

Ապրիլ 20,2010 00:00

Այս տարվա գալահամերգը նախորդներից հաջող էր

Կիրակի օրը Մոսկվայի Կրեմլյան պալատում կայացավ  «Տաշիր-2010» 5-րդ մրցույթ-փառատոնը, որի ժամանակ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներին «Տաշիր» ընկերության կողմից տարբեր անվանակարգերում շնորհվում են մրցանակներ: Դրանք հանձնվում են ռուսական աստղերի կամ ՌԴ հասարակական, քաղաքական ոլորտի անվանի ներկայացուցիչների ձեռամբ: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին «Տաշիրի» բեմում հօգուտ հայերի  «լուծեց» հայկական հարցը, մի քանի հաճոյախոսություն շռայլեց Հայաստանի ու հայերի հասցեին, ապա  կոչ արեց ընտրությունների ժամանակ քվեարկել իր օգտին ու հեռացավ բեմից:
Գալահամերգն ուղիղ հեռարձակվում էր «Հ1»-ով: Այսինքն, այն դիտում էին աշխարհի 137 երկրներում: Չգիտես ինչու, ոչ միայն ռուս, այլեւ հայ հաղորդավար-համերգավարները ռուսերեն էին մատուցում նյութը, ասես ողջ սփյուռքը ռուսալեզու է, լուսագրերը նույնպես միայն ռուսերեն էին:
«Տաշիր-2010»-ի  մրցանակներից մեկն էլ հույն երգիչ Դեմիս Ռուսոսին բաժին ընկավ՝ որպես հայերի շրջանում մեծ հանրաճանաչություն ունեցող արտիստ, մրցանակն էլ հանձնեց կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը: Ռուսոսը հումորով ասաց, որ ինքն ու այդ ջենթլմենը (Ա. Մարտիրոսյանը) արտաքին նմանություններ ունեն՝ փորը եւ երկար մազերը:
Այս անգամ էլ «ավանսով» մրցանակներ հանձնվեցին Հայաստանը եւ Ուկրաինան 2010-ին «Եվրատեսիլում» ներկայացնող Եվա Ռիվասին եւ Ալյոշային: Ի դեպ, Եվայի ելույթից հետո ռուս համերգավարուհին հայերեն վանկարկեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի հայտնի կարգախոսը՝ «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Ու որպեսզի «հավասարակշռությունը» պահվի, հետագայում բազմիցս՝ թե  Թինա Կանդելակիի, թե դահլիճում նստած հայերի ու Մարկ Սաղաթելյանի բերանից հնչեց ՀՀ գործող նախագահի կուսակցության՝ ՀՀԿ-ի «Առաջ Հայաստանը»: Չմոռանանք, որ «Տաշիր» ընկերության սեփականատերը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, ՀՀԿ-ական  Կարեն Կարապետյանի հարազատ եղբայրն է:
Գալահամերգի ընթացքում ադրբեջանցիներին ու թուրքերին հայերով «տրաքացնելու» փորձեր արվեցին՝ խոսքերով ու երգով շեշտելով, որ  Արցախը մեր հայրենիքն է ու մերն է: Բայց նման գավառամիտ «տրյուկների» փոխարեն, լավ կլիներ, որ «Տաշիրի» կազմակերպիչները ճոխ գալահամերգը ոչ թե Մոսկվայում, այլ Ստեփանակերտում կամ գուցե Շուշիում անեին, ու Կրեմլյան պալատում ներկա  ռուսական աստղերին եւ հյուրերին էլ Արցախ հրավիրեին:
Արցախի մասին խոսելն արդարացնելու համար ռուս համերգավարներից  մեկը սկզբում ապարանցիների մասին անեկդոտ պատմեց, Մարկ Սաղաթելյանն էլ սրամտեց, թե նույնը չի կարելի անել ղարաբաղցիների հասցեին: Ի դեպ, տարբեր բլոգներում ապարանցիներն արդեն հասցրել են այդ առիթով, մեղմ ասած, սրտնեղել:
Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ այս տարվա «Տաշիրը» նախորդ տարիների կազմակերպվածներից անհամեմատ հաջող էր: Ուրախալի էր, որ մրցանակներ շնորհվեցին նաեւ հայկական ռեգի ուղղության վառ ներկայացուցիչ «Ռեինկարնացիա» խմբին եւ «Դորիանս» ռոք խմբին:
Հավելենք, որ «Տաշիր 2010»-ի լավագույն երգիչ եւ լավագույն երգչուհի ճանաչվեցին Արման Հովհաննիսյանն ու Սոֆի Մխեյանը: Նրանց «Տաշիր» ընկերությունը ավտոմեքենա նվիրեց: Թերեւս, Սոֆիի՝ տարվա երգչուհի ճանաչվելը պատահական չէր, պիտի մի ձեւով փոխհատուցվեր Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ նրա՝ նույն անվանակարգում հաղթող չճանաչվելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել