Լրահոս
Օրվա լրահոսը

Հանգույցը Ղարաբաղում է

Ապրիլ 24,2010 00:00

Վստահ է Ժիրայր Լիպարիտյանը

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին, առավելապես ներքին սպառման համար նախատեսված քայլ էր»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հայաստանի առաջին նախագահի նախկին գլխավոր խորհրդական, ԱԳ նախկին փոխնախարար Ժիրայր Լիպարիտյանը: Ըստ նրա, գործնականում Հայաստանն արդեն իսկ արձանագրությունների վավերացման գործընթացը ԱԺ-ում կասեցրել էր. «Նորություն չկա՝ Հայաստանը դուրս չի գալիս այս գործընթացից, նախագահը իր ստորագրությունը պահում է, ասում է, որ խորհրդակցությունները պետք է շարունակվեն. այս հայտարարությամբ պարզապես առկա քաղաքականությունը պաշտոնականացվում է»: Ժ. Լիպարիտյանը նաեւ ուշադրություն է դարձրել Սերժ Սարգսյանի հայտարարության այն հատվածին, որտեղ Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր թուրք պաշտոնակցին. «Նախագահ Գյուլին շնորհակալություն է հայտնում, այդ դեպքում՝ ո՞վ է պատասխանատուն: Այնտեղ մնում են վարչապետ Էրդողանն ու ԱԳ նախարար Դավութօղլուն: Կարծում եմ, որ Թուրքիայում քաղաքական երկու մոտեցում կա: Գյուլն ուզում է անջատել երկկողմ հարաբերությունների հարցը Ղարաբաղի խնդրից, իսկ մյուսները չեն կարողանում տարանջատել: Քաղաքական առումով դա, իհարկե, դժվար է, ինչպես հանրապետության ստեղծման առաջին տարիներին մեզ համար էր դժվար՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ զարգացնելու առաջարկը, Ցեղասպանության հարցը երկկողմ հարաբերությունների հարցից անջատելը»: Նախկին պաշտոնյայի կարծիքով, պաշտոնական Անկարայի եւ Երեւանի միջեւ բանակցությունների հետագա ձգձգումը հազիվ թե բխի Հայաստանի շահերից. «Եթե մենք 10 տարի առաջ բարելավեինք հարաբերությունները Թուրքիայի հետ, իրավիճակը այլ կլիներ: Ես 6-7 տարի շարունակ բանակցել եմ թուրքերի հետ, եւ պատմաբանների ենթահանձնաժողովի հարց չի քննարկվել, Թուրքիայի կողմից նման նախապայման չի ներկայացվել: Երբ 10-15 տարի հետո ես ստորագրում այդ փաստաթուղթը, մի հավելյալ նախապայման է ի հայտ գալիս: Իսկ եթե սպասենք եւս 5-10 տարի, ես չգիտեմ՝ էլ ինչ նախապայման կարող է առաջ քաշվել»:
Անդրադառնալով ԼՂ խնդրին՝ Լիպարիտյանը նշել է. «Իմ անձնական կարծիքն է, որ պետք է նախ արմատապես լուծել Ղարաբաղի հարցը, որից հետո արդեն մյուս հարցերը՝ Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի հետ: Հանգույցը Ղարաբաղում է: Հայ-թուրքական խնդիրն առավելապես հոգեբանական է: ԼՂ խնդրում էլ նման տարրեր կան, սակայն այդ հարցը ռազմավարական նշանակություն ունի»: Նրա տպավորությամբ, Սերժ Սարգսյանը՝ ի տարբերություն իր նախորդի, տարածաշրջանային հակամարտությունները լուծելու ցանկություն ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել