Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՍԵՑՈՒՄԻՑ ՇԱՀԵՑ ԹՈՒՐՔԻԱՆ

Ապրիլ 28,2010 00:00

\"\"Արձանագրությունների կասեցումից հետո միջազգային հանրությունը հիմնական շեշտը դնելու է ԼՂ խնդրի կարգավորման վրա:

Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու, ՀՀ արտգործնախարարության մամուլի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ապրիլի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին հրամանագրին՝ կարծիք հայտնեց, թե դա ՀՀ իշխանությունների եւ հենց Սերժ Սարգսյանի սխալ հաշվարկի, անհեռատես արտաքին քաղաքականության արդյունք էր: «Այդ հրամանագիրը հստակ ուղերձ է բոլորին, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին ու նաեւ միջազգային հանրությանը, որ նախաձեռնությունը, որի մասին շատ է խոսվում՝ այն շեշտադրությամբ, թե այն Երեւանից եկող նախաձեռնություն է, ձախողվել է»,- արձանագրեց նախկին դիվանագետը:

Ընդդիմության կողմից այդ հրամանագրի եւ Սերժ Սարգսյանի ուղերձի վերաբերյալ առաջին բոլոր արձագանքները հանգում էին նաեւ նրան, որ միջազգային հանրության համար պաշտոնական Երեւանի այդ քայլն ընկալելի չի լինի, որ դա հարված է Հայաստանի միջազգային վարկին, որ մեր երկիրը միջազգային հանրության աչքում անվստահելի գործընկերոջ համբավ ձեռք բերեց: Սակայն, սպասվածին հակառակ, ե՛ւ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին, ե՛ւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, նաեւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ՀՀ նախագահի հրամանագիրը ավելի քան սառնասրտորեն են ընկալել, թերեւս, ոչ միայն այն պատճառով, որ դա նրանց համար սպասելի է եղել: Ուրեմն, ինչո՞վ բացատրել նրանց այն հայտարարությունները, թե՝ բարձր են գնահատում նախագահ Սարգսյանի որոշումը՝ շարունակել ջանքերը հանուն խաղաղության, հանուն կայունության եւ հաշտության հեռանկարի, որ Հայաստանը չի դադարեցրել գործընթացը, այլ ընդամենը առկախել է եւ այլն: «Իսկ դուք ի՞նչ եք կարծում՝ Վաշինգտոնը բա ուրիշ ի՞նչ պիտի ասեր: Հաջորդ օրը նախագահ Օբաման Հայոց ցեղասպանության առնչությամբ ուղերձով պիտի հանդես գար: Եթե Վաշինգտոնից այլ՝ մտահոգիչ արձագանք լիներ, ապա դա նշանակելու էր, որ Միացյալ Նահանգներն ընդունում է, որ գործընթացը ձախողվել է, եւ նախագահ Օբաման պետք է այլ հայտարարություն աներ, քան արեց ապրիլի 24-ին: Անցյալ տարի Օբաման խուսանավեց Ցեղասպանություն բառն արտասանելուց՝ վկայակոչելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սկսված գործընթացը, եթե այս տարի ԱՄՆ Պետդեպարտամենտը արձանագրեր, որ այդ գործընթացը տապալվել է, ապա Օբաման իր ուղերձը պետք է վերանայեր, ուստի Պետդեպն արձանագրեց, որ կարգավորման գործընթացը շարունակվում է:

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի արձագանքին, ապա այդ երկիրը հիշյալ խնդրին միանգամայն այլ տեսանկյունից է մոտենում: Մի կողմից՝ Ֆրանսիան ավելի շատ է հակված հայկական կողմին պաշտպանելու, մյուս կողմից՝ Ֆրանսիա-Թուրքիա հակասությունները շատ են, այդ թվում՝ Թուրքիայի եվրաինտեգրման հարցերում: Ֆրանսիայի արձագանքը պայմանավորված էր հենց այդ հանգամանքներով: Բայց ե՛ւ ԱՄՆ-ն, ե՛ւ Ֆրանսիան իրենց հայտարարություններում գոհունակություն են հայտնել հենց այն մասով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները կասեցված են, բայց գործընթացը՝ ոչ»,- հայտարարեց Վլ. Կարապետյանը:

Վերջինս իբրեւ փաստարկ իր այն պնդումներին, թե՝ հայ-թուրքական դիվանագիտությունը ձախողված է, վկայակոչեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Թուրքիայի դեմ պարբերաբար հարձակողական ոճով արվող հրապարակային հայտարարությունները, որոնք նա արել էր նաեւ նախօրեին՝ Հանրային հեռուստաընկերության եթերում: «Այսինքն՝ տարիուկես ՀՀ իշխանությունները մեզ համոզում էին, թե տեղի է ունենում հաշտեցման գործընթաց, որ հարաբերությունների կարգավորման համատեքստում չկան նախապայմաններ, բայց հիմա ԱԳ նախարարի հարցազրույցը լի է Թուրքիայի վրա հարձակումներով, թե՝ Թուրքիան մշտապես էս ու էն նախապայմանն է առաջադրել: Սա իրական արդյունքն է այն քաղաքականության, որը իրականացրել է Էդ. Նալբանդյանը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:

Մեր այն հարցին, թե՝ իր ընկալմամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն այսպիսով ի՞նչ հանգրվանում է, ընդդիմադիր գործիչը պատասխանեց. «Իմ ընկալմամբ, գործընթացը, գոնե միջազգային հանրության տեսանկյունից, ավարտված չէ: Միջազգային հանրությունը հստակ ուղերձ ունի առ այն, թե ինչպես պետք է գործընթացը շարունակվի, եւ դա Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումն է: Բայց այս իմաստով էլ ուզում եմ հիշեցնել, որ եթե մի քանի ամիս, նույնիսկ անգամ մեկ ամիս առաջ Թուրքիան ասում էր, որ հայ-թուրքական սահմանը բացելու համար բավական է ԼՂ հարցում առաջընթաց գրանցվի, ապա այսօր Էրդողանն արդեն խոսում է, որպես հայ-թուրքական սահմանը բացելու նախապայման, ԼՂ հակամարտությունը կարգավորելու մասին: Սա է Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության հանգրվանը»:

Վլ. Կարապետյանը համաձայնեց մեր այն դիտարկմանը, թե՝ իրադարձությունների այսպիսի զարգացումը, ըստ էության, ձեռնտու է Թուրքիային, որի գերնպատակն էլ ոչ թե հայ-թուրքական սահմանի բացումն էր, այլ դրա անվան տակ ԼՂ հարցի կարգավորմանը խթանելն ու ներգրավվելը: «Իհարկե, շատ ձեռնտու է: Միջազգային հանրությունը այլեւս Թուրքիայի վրա ճնշում չի գործադրելու, որովհետեւ նա միշտ կկարողանա ասել, որ արձանագրությունները կասեցնելու որոշումն ընդունել է Հայաստանը, եւ հիմա միջազգային հանրությունը պետք է շահագրգիռ լինի գոնե Ղարաբաղի հարցը կարգավորել, ինչի ուղղությամբ, ի դեպ, գործընթացներն արդեն բավականին ակտիվ զարգանում են, եւ հայկական կողմից կոնկրետ զիջումներ են պատրաստվում: Այդ առումով Թուրքիան շատ կարեւոր լծակ է ստացել ԼՂ հարցի կարգավորման գործում ներգրավվելու համար: Հիմա բոլոր շեշտադրումները արվելու են ԼՂ հարցի լուծման վրա: Ցավն այն է, որ առանց հայ-թուրքական արձանագրությունների եւ հայկական կողմից Թուրքիային արված բազմաթիվ զիջումների էլ, եթե ԼՂ հարցը կարգավորվեր՝ Թուրքիայի հետ սահմանը բացվելու էր: Այսինքն՝ անիմաստ էին այն զիջումները, որոնք կային արձանագրություններում: Դրանք, ըստ էության, «ոչ մի բանի» դիմաց էին, բայց հիմա դրանք շարունակաբար օգտագործվել են Թուրքիայի կողմից: Հիմա թուրքական կողմը փորձում է նաեւ, ի դեմս ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուի, ներգրավվել ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում՝ արդեն վերակենդանացվող ենթահանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակվելու ճանապարհով, ինչը մեծ վտանգներ է պարունակում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց Կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել