Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. «ՄԻԿԱՆ» ՄԻԱՎՈՐՆԵՐ Է ԿԻՍՈՒՄ «ԿԻԼԻԿԻԱՅԻ» ՀԵՏ

Հունիս 08,2010 00:00

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 10-րդ տուրը, ինչպես եւ ակնկալվում էր, որոշակի հստակություն մտցրեց մրցաշարային աղյուսակում՝ թիմերի դասավորվածությունում: Կապանում հանդիպեցին «Շիրակն» ու «Գանձասարը»: Հաղթանակի դեպքում Գյումրեցիները կարող էին միավորներով հավասարվել կապանցիներին ու որոշակիորեն բարելավել մրցաշարային աղյուսակում իրենց դրությունը: Սակայն մինչ օրս Կապանում անցկացված ոչ մի խաղում «Շիրակին» չի հաջողվել հաղթանակի հասնել տանտերերի նկատմամբ: Այս մեկը եւս բացառություն չդարձավ: Շիրակցիները Կապանում 7-րդ անգամ պարտվեցին դաշտի տերերին (0:1): Նշենք, որ միայն 2 խաղում է գյումրեցիներին հաջողվել մեկական միավոր վաստակել Կապանում:
Տուրի կենտրոնական խաղում միմյանց հանդիպեցին 2-3-րդ հորիզոնականները 20-ական միավորով բաժանող «Ուլիսն» ու «Բանանցը»: Ստեւիցա Կուզմանոսկու սաները 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցին այս առաջնությունում՝ հերթական անգամ սեփական դարպասն անառիկ պահելով: Իսկ ահա առաջնությունում ամենից քիչ գնդակ բաց թողած «Ուլիսը» (9 խաղերում Սեւադա Արզումանյանի թիմն ընդունել էր ընդամենը 3 գնդակ, որոնցից 2-ը՝ «Բանանցի» հետ առաջին շրջանի հանդիպման ժամանակ) «հանձնվեց»: Հատկանշական է, որ այս առաջնությունում «Ուլիսի» բաց թողած 5 գնդակներից 4-ի հեղինակը հենց «Բանանցն» է: Սակայն, եթե նախորդ անգամ 2009-ի բրոնզե մեդալակիրներին հաջողվել էր խուսափել պարտությունից, խաղն ավարտելով ոչ-ոքի՝ 2:2, ապա այս անգամ հաջողությունն ակնհայտորեն երես էր թեքել «Ուլիսից»:
Իսկ ահա «Բանանցի» գործերը ավելի ու ավելի են կարգավորվում: Առաջնության մեկնարկային խաղում կրած խոշոր հաշվով ցավալի պարտությունից հետո Կուզմանոսկու թիմը հավաքեց ուժերը, ինչի արդյունքն էլ այսօր 2-րդ հորիզոնականն է մրցաշարային աղյուսակում, ինչպես նաեւ՝ ռմբարկուների ցուցակում փյունիկցի Գեւորգ Ղազարյանի ու «Բանանցի» բրազիլացի հարձակվող Դուբալայի երկիշխանությունը: Երկու հարձակվողները նախորդ 10 տուրերում 8-ական անգամ գրավել են մրցակիցների դարպասը: Հետաքրքիր է նաեւ, որ ռմբարկուների ներկայիս թոփ-10-ում տեղ են գտել «Փյունիկի», «Բանանցի», «Գանձասարի», «Ուլիսի» եւ «Շիրակի» ֆուտբոլիստներ, մինչդեռ՝ չեմպիոնական ամբիցիաներով «Միկայի» ներկայացուցիչ տասնյակում չկա: Դա միայն հերթական անգամ արտացոլում է փոխչեմպիոնի խաղում տեղի ունեցած կտրուկ անկումը: Վերջին 3 հանդիպումներում միկացիները գոլի հեղինակ չէին դարձել, ավելին՝ նրանց չէր հաջողվում նաեւ հաղթել: 10-րդ տուրում նույնպես, անգամ, երբ մրցակիցը 7 խաղ անընդմեջ միավոր չվաստակած «Կիլիկիան» էր: Սամվել Դարբինյանի թիմը «Հրազդան» մարզադաշտում հյուընկալելով «Միկային» ու խաղի ընթացքում պարտվելով 0:1 հաշվով՝ խաղավարտից 6 րոպե առաջ կարողացավ հավասարեցնել հաշիվն ու պահպանել իր համար ձեռնտու արդյունքը: Այժմ Արմեն Ադամյանի թիմը ամբողջ 9 միավորով ետ է առաջատարից ու եւս 3 միավոր զիջում է երրորդ հորիզոնականում հանգրվանած «Ուլիսին»:
«Միկայում» եւ Դիլիջանի «Իմպուլսում» գոլային երաշտ է: 10-րդ տուրում Վարուժան Սուքիասյանի թիմին կրկին չհաջողվեց գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Թիմը խոշոր՝ 0:3 հաշով պարտություն կրեց «Փյունիկից»: Սակայն դա չի խանգարում «Իմպուլսի» մարզիչ Վարուժան Սուքիասյանին՝ պարբերաբար նշել, որ իր թիմն ի վիճակի է պայքարել՝ եռյակում տեղ զբաղեցնելու համար: Զարմանալի է… Հայաստանի առաջնություն է՝ ամեն ինչ հնարավոր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել