Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆԱՌԱԿ» ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Սեպտեմբեր 02,2010 00:00

\"\"Ո՞վ կհաղթի «սառը» պատերազմում

Հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլի եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հայաստանյան այցի կապակցությամբ հիմնականում ծայրահեղ գնահատականներ են հնչեցվում:
Սարգսյանի քարոզչաթիմը տեղի ունեցածը ներկայացնում է վարդագույն, իսկ տերպետրոսյանական հարթակային ընդդիմության ներկայացուցիչներն ու նրանց սպասարկող ԶԼՄ-ները՝ սեւ գույներով, համեմված հակառուսական վայնասունով: Բնականաբար, երկու կողմերն էլ դա անում են առավելապես քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, քանի որ ժամանակը ցույց է տվել, թե ինչքան անսկզբունքային են իրենց կողմնորոշումներում եւ՛ Ս. Սարգսյանը, եւ՛ Լ. Տեր-Պետրոսյանը: Մի օր նրանք կարող են ծայրահեղ քիրվա լինել, մի օր՝ ծայրահեղ ՆԱՏՕ-ամետ, մեկ այլ օր էլ՝ ռուսահպատակ: Իսկ դրա պատճառն այն է, որ նշյալ երկու սուբյեկտներն էլ իրենց մտածողությամբ հայաստանակենտրոն չեն, ինչն էլ հանգեցնում է աշխարհաքաղաքական թափառաշրջիկության:

«Անառակ»
որդու վերադարձը

ՀՀ իշխանությունների այժմյան վարքագիծը ՌԴ-ի հետ հարաբերություններում խոսում է այն մասին, որ «ֆուտբոլային» դիվանագիտությունը ՀՀ-ին այնքան մեծ վտանգների առաջ է կանգնեցրել, որ իշխանությունները, խուճապի մատնված, պատրաստ են գերհավատարմության երդումներ տալ հյուսիսային գործընկերոջը, միայն թե ժամանակավորապես կարողանան շունչ քաշել ու մարսել թուրք-ադրբեջանական «կոկտեյլի» դառնությունը: Այսպիսով՝ Արեւմուտքի հետ Սերժ Սարգսյանի «սիրախաղի» փուլում արձանագրված ֆոնային հակառուսականությանը փոխարինելու է գալիս մոլի ռուսամետությունը: «Ֆուտբոլայինից» հիմա կտրուկ անցում է կատարվում դեպի «հակաֆուտբոլային» դիվանագիտություն: Ասել է թե, ականատեսն ենք լինում «Անառակ» որդու վերադարձը» արարի յուրօրինակ դրսեւորմանը:
Առիթից օգտվելով՝ ռուսները Սերժ Սարգսյանին «հուպ» տվեցին «տՏ տՏսվՏռ տՐՏչՐՈՎՎպ», ինչի համար պետք չէ մեղադրել նրանց: Եթե մեկը պատրաստ է տրվել, ապա վերցնող միշտ էլ կգտնվի: Այլ հարց է, որ իշխանությունների կոպիտ սխալի դիմաց վճարում է ժողովուրդը, եւ եթե այսպես շարունակվի, ապա կարելի է միայն ենթադրել, թե ուրիշ է՛լ ինչով պետք կլինի, թեկուզեւ հոգեբանական անվտանգության դիմաց, հատուցել հետագայում: Այդ հարցի պատասխանը գտնելը մեր պետության ապագայով մտահոգ մարդկանց խնդիրը պետք է լինի վաղը, իսկ այսօր ՀՀ իշխանություններին մնում է միայն Ռուսաստանի նախագահի պետական այցի կապակցությամբ թմբկահարել «նախաձեռնողականության» հերթական «ձեռքբերումը» եւ Սարգսյանի անձնական PR-ով զբաղվել՝ առավոտից երեկո պտտեցնելով Մեդվեդեւի հետ ունեցած նրա ձեռքսեղմումներն ու Արտաշես Գեղամյանի հետ կերած ճաշը:
Մեկ դիտարկում. իշխանական քարոզչամեքենան տարբեր քաղաքական իրավիճակում նույն պարզունակ եւ արեւելյան քծնանքային ոճով է կարողանում աշխատել: Մեդվեդեւի այցն ու հայ-ռուսական ռազմական համագործակցության նոր պայմանագրի ստորագրումն այս օրերին ներկայացվում է որպես «դարի գործարք», ճիշտ այնպես, ինչպես սրանից մեկ տարի առաջ «դարի գործարք» էր որակվում Թուրքիայի նախագահ Գյուլի Հայաստան գալն ու հայ-թուրքական զույգ արձանագրությունների գիշերային ծնունդը: Ի՞նչ արած, սարգսյանական իշխանության էությունն է այդպիսին: Այլ աշխատաոճ նրանք չունեն:

Հանգչող կրակի բոցկլտումները
Ակնհայտ է, որ հայ-ռուսական նոր համաձայնագրի ի հայտ գալն ուղղակի հետեւանք է «ֆուտբոլային» դիվանագիտության, եւ  այժմ դեմագոգիայով են զբաղված բոլոր այն ուժերը, որոնք գովերգում ու ողջունում էին Սարգսյանի «ֆուտբոլային» քայլերը, իսկ հիմա հիստերիայի մեջ են ընկել հայ-ռուսական համաձայնագրի փաստից, թե՝ հարա՛յ, հասե՛ք, ՀՀ անկախությունը վերացրեց Ռուսաստանը:
Լեւոն Տեր-Պետրոսյանի որդեգրած մարտավարությունը հայ-ռուսականի մասով հետեւյալն է. ՀԱԿ-ն այդպես էլ հստակ ու միասնական տեսակետ չհայտնեց ռուսական ռազմաբազաների ժամկետի երկարաձգման վերաբերյալ: ՀԱԿ առաջնորդը փորձեց արտաքուստ հաճոյանալ ռուսներին կամ առնվազն չեզոք դիրք ընդունել, բայց միեւնույն ժամանակ իր թիմակիցների բերանով հակառուսական իռացիոնալ վայնասուն բարձրացրեց:
Այն գնահատականները, որոնք հնչեցվում են տերպետրոսյանական ճամբարից, թե ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգմամբ ու ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացմամբ մենք անկախության կորուստ ունեցանք, թե մենք դրա պատճառով կշարունակենք հակաժողովրդավարական երկիր մնալ եւ այլն, իշխանական պրոպագանդայից ձեւով տարբերվող, բայց բովանդակությամբ նույն հակապետական մտածողության դրսեւորումներից է:
Հայաստանի անկախությանը նախեւառաջ հարվածում են մեր ներքի՛ն կյանքում առկա արատները՝ կլանաօլիգարխիկ համակարգը, իշխանական «բեսպրեդելը», կախյալ դատարանները, «էջմիածնական միաբանի» հոգեվիճակ ունեցող եւ «Եղազար Այնթապցուն» հլու-հնազանդ ծառայելուն պատրաստ հարթակային ընդդիմությունը, մարդու իրավունքների աղաղակող խախտումները, ընտրակեղծիքները, աշխատավորների չպաշտպանվածությունը, սեփականության  վերաբաշխումները եւ այլն:
Կեղծ հայրենասիրությամբ պետք չէ զբաղվել ու ասել, թե ռուսների ներկայությունը խոչընդոտում է ՀՀ զարգացմանը, ու որպեսզի մենք իրական անկախություն ունենանք, պետք է շուտափույթ եւ ամեն գնով կարգավորել (փաստացի՝ միակողմանի զիջել) Ղարաբաղի հարցը, որից հետո ռուսական զորքի ներկայության կարիքը չի լինի: Նման մտքեր հայտնողները ենթագիտակցորեն Հայաստանը տեսնում են թուրքական տարածագոտու մեջ, քանի որ այս պահին ու տեսանելի ապագայում Հայաստանի անվտանգության համակարգը ՀԱՊԿ-ի շրջանակներում է հնարավոր, եւ եթե հայտարարում ես՝ Ռուսաստա՛ն, հեռացի՛ր, ապա լավագույն դեպքում մազոխիզմով ես տառապում: Այլ հարց է, թե արդյոք կկարողանա՞նք օգտագործել անվտանգության որոշակի համակարգ ունենալն ու փխրուն խաղաղության պահը եւ կայանալ որպես երկիր: Եթե ոչ, ապա ռուսական բանակը մեզ չի փրկի եւ մեր անվտանգությունը չի ապահովի: Առավելեւս մեզ չի փրկի ինքնամոռաց քիրվայության գաղափարախոսությունը:
Տերպետրոսյանականների մտածողության ալգորիթմը՝ Հայաստանում ռուսական բանակի գտնվելու եւ Հայաստանի ապագայի հետ կապված, հետեւյալն է՝ ռուսական ներկայությունը ՀՀ-ին թույլ չի տալիս զարգանալ: Ռուսներն այստեղ են գտնվում՝ օգտվելով ղարաբաղյան չկարգավորված հակամարտության փաստից: Հետեւաբար, եթե ուզում ենք լավ ապրել, ապա պետք է շուտափույթ գնալ Ղարաբաղի հարցի լուծման (անգամ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու տարբերակով), որից հետո արդեն ռուսական ռազմաբազաների կարիքն այլեւս չի լինի, եւ մենք հնարավորություն կստանանք զարգացման ուղի դուրս գալու՝ օգտվելով թուրք-ադրբեջանական բաց սահմաններից: Առավել չհիմնավորված եւ անտրամաբանական մոտեցում դժվար է պատկերացնել:
ՀՀ անվտանգության հիմնական սպառնալիքն ու անկախության հնարավոր կորստի պատճառը, ըստ այդմ, ոչ թե ռուսական ռազմաբազաների առկայությունն է լինելու, թուրքական ճնշումները կամ Ադրբեջանի կողմից ղարաբաղյան պատերազմի վերսկսման հավանականությունը, այլ ՀՀ-ում առկա տնտեսաքաղաքական համակարգը, այն ղեկավարող խումբը, միապետական սահմանադրության առկայությունը եւ դրանով պայմանավորված՝ հոռի բարքերը, որոնք պետք է փոխել եւ ա՛յդ դեպքում միայն կունենանք անվտանգության 100 տոկոսանոց երաշխիքներ: 

Հայաստան – 2046
Այժմ բուն փաստաթղթի մասին: Ստորագրված հայ-ռուսական ռազմական համաձայնագիրը ոչ մի էական բան, մեծ հաշվով, չի փոխել մեր անվտանգության համակարգում, ինչպես որ փորձում են ներկայացնել սարգսյանական սազանդարները: Դրանից մեր անվտանգությունը ո՛չ ավելացել, ո՛չ էլ պակասել է: Համաձայնագիրը մեկ բան է, իրական կյանքը՝ մեկ այլ: Համաձայնագրի ու դրա շուրջ ստեղծված աժիոտաժն ընդամենը բացահայտեց, որ ՀՀ իշխանությունների վախը թուրքերը «բռնել» են եւ սարգսյանականները կարիք ունենին ինքնահանգստացման. վախի աչքերը մեծ են լինում:
Իրականությանը չեն համապատասխանում իշխանությունների քայլերը գովերգող հաստիքային «վերլուծաբանների» եւ «քաղաքական գործիչների» այն պնդումները, թե եթե Ղարաբաղի վրա Ադրբեջանի կողմից հարձակում լինի, ապա ռուսները մեր օգտին կմիջամտեն ու մեր անվտանգությունը կապահովեն՝ վերջերս ստորագրված համաձայնագրի շրջանակներում: Սո՛ւտ է: Այդպիսի բան չի նախատեսված հայ-ռուսական ռազմական համագործակցության փաստաթղթով, ու կոպիտ սխալ է նման քարոզ տանելը: Ստացվում է, որ Ադրբեջանն իրոք Հայաստանին կարող է հաղթել պատերազմով, բայց քանի որ ռուսները չեն թողնի, ուստի կարելի է հանգիստ լինել:
Միտումնավոր են անում, թե ոչ, բայց նմանատիպ էժանագին ու սուտ քարոզչությամբ իշխանությունները Հայաստանը դասում են Հարավային Օսիայի մակարդակի երկրների շարքը, եւ զրոյին հավասարեցնում մեր զինված ուժերի արժանիքները: Դա թերարժեքության քարոզ է, եւ իշխանություններն իրենց հոգեվիճակն ակամայից փոխանցում են ողջ հասարակությանը: Առավել հակապետական քայլ դժվար էր պատկերացնել, սակայն մեր «ազատ, բայց պատասխանատու» հեռուստաընկերությունները հայ-ռուսական համագործակցության ներկա ընթացքն այդպիսի՛ լույսի ներքո ներկայացնելու հրահանգ էին ստացել Բաղրամյան 26-ից: «Ազատ, բայց պատասխանատուներն» այդ հրահանգը կատարեցին ճիշտ այնպես, ինչպես Գյուլ «խաղացնելու» փուլում «հիմնավորում» էին, թե մինչեւ Թուրքիայի հետ սահմանը չբացվի, լավ չենք ապրի:

Ռեալպոլիտիկ
Ի՞նչ ստացանք մենք ՌԴ-ի հետ նոր համաձայնագիր կնքելով: Ըստ էության՝ ոչ մի նոր բան:
Արդյոք կարո՞ղ է ՀՀ-ն ՀԱՊԿ-ի շրջանակներում եւ ՌԴ-ի հետ վերանայված պայմանագրով ապահովել իր անվտանգությունը: Պատասխանը միանշանակ չէ. եւ՛ այո, եւ՛ ոչ: Անվտանգության ապահովումը կախված է այն հարցից, թե ինչպիսի՞ զարգացումներ կլինեն ՀՀ-ի ներսում, այլ ոչ թե կնքված համաձայնագրերի քանակից ու դրանց գործողության ժամկետից:
Համաձայնագիրը թուղթ է, որը միս ու արյուն կստանա, եթե ՀՀ-ն տարածաշրջանում դառնա գործոն, այլ ոչ թե մուրացկան, ինչպես որ Սերժ Սարգսյանն է պատկերացնում արտաքին քաղաքականությունը: Այդ ամենից ելնելով էլ պետք է շատ սառը գնահատել իրավիճակը:
Հայաստանի նկատմամբ Թուրքիայի հնարավոր ագրեսիայի դեպքում համաձայն կլինեմ այն տեսակետի հետ, որ ՌԴ-ն դա թույլ չի տա, ինչպես որ թույլ չտվեց 1993թ., երբ ի պատասխան Քելբաջարի ազատագրման մերոնց գործողության՝ թուրքական բանակը մոտենում էր ՀՀ սահմաններին ու սպառնում հարձակմամբ: Չնայած՝ ի վերջո, էլի մենք պետք է մեր տունը պահենք: Ասել է թե, թուրքական ներխուժումից ՀՀ-ն ինչ-որ առումով ապահովագրված է ռուսական բանակի գործոնով: Վերջինս իր երկրի շահերից ելնելով՝ թույլ չի տա Թուրքիայի մուտքը տարածաշրջան, բայց դա չի նշանակում, որ նույն կողմնակալ մոտեցումը ռուսների կողմից կլինի Հայաստանի կամ ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի հնարավոր ռազմագործողության պարագայում: Ուստի մենք պետք է հստակ գիտակցենք, որ ՀՀ անվտանգության միակ երաշխավորը հայ-ադրբեջանական առճակատման դեպքում ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերը պետք է լինեն, իսկ անվտանգության այս կամ այն համակարգի մեջ ընդգրկվելն ընդամենը լրացուցիչ տարր է ավելացնում մեր անվտանգության համակարգին:
Պետք չէ պատրանքներ ունենալ եւ կարծել, թե ՌԴ-ն Ադրբեջանի հետ կսրի իր հարաբերություններն ու անվերապահորեն կաջակցի մեզ, եթե վերսկսվեն լայնամասշտաբ պատերազմական գործողությունները Ղարաբաղում կամ ՌԴ-ն մեր կողմից կլինի ԼՂՀ անկախության ճանաչման հարցում: Այդպես չի եղել ո՛չ 90-ականներին, ո՛չ էլ հետագայում կլինի: Զենքի մատակարարում երկու կողմերին էլ կլինեն, բայց միամտություն է ՌԴ-ից որեւէ մեկի օգտին ուղղակի միջամտություն ակնկալելը եւ պետք էլ չէ: ՌԴ-ն կլինի նրա կողմը՝ ով ուժեղ է, վե՛րջ:
Հարկավոր է շատ պարզ բան գիտակցել, որ Ռուսաստանն առաջնորդվում է բացառապես իր շահերով, եւ այդ շահերի շրջանակի մեջ է նաեւ Ադրբեջանը, որին, ամենայն հավանականությամբ, ռուսները կվաճառեն C-300 համակարգը, ու որպես դրա փոխհատուցում մեզ հետ կնքեցին 49-ամյա ռազմական համաձայնագիր: Այսինքն՝ Ռուսաստանը յուրօրինակ կոմպլեմենտարիզմ է կիրառում մեր ու ադրբեջանցիների հետ հարաբերություններում եւ որոշակի հավասարակշռություն է պահում:
Օրերս սպասվող այցի ընթացքում, չեմ կասկածում, Մեդվեդեւն Ադրբեջանում կհայտարարի, թե հայ-ռուսական համաձայնագիրն ուղղված չէ Ադրբեջանի դեմ, եւ իրենք ճանաչում են մեր հարեւանի տարածքային ամբողջականությունը ոչ այն քարտեզով, որով մեզ հաճելի կլիներ: Բայց դրանից պետք չէ հուսահատության գիրկն ընկնել եւ դառնալ իռացիոնալ ռուսատյաց, ինչպես որ չարժե ռուսամոլ քծնանք ցուցաբերել: Դրանք ծայրահեղ մոտեցումներ են:
Անկախ գերտերությունների հայտարարություններից՝ հայ-ադրբեջանական հակամարտության հանգուցալուծումը կլինի նրա՛ օգտին, ով իր երկրի ներսում կկարողանա ավելի մրցունակ համակարգ ստեղծել: Ով հաղթի այդ «սառը» պատերազմում, նրա հետ էլ հաշվի կնստեն եւ՛ ռուսները, եւ՛ թուրքերը, եւ՛ ամերիկացիները, եւ՛ մյուսները:
Ոչ մեկը մեր փոխարեն մեր երկիրը չի շենացնելու եւ մեր փոխարեն չի կռվելու: Դա մեկընդմիշտ պետք է ականջներիս օղ անենք եւ դրսի երրորդ ուժերին չապավինենք: Դաշնակցել, համագործակցել կարելի է, բայց ապավինել՝ երբեք:
Պատերազմից ու մարդկային կորուստներից խոսափելու լավագույն ուղին, հետեւաբար, արդիական պետություն ստեղծելն է եւ ղարաբաղյան «ստատուս քվոն» որպես ժամանակային «քարտ-բլանշ» օգտագործելը: Ուստի՝ «ստատուս քվոն» չի կարելի ներկայացնել որպես մեր անկախությանը սպառնացող եւ պետության զարգացումը կասեցնող հանգամանք: Ընդհակառակը, «ստատուս քվոն» մի միջանկյալ վիճակ է, որի ընթացքում եթե կարողանանք ազգային առաջընթաց ապահովել, ապա այդ միջանկյալ վիճակը կդառնա զարգացման խթան, եւ «դե ֆակտոն» «դե յուրե» դարձնելու հնարավորությունն անհամեմատ կմեծանա: Սա՛ է, որ Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները չեն կարողանում ընկալել, քանի որ հոռետես են իրենց բնույթով եւ, հետեւաբար, չեն կարող հասարակությանն առաջնորդող ընդդիմություն լինել, քանի որ վաղվա Նոր Հայաստանը լավատեսների եւ պրագմատիկների միջոցով է միայն հնարավոր կառուցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել