Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻԴԵԼԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է, ՈՐ «ԳԵՅԵՐԻՆ» ՀԵՏԱՊՆԴԵԼՆ ԱՆԱՐԴԱՐ ԷՐ

Սեպտեմբեր 02,2010 00:00

Ֆիդել Կաստրոն ստանձնել է 1959թ. հեղափոխությունից հետո Կուբայում հոմոսեքսուալիստներին հետապնդումների ենթարկելու պատասխանատվությունը:  ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, «կոմանդանտեն» հայտարարել է, թե կարիբյան այդ երկրում ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցողների նկատմամբ ճնշումը «մեծ անարդարություն» է եղել: Կաստրոն շեշտել է, թե ինքը «բավարար ուշադրություն» չի դարձրել այդ խնդրին, որովհետեւ զբաղված է եղել հիմնականում Կարիբյան ճգնաժամի, պատերազմի եւ քաղաքական հարցերով: «Եթե որեւէ մեկը մեղավոր է, ապա դա ես եմ: Ես չեմ պատրաստվում պատասխանատվությունն ուրիշների վրա բարդել»,- հայտարարել է 84-ամյա Ֆիդելը՝ մեքսիկական La Jornada թերթին տված հարցազրույցում, որը երկու մասով հրապարակվել է երեքշաբթի եւ չորեքշաբթի օրերին: Նա նաեւ հայտարարել է, թե որեւէ նախապաշարմունք չունի արվամոլների նկատմամբ:
Հետհեղափոխական առաջին տարիներին կուբացի արվամոլներին ուղարկում էին աշխատանքային ճամբարներ՝ բուժման եւ վերադաստիարակության: Բացի այդ, Կուբայում երկար ժամանակ հոմոսեքսուալ հարաբերությունները քրեորեն դատապարտելի արարք էին համարվում: Կուբայի ներկայիս առաջնորդ Ռաուլ Կաստրոյի դուստրը՝ Մարիելան, որը Սեռական դաստիարակության ազգային կենտրոնի ղեկավարն է, Ազատության կղզում սեռական փոքրամասնությունների իրավունքների հետեւողական պաշտպանն է: Հենց նրա շնորհիվ է, որ 2008թ.-ին երկրի իշխանությունները գնացել են աննախադեպ քայլի՝ պաշտոնապես թույլատրելով սեռը փոխող վիրահատությունները, որոնք, ի դեպ, կատարվում են անվճար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել