Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերի ֆոբիաները շատ են ու տարբեր

Սեպտեմբեր 11,2010 00:00

Երիտասարդների մեջ առկա է բանակի հանդեպ վախը

\"\"

Երեկ «Արմատ» ակումբում հոգեբան Ռուբեն Պողոսյանն ու սոցիալական աշխատանքի մասնագետ, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Աննա Ոսկանյանը խոսեցին հայերին բնորոշ ֆոբիաների մասին:
Ըստ հոգեբանի, հայերին բնորոշ են հատկապես հիվանդությունների նկատմամբ ֆոբիաները. «Հաճախ ասում են՝ գուցե ես կանցերոֆոբիա՞ ունեմ՝ քաղցկեղ, սրտանոթային հիվանդություն: Բացի այդ, հասարակության մեջ տարածված է վախը փակ տարածություններից, բարձրությունից, բժշկական կաբինետներից, կենդանիներից՝ միջատներից, օձերից, թռչուններից, շներից: Սրանք հասարակ ֆոբիաներն են: Իսկ ֆոբիաների մյուս տեսակին՝ սոցիալականների թվին են դասվում ուրիշների ներկայությամբ խոսելու, ուտելու վախը: Ամենաշատ հանդիպող ֆոբիայի տեսակներն են կլաուստրաֆոբիան ու ագորաֆոբիան: Սրանք ամենաշատն են ազդում մարդու աշխատունակության վրա: Ագորաֆոբիան ի հայտ է գալիս բաց տարածքներից վախի դեպքում, իսկ կլաուստրաֆոբիան՝ փակ տարածքում գտնվելու վախի դեպքում՝ վերելակ, ինքնաթիռ, թունել եւ այլն»:
Ըստ Ռ. Պողոսյանի, ֆոբիաների առաջացման պատճառներից մեկը հայկական հեռուստաալիքների «բայղուշությունն» է՝ «շատ են խոսում, պատմում ֆոբիաների մասին, որ իբր թե դրանով կարողանում են պատնեշել ինչ-ինչ երեւույթների նկատմամբ վախերը, բայց հակառակն են անում, իրենց ներկայացրածով վախ են սերմանում»:
Բանախոսները, սակայն, բոլոր այս ֆոբիաներից առանձնացրին հայ երիտասարդ տղաների՝ բանակի հանդեպ վախը:
Ռ. Պողոսյանի կարծիքով, սա հիմնականում առաջանում է բանակ գնալուց առաջ. «Այսօր հայ երիտասարդները հայրենասիրական ցանկություններից ելնելով չէ, որ գնում են բանակ: Դա կարծես պարտադրանք է դարձել, կա տպավորություն, որ այնտեղ պետք է պարտադիր հիվանդանաս, վախ կա ծառայության հանդեպ…»: Հոգեբանի կարծիքով՝ բանակում պետք է ստեղծել բարոյահոգեբանական մթնոլորտ, որպեսզի մարդ իրեն պաշտպանված զգա, ինչն այսօր տեսանելի չէ. «Բանակաշինության մեջ ամենակարեւորն այն է, թե ինչ մթնոլորտ ենք այնտեղ ստեղծում, որպեսզի սեւեռուն եւ չպատճառաբանված վախերը գլուխ չբարձրացնեն եւ հոգեկան հիվանդության բույն չդառնան: Այսօր բանակից զորացրվում են հիվանդ անձինք՝ վախերով տոգորված: Ինչո՞ւ չէ, դա կարող է պատճառաբանված լինել. ծեծի եւ ջարդի ենթարկվածներ շատ կան: Եկեք խոսենք դրա մասին շատ ուղղակի ձեւով, որովհետեւ այսօր ենք մենք մեր բանակը շինում: Ցավով եմ նշում, բայց այսօր զինակոչիկները հեշտությամբ, հոգեպես պատրաստ եւ որպես հայրենասեր քաղաքացի չեն գնում բանակ»:
Սոցիալական աշխատանքի մասնագետ Աննա Ոսկանյանի խոսքով՝ Հայաստանում բարձրորակ սոցիալական մասնագետներ կան, որոնք կարող են բանակում աշխատել, սակայն բանակն այսօր փակ է. «Պետությունը պետք է պատրաստ լինի ազատ պետություն դառնալ, որպեսզի բանակի հարցերն էլ քննարկվեն» :
Բանակաշինությունը, ըստ Ռ. Պողոսյանի, բարդ սոցիալական ինստիտուտ է եւ բարդ մեխանիզմ: Անդրադառնալով վերջին շրջանում զորամասերում գրանցված դեպքերին՝ սպանություններին, ինքնասպանություններին՝ մասնագետը հարցադրում արեց. «Մի՞թե իշխանությունները չեն հասկանում, որ այստեղ եւ հոգեբանական, եւ հոգեբուժական աշխատանքներ պետք է տանել: Ուսումնասիրել եւ պարզե՞լ են՝ ինչու է դա տեղի ունենում: Երբ ինքնաթիռ է ընկնում, հոգեբաններ են ներգրավվում, իսկ բանակում տեղի ունեցած դժբախտությունների ժամանակ՝ ոչ: Այնինչ, սա շատ ավելի բարդ եւ կարեւոր կառույց է: Ես կուզենայի, որ իշխանությունները գնահատեն եւ արժեւորեն այն գիտությունը, այն սոցիալական արժեքները, որոնք արդեն մշակույթ են Եվրոպայում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել