Լրահոս
Օրվա լրահոսը

Օրինապահություն եւ շանտաժ

Հոկտեմբեր 13,2010 00:00

Ըստ թիվ 68 դպրոցի տնօրեն Սուսաննա Ազիզյանի

«Առավոտի» հոկտեմբերի 10-ի համարում տպագրված «Դպրոց են ընդունում 6 տարեկանը չլրացած» հոդվածում տեղեկացրել էինք, որ ՀՀ հանրակրթական դպրոցներում սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 7-ը ԿԳՆ կրթության պետական տեսչությունը համալիր ստուգումներ է իրականացնում, պարզելու՝ արդյո՞ք տնօրենները առաջին դասարանցիների ընդունելությունն իրականացրել են օրենքին համապատասխան: Փաստել էինք, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված է հետեւյալը. «Ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունն արգելվում է»: Կրթության պետական տեսչության պետի տեղակալ Ռաիսա Գալստյանը չէր թաքցրել, որ շատ տնօրեններ չափն անցել են, բայց բարձրաձայնել էր միայն Արմավիրի մարզի «մասով»:

Հրապարակումից հետո «Առավոտը» տեղեկություններ ստացավ, որ 6 տարին չլրացած երեխաներ կան նաեւ Երեւանի թիվ 68 դպրոցում: Մեր աղբյուրը հայտնեց, որ խոսքը մասնավորապես վերաբերում է դպրոցի կազմակերպչին. նրա տղան ու աղջիկը սովորում են նույն դասարանում, սակայն տղան մեկ տարով փոքր է աղջկանից ու դպրոց է ընդունվել 6 տարին չլրացած: Կապվեցինք թիվ 68 դպրոցի տնօրեն Սուսաննա Ազիզյանի հետ: Նա ասաց, որ իրենց դպրոցում չկան այնպիսի երեխաներ, որոնց ընդունել են 6 տարին չլրացած, մանավանդ՝ տարիներ շարունակ տարբեր ատյաններ դպրոցներում ստուգումներ են իրականացնում եւ, տնօրենի խոսքով, դժվար չէ նման օրինազանցությունները բացահայտելը: «Մենք շատ օրինապահ ենք, աշակերտ-թվի խնդիր չունենք: Սեպտեմբերի 4-ի տվյալներով՝ 493 աշակերտ ունի դպրոցը, ամեն ինչ նորմալ է»,- ասաց Ս. Ազիզյանը: Նա հավելեց, որ ուղիղ մեկ շաբաթ առաջ իրենց դպրոցում էին կրթության տեսչության աշխատակիցները, որոնք բոլոր դպրոցներն են ստուգում, ուսումնասիրելով ոչ միայն աշակերտների ծննդյան վկայականների օրիգինալները, այլեւ հարցումներ անում բոլոր պոլիկլինիկաներում եւ մնացած հաստատություններում: Ինչ վերաբերում է իրենց դպրոցի կազմակերպչի երեխաների մասին լուրին, տնօրենը շանտաժ որակեց, ասելով, որ իսկապես նրանք սովորում են իրենց դպրոցի երրորդ դասարանում: Տիկին Ազիզյանը, սակայն, այդպես էլ չհստակեցրեց, երեխաները զո՞ւյգ են, թե՞ տղան իսկապես մեկ տարով փոքր է աղջկանից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել